HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

30 հազար ցուցանմուշ ունեցող Շիրակի Երկրագիտական թանգարանն «աղքատ ազգականի» կարգավիճակում

Անցած 90 տարվա ընթացքում Շիրակի երկրագիտական թանգարանում են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական եւ հոգեւոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերը եզակի են եւ ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր և նորագույն պատմության փաստավավերագրական նյութերի հավաքածուներում:

Թանգարանի ունեցած գեղանկարների հավաքածուի հիմքի վրա Գյումրիում 80-ականներին ստեղծվել է պետական պատկերասրահը: Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Աղաջանյանի, Գաբրիել Գյուրջյանի, Դմիտրի Նալբանդյանի, Հրաչյա Ռուխկյանի և ժամանակի այլ հայտնի նկարիչների շուրջ 150 գործ ապահովել են թանգարանի գեղարվեստական հավաքածուն:

Երկրաշարժից հետո պատկերասրահում գտնվող գործերը տեղափոխվել են Երեւանի պետական պատկերասրահ, սակայն որոշ գործեր դեռ պահպանվում են ֆոնդում: Եթե թանգարանի շենքի հարցը լուծվեր, ապա թանգարանի նախկին տնօրինությունը հույս ուներ վերադարձնել Երևան տարված գեղանկարները և ձևավորել սեփական պատկերասրահը Գյումրիում:

Թանգարանի ողջ հզորությունն ու ամբողջական ծավալով առկա ցուցադրություններն ապահովելու համար հարկավոր է առնվազն 2500-3000 քմ տարածք , որի 2/3 ծառայելու է մշտական և ժամանակավոր ցուցադրությունների համար, իսկ մնացածը զետեղարանների, ռեստավրացիոն և ֆոտո-լաբորատորիաների, գրադարանի, դահլիճի, աշխատասենյակների և տնտեսական կարիքների համար: Երկրագիտական թանգարանի նախկին երկու տնօրենները՝ Համազասպ Խաչատրյանն ու Արտաշես Բոյաջյանը, տարիներ շարունակ պայքարում էին հենց այս նկարագիրն ապահովող թանգարանի ստեղծման համար, որը ցավոք, առ այսօր, իրականություն չի դարձել: 

Շիրակի հնագիտական թանգարանն հնագույններից է, ձևավորվել է 1930թ․-ին, շենքային պայմանների խնդիր ունեցել է նաև խորհրդային տարիներին: Մինչև 1984թ․-ը թանգարանի ցուցադրության համար տրամադրված է եղել մանկավարժական ինստիտուտի առաջին հարկն ամբողջությամբ: Լենինականի քաղկոմի 2-րդ քարտուղար Դոնարա Հարությունյանի ղեկավարման տարիներին փորձել են թանգարանին առանձին շենք հատկացնելու հարցին վերջնական լուծում տալ, որը սակայն կիսատ է մնացել: 

2018թ-ին, «Հետք»-ին տված հարցազրույցում, թանգարանի երջանկահիշատակ տնօրեն Համազասպ Խաչատրյանը պատմում է հետևյալը. «70-ականներին մեզ առաջարկում էին զբաղեցնել «Գյումրի» ռեստորանի շենքը: Շենքը ֆունկցիոնալ առումով ընդհանրապես հարմար չէր թանգարանին՝ սրահից սրահ անցումների պահով և այլն: Երբ որ քաղկոմի քարտուղարը Հարությունյան Դոնարան էր, էդ ժամանակ նախկին պոլիտեխնիկի մոտ գտնվող մի հատ ուսումնարան լուծարեցին, շենքն ազատվեց: Ես մտա իր մոտ առաջարկով, թե արի կլինի սուր շնչառական հիվանդանոցը քաղաքի կենտրոնից տեղափոխեք ծայրամաս, մեզ տվեք էդ հրաշալի ճարտարապետական կառույցը, որն ի դեպ հիմա էլ կա, երկրաշարժից չի վնասվել,-պատմում է Համազասպ Խաչատրյանը,-այնտեղ երկագիտական թանգարանի տեղակայումը ճիշտ կլիներ հենց թեկուզ նրանով, որ հարևանությամբ Կումայրի հնագույն բնակավայրի պեղված հատվածն էր: Բայց էդ ժամանակ հարցի լուծումը ձգձգվեց, հետո երկրաշարժ եղավ, դրանից հետո էլ Վարդան Ղուկասյանը նշածս շենքը ծախեց Կարապետյան Հրայրին, էնպես որ հավակնություններ էլ չէինք կարող ունենալ»:  

Նշենք, որ Երկրագիտական թանգարանի համար տարբեր տարիներին տնօրինությունը պայքարել է թե՛ զրոյից կառուցվող շինության, թե՛ քաղաքում առկա կառույցներից որևէ մեկում հանգրվան գտնելու ուղղությամբ: Շենքի ճակատագրով մտահոգ մարզպետներից են եղել Ֆելիքս Փիրումյանը, Լիդա Նանյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Խաչատրյանն, ովքեր գործնական քայլեր են ձեռնարկել, սակայն չեն հաջողել: Մարզպետներից Լիդա Նանյանը 2008թ․-ին փորձում էր համոզել սփյուռքահայ բարերար Հովհաննես Օյունջյանին, որ դպրոց կառուցելու փոխարեն թանգարանի համար շենք կառուցի, անգամ տարել էր պեղավայր: Մարզպետի փաստարկն այն էր, որ Կառավարությունն այսպես, թե այնպես դպրոց կառուցելու է, իսկ թանգարանին կարող է հերթ չհասնել: Սակայն, ամենայն հավանականությամբ, անվան հավերժացման հարց կար, և բարերարն ընտրեց դպրոցը: Եվս մեկ բարերար ընտանիքի՝ Ժան և Ալբեր Պողոսյանների ներդրումային ծրագիրը Գյումրիում ժամանակին «շրջանցեց» Երկրագիտական թանգարանն ու ուղղվեց երաժշտանոցի կառուցմանը, որն այժմ կրում է նրանց անունը:

Գյումրու բժշկական կենտրոնի կառուցումից հետո բուժհիմնարկների օպտիմալացման արդյունքում շենքեր ազատվեցին, որոնք կարող էին ծառայել տարբեր նպատակների համար: Թանգարանի նախկին տնօրինությունն, օգտվելով հարմար առիթից, քանի որ զրոյից կառուցման տարբերակները որևէ կերպ իրականություն չէին դառնում և կային պատրաստի շինություններ՝ կրկին դիմեց Կառավարությանը: 

2018թ․-ին հույս ներշնչող քայլ արվեց նորանշանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից՝ Կառավարության 2018թ․-ի հուլիսի 26-ի 837-Ա որոշմամբ Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող «Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին շենքն անհատույց եւ անժամկետ օգտագործման հանձնվեց Շիրակի Երկրագիտական թանգարանին: 

Այդ ընթացքում անգամ դրամահավաք հայտարարվեց, որին մասնակցեցին Մշակույթի նախարարության ենթակառույցները՝ փոխանցելով իրենց մեկ աշխատանքային օրվա հասույթը, մեկ բարեգործական կազմակերպություն՝ 2 մլն դրամ փոխանցումով, 5 մլն դրամ փոխանցել էր «Երևան, իմ սեր» հիմնադրամը, որոշակի գումարներ էին փոխանցել Գյումրու Հայագիտական կենտրոնը և «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը: Ամբողջը կազմել էր 15 մլն դրամ, որ հետագայում տրամադրվեց նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացմանը: Դրամահավաքին չէր մասնակցել Գյումրու քաղաքապետարանը, գումարների փոխանցում չէր արձանագրվել նաև որևէ հայտնի գործարարի կամ բարերարի կողմից: 

Շիրակի մարզպետներից Նազելի Բաղդասարյանի նշանակումից որոշ ժամանակ անց ակտիվ խոսակցություններ շրջանառվեցին թանգարանին հատկացված շենքը կիսելու և մի մասը բուժհաստատություններից թիվ 1 պոլիկլինիկային տրամադրելու վերաբերյալ: Շենքը կիսելու հավակնություններ էր ներկայացրած եղել նաև Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, սակայն խնդիրը հետագայում հարթվել էր: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ իր հերթին՝ տարբեր պատճառաբանություններով, փորձում էր պայքարել շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու որոշման դեմ: Լուրեր էին շրջանառվում, թե նախկին քաղաքապետն անձամբ է հետաքրքրված կառույցով: 

Ի վերջո, 2024թ․-ի օգոստոսի 15-ին, մինչև իշխանությունից հեռանալը, ավագանու «Բալասանյան դաշինք»-ի և ՔՊ կուսակցության անդամները, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ հավանություն տվեցին Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը համայնքին նվիրաբերելու և Լոզանի հյուրընկալության դպրոցին փոխանցելու նախագծին:  30  հազար ցուցանմուշ ունեցող Շիրակի Երկրագիտական թանգարանն «աղքատ ազգականի» կարգավիճակով կրկին մղվեց հետին պլան:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, ով ժամանակ էր գտել այցելելու Շիրակի Երկրագիտական թանգարան, տպավորված էր տեսածից: «Կարելի է ասել Հայաստանի հրաշքն է Շիրակի Երկրագիտական թանգարանը, էս դեպքում թաքնված, քանի որ անունով կա, սակայն այդ 30 հազար ցուցանմուշը դասակարգված տեսնելու հնարավորություն չկա: Գյումրու զբոսաշրջության առումով մեծ խթան կհանդիսանար թանգարանն իր ողջ ծավալով ներկայացնելը: Ես նոր եմ սկսում այս խնդրով զբաղվել:  Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը Կառավարությունը տրամադրել էր Երկրագիտական թանգարանին, արվել է նախագիծ, որը շատ մեծ է ստացվել, եթե չեմ սխալվում 1 մլրդ դրամ բյուջեով: Մեկ տարի առաջ Լոզանի համալսարանի հարցը բացվեց ու ավագանին որոշեց շենքը հանձնել իրենց,- պարզաբանում է Դավիթ Առուշանյանը,- հիմա առաջնային խնդիր է դրված, արդեն էական չէ, թե որ շենքը կլինի, պետք է թանգարանի համար շենքի հարցը լուծենք, որպեսզի կարողանանք մեր ժառանգությունը ցուցադրել սերունդներին ու աշխարհին: Քաղաքում պետական նշանակության ազատ շինություններ կան, ուղղակի պետք է տեսնենք, թե որն է հարմար»:

Շիրակի մարզպետի համոզմամբ, քանի դեռ Գյումրիում գոյություն ունի անօթևանության խնդիրը, նաև դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելու առաջնահերթություն կա, այդքան մեծ գումար տրամադրել թանգարանին, թերևս ճիշտ չի ընկալվի հանրության կողմից: «Բայց դա չի նշանակում, թե հարցը չի լուծվելու»,- շտապեց ևս մեկ անգամ հավաստիացնել Շիրակի մարզպետը: Նշենք, որ նմանատիպ խոստումներ հնչեցրել են Շիրակի 14 մարզպետներից առնվազն 7-ը, սակայն թանգարանն ինչպես գոյատևում է Մյասնիկյան 118 հասցեում, այդպես էլ շարունակում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter