
Երևանում հայտաբերել են Չեչնիայից փախած կնոջ դիակը
Երևանում հայտնաբերել են անհետ կորած համարվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Ոստիկանություն է զանգել մի քաղաքացի և հայտնել է, որ Դեմիրճյան փողոցի վարձով տրված բնակարանում հայտնաբերել է կնոջ դի։
«Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է»,- հայտնել են ոստիկանությունից։
Ընտանեկան բռնության պատճառով Այշատ Բայմուրադովան իրավապաշտպան կազմակերպության օգնությամբ փախել էր Չեչնիայից ու ապաստանել Երևանում։
Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում են Բայմուրադովայի սպանության վարկածը։
«Հետքի» հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը չհաստատեց սպանության վարկածը և հայտնեց, որ փորձաքննություններ են նշանակված, այս պահին մասնագետները աշխատում են մահվան պատճառը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ն Այշատի ընկերները ահազանգել էին այն մասին, որ նրա հետ կապը կորել է։ Ըստ ընկերների՝ երիտասարդ կինը դուրս էր եկել հանդիպելու Instagram-ով ծանոթացած ընկերուհու հետ ու անհետացել։ Հետո պարզվել էր, որ այդ ընկերուհու հետևորդների մեջ կան Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շրջապատից անձինք։
Բայմուրադովայի ընկերները ենթադրել էին, որ նրան առևանգել և բռնի վերադարձրել էին Չեչնիա։
Նախկինում առևանգման և Չեչնիա բռնի վերադարձի դեպքեր տեղի են ունեցել ինչպես եվրապական, այդպես էլ հետխորհրդային երկրներից։ Սովորաբար առևանգում են ոչ միայն քաղաքական դիսիդենտներին, այլ նաև ընտանեկան բռնությունից փախած կանանց։
Մեկնաբանել