HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այշատ Բայմուրադովայի սպանության վարկածը հաստատվեց

Այսօր «Հետքի» հետ զրույցում Քննչական կոմիտեից հաստատեցին ակտիվ շրջանարվող վարկածը, որ Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովան սպանվել է։

Մինչ այս պահը ՀՀ իրավապահ մարմինները չէին տվել սպանության փաստը հաստատող պաշտոնական տեղեկություն։

«Նախաքննության ընթացքում նշանակվել են մատնադրոշմային, դատաքիմիական, արտաբժշկական և գենետիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- հայտնել են Քննչական կոմիտեից: 

Փորձաքննության արդյունքները պիտի պատասխան տան այն հարցին, թե կոնկրետ ինչպես է սպանվել Այշատ Բայմուրադովան։

Տարբեր ռուսալեզու թերթեր, հղում անելով ռուսաստանցի իրավապաշտպաններին, հայտնել են, թե կնոջը խեղդամահ են արել։ 

Հոկտեմբերի 15-ն Այշատի ընկերներն ահազանգել էին, որ նրա հետ կապը կորել է։ Ըստ ընկերների՝ երիտասարդ կինը դուրս էր եկել հանդիպելու Instagram-ով ծանոթացած ընկերուհու հետ ու անհետացել։ Հետո պարզվել էր, որ այդ ըկերուհու հետևորդների մեջ կան Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շրջապատից անձինք։ 

Հոկտեմբերի 20-ին Այշատ Բայմուրադովայի դիակը հայտնաբերվել էր Երևանում, Դեմիրճյան փողոցի վարձով բնակարաններից մեկում։

Օրերս «SOS Հյուսիսային Կովկաս ճգնաժամային կենտրոնը» որոշ մանրամասներ էր հրապարակել Այշատի ինստագրամյան ընկերուհու մասին։ Ըստ հրապարակման՝ նրա անունը Կարինա Իմինովա է, ապրում է Մոսկվայում։ Իմինովան շփվում էր Չեչնիայից այլ կանանց հետ և հրավիրում հանդիպումների։ Այշատի սպանության հանրայնացումից հետո Կարինան ջնջել է իր հաշիվը WhatsApp-ում և փակել է իր սոցիալական ցանցերը։ Կա վարկած, թե Կարինան իր դերն է խաղացել այս սպանությունը կազմակերպելու մեջ։

«Հետք»-ի հետ զրույցում ռուսաստանցի իրավապաշտպան Լիդիյա Միխալչենկոն հայտնել էր, որ Այշատը ակտիվ էր սոցիալական ցանցերում, քննադատում էր Չեչնիայում ընտանեկան բռնությունը և հայրիշխանական բարքերը, ինչի պատճառով պարբերաբար համացանցով սպառնալիքներ էր ստանում։

Միխալչենկոն նաև պնդել էր, թե Այշատին խեղդամահ են արել, իբրև փողոցային տեսախցիկները ֆիքսել էին Այշատի սպանության հետ կապ ունեցող անձանց, և որ նրանք արդեն լքել են Հայաստանը։ Նշենք, որ սա չհաստատված տեղեկություն է։

«Վաժնիյե իստորիի» թերթը հայտնել էր, որ Այշատի ազգականների մեջ կան Չեչնիայի ուժային կառույցների ներկայացուցիչներ և Կադիրովի հեռավոր բարեկամներ։

Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպան Մանսուր Սոլտաևը տելեգրամի իր ալիքում Այշատի մահը վերագրել էր Հյուսիսային Կովկասում կանանց օժանդակող ճգնաժամային կենտրոններին՝ պնդելով, թե դա արվել է «Չեչնիայի Հանրապետությունը վարկաբեկելու համար»։ Սոլտաևի կարծիքով՝՝ նման կազմակերպությունների նպատակն է Չեչնիայում մասսայական ընտանեկան բռնության մասին պատրանք ստեղծելը։

Ռուսաստանում ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցուցաբերող ճգնաժամային կենտրոնների ճնշող մեծամասնության գործունեությունը ապօրինի է, դրանցից շատերին տրվել է օտարերկրյա գործակալների կարգավիճակ։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի դեսպանության դիմաց մարդիկ էին հավաքվել սպանված Այշատին հարգանքի տուրք մատուցելու համար։

Ինչպես հայաստանցի, այդպես էլ ռուսաստանցի մի շարք իրավապաշտպաններ պնդում են, թե սա պատվո սպանության դեպք է, և կոչ են արել ՀՀ իրավապահ մարմիններին պատշաճ քննել այն։

Նշենք, որ Այշատ Բայմուրադովային հարկադիր ամուսնացրել են, նա պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, ուներ մանկահասակ երեխա։ Այշատը Ճգնաժամային կենտրոնի օգնությամբ փախել էր Չեչնիայից և ապաստանել էր Երևանում, քանի որ չուներ նույնիսկ արտասահմանյան անձնագիր, իսկ Հայաստան կարելի է մուտք գործել ՌԴ ներքին անձնագրով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter