HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյուզաննա Օհանյան

Հայաստանում օրական միջինում մեկ մեքենա է հրդեհվում կամ պայթում

Սեպտեմբերի 2-ին Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ էր հոսպիտալացվել, վնասվել էր 11 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը։ 

2025-ի ընթացքում Փրկարար ծառայությունն արձանագրել է մեքենաների պայթյունների 21 դեպք։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 50%-ով։

հրդեհներ_1.png (57 KB)

2021-ից աճում է նաև տրանսպորտային միջոցներում արձանագրված հրդեհների թիվը։ Յուրաքանչյուր տարի միջինում 463 մեքենա է հրդեհվում։

հրդեհներ_2.png (136 KB)

Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Մանվել Ավետիսյանը նշում է, որ հրդեհների ու պայթյունների հիմնական պատճառն անվտանգության նորմերի խախտումն է։ 

«Հայաստանում մեքենաները հաճախ շահագործվում են գազով, բայց չեն պահպանվում շահագործման կանոնները։ Օրինակ՝ սահմանված ժամկետում պետք է գազաբալոնը փորձարկման ենթարկվի։ Ժամկետը հաճախ նշվում է գազաբալոնի վրա, բայց եթե մեքենան շատ է շահագործվում, ստուգումներն անհրաժեշտ է ավելի հաճախ կատարել»,- ասում է ՓԾ գնդապետը։ 

Գնդապետ Մանվել Ավետիսյան

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը սահմանում է, որ մեքենաների գազաբալոնային համակարգերը պետք է տեղադրվեն միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից, որը տեղադրման կամ պարբերական ստուգման (վկայագրման) ավարտից հետո վարորդին տրամադրում է համապատասխան փաստաթուղթ։ Վկայագրում նշվում է՝ երբ պետք է իրականացվի հաջորդ ստուգումը։ Եթե գազաբալոնը չունի վկայագիր կամ ստուգման արդյունքում չի ստացել դրական եզրակացություն, ապա դրա լցավորումը արգելված է։

«Հիմա, գազալցակայանների զգոնությունը նվազել է։ Մեքենան լիցքավորելուց առաջ, պետք է պարտադիր ստուգել վկայագիրը։ Առաջ վերահսկողությունն ավելի ուժեղ էր, հիմա հաճախ են լիցքավորում առանց ստուգելու»,- ասում է Մանվել Ավետիսյանը։

Մեքենաների պայթյունների և հրդեհների հետևանքով 2025-ի առաջին 8 ամսում 2 մարդ է մահացել, տուժել է 73-ը։ Նախորդ տարվա համեմատ, տուժածների թիվն ավելացել է 59%-ով։

հրդեհներ_3.png (55 KB)

Սեպտեմբերի 3-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին «Տեսլա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել էին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կրակը մարել 3 ժամվա ընթացքում, բայց մեքենան ամբողջությամբ այրվել էր։

«Էլեկտրական մեքենաներում բռնկված կրակը մարելու համար, օրինակ՝ ԱՄՆ-ում, օգտագործում են հատուկ կոնտեյներներ։ Այրվող մեքենան ամբողջությամբ տեղավորում են կոնտեյների մեջ, քանի որ դրանց մարտկոցներն ու մալուխներն են այրվում։ Մենք նման կոնտեյներներ չունենք, ինչը դժվարացնում է մեքենայում բռնկված հրդեհի մարումը»,- ասում է Փրկարար ծառայության գնդապետ Մանվել Ավետիսյանը։ 

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցների հրդեհների ու պայթյունների պատճառը միշտ ուղղակի կամ անուղղակի պայմանավորված է մարդկային գործոնով։

«Հայաստանում հրդեհային անվտանգության նորմերը համապատասխանեցված են միջազգային բոլոր ստանդարտներին ու լավ մտածված են, բայց դրանք պահպանելու պատասխանատվությունը դրված է քաղաքացիների վրա, հենց այդտեղ էլ թերանում ենք։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ռեսուրսները քիչ են ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»,- ասում է գնդապետ Ավետիսյանը։

Մանվել Ավետիսյանը հորդորում է վարորդներին՝ եթե մեքենան շահագործվում է գազով, պարբերաբար ստուգել գազաբալոնը, մեքենայում չպահել հրավտանգ իրեր՝ կրակայրիչներ, էլեկտրական մարտկոցներ։ Էլեկտրական մեքենաների լիցքավորիչների օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության կանոնները, խուսափել ինքնաշեն լիցքավորիչների կիրառությունից և մեքենայում ունենալ կրակմարիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter