
Վեց ամսվա ընթացքում 301 կգ թմրամիջոց է առգրավվել
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։ Այն վերաբերում է ապօրինի հրազենի և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանը, այդ գործում անչափահասների ներգրավմանը։
Նախագծի հեղինակները նշում են, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Առավել տարածված է համացանցային հավելվածների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։
- Թմրանյութ վաճառողներն անորսալի չեն
- «Դու իրանց՝ դրամ, իրանք ինձ՝ կրիպտո, ես քեզ՝ պլան». մարիխուանայի վաճառքի նոր մեխանիզմը տելեգրամում
Ըստ ՆԳՆ-ի՝ 2024թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 3639 դեպք, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման 1910-ը դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3047 դեպք։
Իսկ 2025թ․ ութ ամսվա ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 2526 դեպք, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման 1298-ը դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2149 դեպք։
Այս տարվա ութ ամսվա ընթացքում բացահայտվել է Իրանից, Ռուսաստանից և Եվրոպական երկրներից դեպի Հայաստան թմրամիջոցների մաքսանենգության 20 դեպք։ Առգրավվել է շուրջ 80 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց` հիմնականում մարիխուանա, մեթամֆետամին, ափիոն և հերոին։
2024թ․ ընթացքում, դեպի Հայաստան, թմրամիջոցների մաքսանենգության 11 դեպք է գրանցվել։
ՆԳՆ-ի տվյալներով՝ 2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննության արդյունքների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա համեմատ կրկնակի ավել թմրամիջոց՝ 301 կգ, նախորդ տարի՝ 150 կգ։
Հայտնաբերված 301 կգ-ից 31-ը եղել է սինթետիկ ծագման թմրամիջոց, 1,5 կիլոգրամը՝ ափիոն, 1,5 կգ-ը՝ կոկաին։
2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 321 դեպք է արձանագրվել, որոնցից 72-ը՝ իրացման, 249-ը՝ ձեռքբերման դեպքեր են։ Նույն ժամանակահատվածում արգելափակվել է 30 տելեգրամյան հարթակ։
«Իրականացված վերլուծությունները վկայում են, որ նկատվում է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի շարունակական աճ: ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում են ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված և փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի, կան նաև 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմնականում իրականացվում է թմրամիջոցների գովազդ»,- նշված է նախագծի հիմնավորումների մեջ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ըստ նախարարության, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում, որով նպատակ է հետապնդվում բարձրացնել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը։
Ինչ վերաբերում է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, ապա 2024թ․ արձանագրվել է 109 դեպք, 2023թ․՝ 94։ 2025թ․ ութ ամսվա ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը 91 է։
Քրեական օրենսգրքում նախատեսվում է ավելացնել նոր կարգավորում, այն է՝ ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի) ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։
«Նախագծի ընդունման արդյունքում թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, առավել կխստացվի ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու՝ համար նախատեսված պատժաչափը»,- նշված է նախագծի հիմնավորումներում։
Մեկնաբանել