
Ինչպես է սահմանային նոր իրադրությունն ազդել Գեղարքունիքի մարզի վրա
2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետեւանքով սահմանային նոր իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Նոր պայմանները իրենց ազդեցությունն են թողել սահմանային բնակավայրերի վրա։
Վերջին երեք տարիներին Գեղարքունիքի մարզում բնակչության թիվը նվազել է։ Եթե 2022 թ․ հունվարի 1-ի դրությամբ, ըստ Վիճակագրական կոմիտեի, Գեղարքունիքի մշտական բնակչության թիվը եղել է 227.800, 2023-ի հունվարին այն դարձել է 228.700, 2024-ի հունվարին այս թիվը նվազել է մինչեւ 213.200 հազար, իսկ 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ մարզի մշտական բնակչությունը, ըստ Վիճկոմի, եղել է 216.700 (մշտական բնակչության թվաքանակում ներառվում են այն անձինք, որոնք մշտապես բնակվում են այդ տարածքում, ներառյալ՝ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները): Այսպիսով՝ 2022-ի հունվարից մինչեւ 2025-ի հուլիս Գեղարքունիքի մարզի մշտական բնակչության թիվը նվազել է 11.100-ով:
2022-ի մարտից Վարդենիսը խոշորացված համայնքը ղեկավարող Ահարոն Խաչատրյանն ասում է, որ 2022 թ․ սեպտեմբերյան սրացումից հետո համայնքից հեռացողներ եղել են, սակայն հետո, ըստ Խաչատրյանի, ոչ միայն այդ մարդիկ, այլեւ նախքան ագրեսիան գնացածները սկսել են վերադառնալ։ Բայց Վիճկոմի տվյալներով՝ եթե 2022-ի հունվարին Վարդենիս համայնքի մշտական բնակչությունը 37.200 էր, ապա 2024-ի հունվարի դրությամբ այն 35.600 էր:
Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ եթե նախկինում Վարդենիսի բնակիչները գնում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի, հիմա գնում են դեպի Երեւան ու Մասիս՝ վերադառնալու նպատակով։
Համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Վարդենիսը խոշորացված է, որի կազմում 36 բնակավայր կա՝ Վարդենիս քաղաքն ու 35 գյուղ։ Ահարոն Խաչատրյանն ասում է, որ չնայած բնակիչները մշակում են իրենց հողերը, գյուղտեխնիայի պակաս կա։
Գեղարքունիքի մարզպետարանում լրագրողների եւ մարզպետ Կարեն Սարգսյանի հանդիպման ժամանակ «Հետքի» հնչեցրած հարցին, թե սահմանային նոր իրադրության հետեւանքով մարզում անասնագլխաքանակը, արոտավայրերն ու վարելահողերը քանակական ինչ փոփոխություններ են կրել, մարզպետ Սարգսյանն ընդհանրական պատասխանեց, թե 2022 թ․ նման խնդիրներ ունեին, բայց այսօր չունեն։
Սակայն փաստն է, որ 2021-2022 թթ. ադրբեջանական ռազմական ագրեսիաների հետեւանքով նույն Վարդենիս խոշորացված համայնքում՝ Կախակնից մինչեւ Վերին Շորժա, ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել ՀՀ սուվերեն տարածքի ռազմավարական նշանակության բարձունքներ ու հողեր: Այս մասին ներկա իշխանությունները նախընտրում են առանձնապես չխոսել եւ շրջանցել թեման:
2021-ի սեպտեմբերից մարզը ղեկավարող ՔՊ-ական Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ բնակիչների հետ բավական աշխատանք են տարել թե՛ մարզպետարանը, թե՛ ՊՆ-ն, մասնավորապես՝ փորձում են այնպես անել, որ անվտանգային ռիսկերի գնահատման արդյունքում մարդիկ անասնապահությամբ զբաղվեն անվտանգ գոտիներում: Ըստ մարզպետի՝ այս առումով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության հետ տարբեր ծրագրեր են իրականացնել, օրինակ, էլեկտրական հովիվներ էին տրամադրել բնակիչներին, որ, համապատասխան հատվածներում տեղադրելով, թույլ չտան անասուններին մոտենալ սահմանին կամ անցնել այն։
Մյուս կողմից, Սարգսյանի տեղեկացմամբ, Գեղարքունիքում արոտավայրերն ամբողջությամբ չեն օգտագործվում, քանի որ համապատասխան անասնագլխաքանակ չկա, բայց թե ինչու չկա կամ ինչու է նվազել, մարզպետը չի մանրամասնում:
Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին մարզում բավականին նաեւ մեծ ծավալի խոտհարքներ կան, որոնք բնակիչները չեն օգտագործում։ Ըստ պաշտոնյայի՝ այնպես էլ չէ, որ դրանք չեն հնձվում անվտանգային խնդիրների պատճառով։
Չնայած Վարդենիսի համայնքապետ Ա. Խաչատրյանն ասում է, որ գյուղտեխնիկայի պակաս ունեն ներկայում, մարզպետ Սարգսյանը պնդում է, որ նման խնդիր մարզում չկա, եւ վերջին տարիներին գյուղտեխնիկայի պարկը համալրվել է։
Մարզպետի հետ հանդիպումից հետո, այդուհանդերձ, մենք գրավոր հարցում էինք ուղարկել Կարեն Սարգսյանին՝ համապարփակ պատասխաններ ստանալու նպատակով:
Հետաքրքրվել էինք, թե 2022 թ․-ից հետո ձեւավորված սահմանային նոր իրադրությունն ինչ ազդեցություն է թողել մարզի անասնապահության եւ հողագործության վրա։ Խնդրել էինք 2022-2025 թթ․ կտրվածքով ըստ առանձին տարիների ներկայացնել անասնագլխաքանակի թիվը, վարելահողերի, արոտավայրերի եւ խոտհարքների ծավալները։ Հարցրել էինք նաեւ, թե այդ հողերից քանի հեկտարն է մնացել միջդիրքային գոտում ու դարձել անօգտագործելի:
Հարցմանը պատասխանել է մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը։ Նրա փոխանցմամբ՝ սահմանային նոր իրադրությունը Գեղարքունիքի մարզում որոշակի ազդեցություն է թողել անասնապահության եւ հողագործության վրա։ 2021 թ․ համեմատ 2022 թ․ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել է 12, իսկ մանր եղջերավորներինը՝ 11 %-ով։ Սա, ըստ Մանուկյանի, հիմնականում կապված է եղել անասնագլխաքանակի շարժի հետ։
«Ներկայումս մարզում ունենք հակառակորդի կողմից դիտարկվող տարածքներ, որոնք չեն օգտագործվում, սակայն մարզում եղած արոտավայրերը եւ խոտհարքները բավարար են առկա անասնագլխաքանակի արոտարածեցմանը եւ ձմեռմանը (անհրաժետ խոտի կուտակմանը)»,- հայտնել է գլխավոր քարտուղարը։
Ս. Մանուկյանը տրամադրել է միայն Գեղարքունիքի անասնագլխաքանակի այս տարվա տվյալները, մինչդեռ խնդրել էինք ներկայացնել 2022-2025 թթ. ցուցանիշները՝ համեմատական պատկերը ստանալու համար։ Ըստ այդմ՝ 2025 թ. մարզում առկա անասնագլխաքանակը կազմում է. խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 71.971 գլուխ, մանր եղջերավորներ՝ 102.543 գլուխ, խոզեր՝ 10.094 գլուխ, ձիեր՝ 1.641 գլուխ, թռչուններ՝ 209.356 թեւ, մեղվաընտանիքներ՝ 37.610 հատ:
Գեղարքունիքի բնակավայրերի 1/3-ը գազիֆիկացված չէ
Գեղարքունիքում խնդիր է բնակավայրերի գազիֆիկացումը: Ըստ մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ս. Մանուկյանի՝ մարզի բնակավայրերի 2/3-ը (շուրջ 212 հազար շահառու) գազիֆիկացված է։ Մարզում կա 5 խոշորացված համայնք՝ Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, եւ բոլորում էլ գազ կա, սակայն համայնքներում ներառված բնակավայրերի մի մասը գազ չունի։ Սիմոն Մանուկյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի 98 բնակավայրից (ներառյալ՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արծվաշեն գյուղը) 33-ում գազ չկա։ Դրանցից 7-ը Ճամբարակի, իսկ 26-ը Վարդենիսի կազմում են։
«Բնակավայրերը միջին ճնշման գազատարից հեռու են գտնվում, իսկ նոր կառուցված թաղամասերը ներառված չեն եղել գազիֆիկացման ծրագրերում: Մի շարք բնակավայրերում ներկայումս ընթանում են կամ նախնական փուլում են գտնվում չգազիֆիկացված թաղամասերի գազիֆիկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- հայտնել է Մանուկյանը։
Այս տարի մարզպետի աշխատակազմը նախատեսում է գազիֆիկացման ընթացիկ աշխատանքներ կատարել Գավառ քաղաքում եւ դրա հարեւան Գանձակ գյուղում, իսկ 2026-ին՝ Գավառում, վերջինիս Արծվաքար թաղամասում եւ նույն համայնքի Լճափ գյուղում։
«Միեւնույն ժամանակ, ըստ էներգետիկայի ոլորտում իրականացվող առաջնահերթ քաղաքականության, տնտեսության զարգացման առավել արդիական եւ կիրառելի ճյուղ է այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառումը, որը, հաշվի առնելով մարզի տարածքում տարվա ընթացքում արեւային օրերի բավարար քանակը, մարզում լայն թափով կիրառություն է ստանում»,- «Հետքին» փոխանցել է աշխատակազմի գլխավոր քարտուղարը։
Ոռոգման համակարգից օգտվում է բնակչության կեսը
Մարզում բնակավայրեր կան, որոնք ոռոգման եւ խմելու ջրի խնդիր ունեն։ Ս. Մանուկյանը մեզ հայտնել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Գեղարքունիքում սպասարկում է 5 քաղաք (Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սեւան, Վարդենիս) եւ 15 գյուղ, իսկ ինքնուրույն ջրամատակարարում իրականացվում է 71 գյուղում:
«Վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվում են խմելու եւ ոռոգման ջրերի ջրատարների կառուցման մեծածավալ աշխատանքներ: Մարզի բոլոր բնակավայրերն ապահովված են խմելու ջրով, իսկ լուծում պահանջող առօրեական խնդիրները՝ նոր ջրագծերի եւ խողովակաշարերի, դրենաժների կառուցում, պոմպերի, հիդրանտների, ջրաչափերի տեղադրում, վթարավերականգնողական աշխատանքներ եւ այլն, ոլորտի առաջնահերթություններն են»,- նշված է պատասխանում։
Ջրամատակարարման խնդիրները, ըստ Ս. Մանուկյանի, ի հայտ են գալիս հատկապես ամռան ամիսներին, երբ բնակավայրերը խմելու ջուր ստանում են ընդհատումներով, գրաֆիկի շեղումներով:
Ոռոգման համակարգից օգտվում է մարզի բնակչության 50 %-ը։ Գլխավոր քարտուղարն ասում է, որ դեռեւս 1980-90-ականներին կառուցված եւ շարքից դուրս եկած ոռոգման ցանցերի փոխարեն կառուցվում են նորերը։ Մասնավորապես սուբվենցիոն ծրագրերով ոռոգման համակարգերի կառուցման եւ վերակառուցման աշխատանքներ են իրականացվել Գեղարքունիքի 47 բնակավայրերում: Կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի ընթանում են ոռոգման եւ խմելու ջրագծի կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ Սեւան, Մարտունի եւ Ճամբարակ համայնքների մի շարք բնակավայրերում: Աշխատանքների մի մասը նախատեսվում է իրականացնել 2026-ին:
Սահմանային նոր իրավիճակն ազդել է նաեւ Սոթքի հանքավայրի վրա
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ համայնքում հիմնական աշխատատեղը Սոթքի ոսկու հանքավայրն է, որտեղ աշխատողները բարձր աշխատավարձ են ստանում։ Ըստ նրա՝ հանքավայրը լիարժեք աշխատելու ժամանակ ուներ 1700 աշխատող, սակայն 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան անդրադարձել է նաեւ հանքավայրի գործունեության վրա։ Դրա հետեւանքով աշխատատեղերը կրճատվել են։ Համայնքապետի փոխանցմամբ՝ ներկայում ոսկու հանքավայրում աշխատում է 800-900 հոգի։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ նշում է, որ ի հայտ եկած խնդիրները կարգավորելը բարդ է։ Հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հետ քննարկել են հնարավորության դեպքում աշխատատեղեր ավելացնելու հարցը։ Դրա, ինչպես նաեւ պայմանագրային պայմանավորվածությունների արդյունքում Սոթքի հանքավայրում պետք է ավելացվեին ներդրումները, եւ դրանց համարժեք պիտի աճեր աշխատակիցների թիվը։ Մարզպետի փոխանցմամբ՝ այս ընթացքում երկուսն էլ արվել են, իսկ նրանց, որոնք դուրս են մնացել աշխատաքնից, ըստ Կ. Սարգսյանի, այլընտրանքային աշխատանք են առաջարկել։
Նյութը պատրաստվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ, UNFPA) հայաստանյան գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակներում:
Մեկնաբանել