
«bank24.am»-ը գործում է Կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս. ԿԲ
Կենտրոնական բանկը հայտնում է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:
Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում»,- նշվում է հաղորդագրությունում:
Մեկնաբանել