Վաղարշապատում ընտրական հանձնաժողովների անդամները քարոզչություն են իրականացնում
Վաղարշապատ համայնքում 2025թ․ նոյեմբերի 16-ին անցկացվելու են ավագանու ընտրություններ։ Հոկտեմբերի 22-ին ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովները, նույն օրն էլ մեկնարկել է նախընտրական քարոզարաշավը, որն ընթանում է կոպիտ խախտումներով։ Լրատվամիջոցներն ու դիտորդական կազմակերպություններն արդեն անձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, անթույլատրելի վայրերում քարոզչական պաստառների փակցման դեպքեր։ Սակայն, դրանով ցանկը չի սպառվում։ «Հետքը» պարզել է, որ ընտրական հանձնաժողովների անդամները զբաղվում են քարոզչությամբ, ինչն օրենքով արգելվում է։
Ընտրական օրենսգիրքը կարգավորումներ ունի վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի և նախընտրական քարոզչության սահմանափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ հստակ սահմանված է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։ Բացի այդ, օրենքով նախատեսված է, որ ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին։
Մինչդեռ «Հետք»-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների կուսակցական անդամները զբաղված են իրենց ներկայացրած կուսակցության քարոզչությամբ։ Հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջերում ակտիվ տարածում են կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարի քարոզչական նկարները, հայտարարություններն ու քարոզչությանը վերաբերող այլ նյութեր։
Նման քարոզչությամբ աչքի են ընկնում ոչ միայն իշխող կուսակցության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամները, այլև ընդդիմության։ Սակայն, ավելի հաճախ նկատել ենք իշխանական թեկնածուի օգտին տարվող քարոզչության դեպքեր։
Օրինակ՝ Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն է՝ նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Նա ոչ միայն իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմամբ հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արգիշտի Մեխակյանի լուսանկարով քարոզչական նյութ, այլև այն ամրացրել իր սոցիալական էջում, որպեսզի առաջինը դա երևա։
Անուշ Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն օրվանից, երբ իմացել է, որ հանձնաժողովի նախագահ է՝ քարոզչական նյութ չի տարածում։ Մեր հարցին, որ իր էջ մտնողն առաջինը քարոզչական նյութն է տեսնում, քանի որ այն դրված է որպես գլխավոր լուր, Անուշ Համբարձումյանը պատասխանեց․ «Եթե ինչ-որ խնդիր կա, այդ ամրացվածը կհանեմ, խնդիր չէ։ Ուղղակի իմ էջը պետական էջ չի, բայց հաշվի առնելով, որ ինձ ընդգրկել են հանձնաժողովի մեջ, հաշվի առնելով օրենքի տառը պահել եմ և դրանից հետո չեմ տարածել, իմ էջերում պասիվություն եմ դրսևորում»։
Թիվ 14/44 տեղամասային հանձնաժողովի քարտուղար Էդիտա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ևս ակտիվ քարոզչություն է իրականացնում՝ տարածելով Արգիշտի Մեխակյանի լուսանկարով քարոզչական նյութեր։ Պարզաբանում ստանալու նպատակով նույն սոցիալական հարթակով գրեցինք Է․ Գրիգորյանին։ Նա հետևյալ պատասխանը տվեց․ «իմ անձնական էջով կարող եմ կիսվել այն ամենով, ինչ ինքս եմ ցանկանում, օրենքն ինձ չի արգելում վարել անձնական էջս, այսուհետ ինձ այլևս չանհանգստացնեք»։
Այս զրույցի ընթացքում Էդիտա Գրիգորյանն իր էջից ջնջեց քարոզչական նյութերը։ Նշենք, որ նա Խոյի համայնքապետարանի աշխատակից է։
Սոցիալական ցանցով քարոզչություն է իրականացնում նաև թիվ 14/47 տեղամասային հանձնաժողովի անդամ Ակներ Դավթյանը։ Նա հանձնաժողովում նշանակվել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով։ Ակներ Դավթյանը տարածում է «Հայրենիք» կուսակցության թեկնածուի քարոզչական նյութերը։ Ա․ Դավթյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց։
Հանձնաժողովի այլ անդամներ ևս սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացնում։ Հավանաբար իրենց գործընկերներից իմանալով, որ ուսումնասիրում ենք նրանց էջերը, հերթով ջնջում կամ մեզ համար անհասանելի են դարձնում այդ հրապարակումները։
Համայնքապետարանի աշխատակիցները՝ հանձնաժողովների անդամներ
Վաղարշապատ համայնքում 2025թ․ նոյեմբերի 16-ին սպասվող ավագանու ընտրության քվեարկությունը կազմակերպելու նպատակով ձևավորվել է 47 տեղամասային ընտրական հանձնաժողով։ Վերջիններիս կազմում ընդգրկված են Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից առաջադրված անձինք՝ յուրաքանչյուրի դեպքում 2-ական ներկայացուցիչ։
Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղամասային հանձնաժողովներում ունի 94 ներկայացուցիչ։ Բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզել ենք, որ հանձնաժողովներում կուսակցության 94 անդամների մոտ կեսը՝ 45 անձ, Խոյ և Վաղարշապատ համայնքապետարանների աշխատակիցներ են։ Օրինակ՝ հանձնաժողովներում են Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականը, բաժնի պետերը, Վաղարշապատի համայնքապետարանի մասնագետներ, բաժնի պետեր և այլն։ Չի բացառվում, որ այդ աշխատակիցների թիվն իրականում ավելին է, քան ներկայացվածը, քանի որ համայնքապետարաններին ենթակա աշխատողների ցանկն ամբողջությամբ հրապարակված չէ։
Ընտրական օրենսգրքով չի արգելվում համայնքապետարանի աշխատակիցներին դառնալ տեղամասային հանձնաժողովների անդամներ։ Սակայն, այս դեպքում իրավիճակն այլ է։ Թե՛ Վաղարշապատ, թե՛ Խոյ համայնքի ղեկավարներն ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում և թեկնածուներ են։ Նրանց ենթակայության ներքո աշխատող անձինք, ովքեր ընդգրկված են հանձնաժողովներում, ենթադրվում է, որ չեն ցուցաբերի չեզոքություն։
Այս կասկածն ավելի է հիմնավորվում, երբ հանձնաժողովի անդամները զբաղվում են քարոզչությամբ, թեև օրենքն արգելում է։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի և «Ականատես» դիտորդական խմբի համակարգող Մարիամ Հովեյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պարբերաբար քննարկում են այս հարցը, բայց ո՛չ իրենք են համոզված, ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ որևէ այլընտրանքային մոդել կարող է փոխարինել հանձնաժողովների ձևավորման գործող մոդելին։ Սակայն, ռիսկեր իրենք էլ են տեսնում։
Մարիամ Հովեյանն ասաց, որ կուսակցություններն առաջին հերթին պետք է ներգրավեն ոչ համայնքային աշխատողներին, բայց նախընտրել են օգտվել համայնքային ռեսուրսից, որոնք ունեն անմիջական կախվածություն։ Մ․ Հովեյանի խոսքերով՝ դա դեռ չի նշանակում, որ իրենք այդ ազդեցությունը կչարաշահեն, բայց ռիսկերն արդեն կան։
«Այս դեպքում ռիսկն ավելի մեծ է։ Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցություններն էլ ունեն հնարավորություն ներկայացնել հանձնաժողովների անդամներ։ Ենթադրվում է, որ նրանք պետք է կուսակցական խողովակների միջոցով համալրեն այդ տեղերը, բայց դրա փոխարեն նախընտրում են համայնքապատկան կառույցների աշխատակիցներին համախմբել և նշանակել հանձնաժողովներում, այստեղ արդեն ռիսկեր ենք տեսնում, որ կախվածությունը կարող է չարաշահվել»,- ասում է Մ․ Հովեյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը, անդրադառնալով հարցին, որ հանձնաժողովների անդամները զբաղվում են քարոզչությամբ, նշեց, որ պետք է պարզել փաստական հանգամանքները՝ ինչպես է տեղի ունեցել ենթադրյալ իրավախախտման դեպքը։
«Տվյալ գործի օբյեկտիվ քննության արդյունքում ԿԸՀ-ն կիրականացնի Ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ»,- ասում է Ս․ Ղուկասյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել