HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու որդին՝ Նաիրի Ներսիսյանը։ Ի պատասխան մեր հարցման Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին նախկին քաղաքապետի ու որդու ձերբակալման լուրը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Իջևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Որդին ձերբակալվել է նույն քրեական վարույթի շրջանակում։

Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննվում է մեկ այլ գործ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավար Վարուժան Ներսիսյանը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006թ․ փետրվարի 24-ին 1 մլն 991 հազ. 800 դրամով վաճառվել է իր նախկին ենթակային՝ առանց վերջինիս գիտության: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ձեռք բերված հողատարածքի սեփականատերը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ դրանից հետո համայնքի ղեկավարը, օգտագործելով իր նախկին ենթակայի նկատմամբ ունեցած ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինականացնելու և գույքի իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, ցուցում է տվել վերջինիս անվամբ գրանցված սեփականության իրավունքը փոխանցել իր հետ փոխկապակցված անձին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter