
Փոփոխություններ են նախատեսվում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում
Ազգային ժողովից հայտնում են, որ փոփոխություններ են նախատեսվում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում։
«Մասնավորապես առաջարկվում է ստեղծել իրավական հիմք՝ ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող տեխնիկական անվտանգության պետական ոչ առեւտրային կազմակերպության լուծարման համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ նշյալ ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթները, մասնավորապես՝ տեխնիկական քննության, ինչպես նաեւ՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը, կարող են իրականացնել նաեւ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (հավատարմագրված անձ):
Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման եւ համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց, իսկ ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները հանել օրենքից:
Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հավատարմագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր:
Նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ՝ ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը: Կբարելավվի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում Ներքին գործերի նախարարության կողմից քաղաքականության մշակման եւ իրականացման գործիքակազմը՝ նշված գործառույթի իրականացումը դարձնելով ավելի արդյունավետ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում՝ հատուկ ընթացակարգով:
Հարցը քննարկվել է հոկտեմբերի 20-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել