Գևորգ Պապոյանը մասնակցել է Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումի բացմանը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 24-ին Երևանում մասնակցել է Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումի (World Tourism Communication Forum) բացման արարողությանը։ Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը։
«Մեզ համար զբոսաշրջությունը միայն տնտեսության ճյուղ չէ, այն նաև միջմշակութային երկխոսության, խաղաղության և փոխըմբռնման հարթակ է։ Մենք հավատում ենք, որ արդյունավետ հաղորդակցությունը, ճիշտ բրենդավորումը, մեդիայի ուժն ու միջմշակութային կապերի խորացումը միասին ձևավորում են կայուն զբոսաշրջության ապագան։ Այդ սկզբունքով էլ Հայաստանը կառուցում է իր քաղաքականությունը՝ միավորելով ավանդական արժեքներն ու նորարարական լուծումները»,- իր ելույթում նշել է Գևորգ Պապոյանը։
Համաժողովը կազմակերպվել է ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից և այս տարի անց է կացվում «Եկե՛ք զրուցենք․ միավորելով մարդկանց, վայրերն ու հեռանկարները» խորագրի ներքո։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, պետական և մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ պետական և մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակադեմիական շրջանակները կհամագործակցեն հաղորդակցության ռազմավարությունների մշակման ուղղությամբ՝ զբոսաշրջությունը դիտարկելով որպես կայուն զարգացման շարժիչ ուժ։
Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, TED ձևաչափով ելույթներ, գործնական աշխատանքներ և ինտերակտիվ քննարկումներ։
Ֆորումի հիմնական թեմաներն ընդգրկում են զբոսաշրջության հաղորդակցության մի շարք հարցեր՝ ազգային և տարածաշրջանային զբոսաշրջային ինքնության ձևավորում, մեդիայի, բիզնես միջոցառումների ոլորտի և զբոսաշրջային կառույցների համագործակցության ուղիներ, ճանապարհորդների անվտանգության, հասանելիության և կայունության հաղորդակցում փոփոխվող աշխարհում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել