
Փաստաբան Կոչուբաևը 2 ամսով կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, 2 ամիս ժամկետով կալանավորել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Նրա փաստաբան Աբգար Պողոսյանը «Հետքին» փոխանցեց, որ դատարանը սահմանափակել է նաև Կոչուբաևի հաղորդակցության իրավունքները։
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Ալեքսանդր Կոչուբաևին ձերբակալել են կոշտ մեթոդներով։ Իրավապահները եղել են դիմակավորված։ Նրան իջեցրել են ավտոմեքենայից ու տապալել գետնին։
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Նշենք, որ Ա. Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Մասնավորապես՝ անդրադառնալով Մկրտիչ Սրբազանին կալանավորելու հանգամանքին՝ փաստաբանը նշել էր, որ «հոգին սատանային վաճառած քննիչների, դատախազների, դատավորների պատիժը երկնային է լինելու և աղոթում է Տիրոջը, որպեսզի նրանց չների և պատիժը քավեն սերունդներով»։ Փաստաբանը նաև կոշտ այլ արտահայտություններ է արել քննիչների, դատախազների ու դատավորների հասցեին՝ առանց որևէ մեկի անունը նշելու:
Նրա փաստաբան Աբգար Պողոսյանը նշել է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունն արշավ է ողջ փաստաբանական համայնքի դեմ։
Ա.Կոչուբաևի շահերը պաշտպանելու համար ներգրավվել էր մոտ երկու տասնյակ փաստաբան։ Սակայն, երբ հայտնի դարձավ, թե որ դատավորին է մակագրվել խափանման միջոցի հարցը որոշելու միջնորդությունը, հանրային տիրույթում արդեն քննարկվում էր, որ փաստաբանը կալանավորելու է։ Դատավոր Մասիս Մելքոնյանը մինչև դատավոր նշանակվելը եղել է մերձիշխանական «Հանրապետություն» կուսակցության անդամ և մասնագիտական ոլորտում արդեն հայտնի է որպես «կալանք տվող» դատավոր։
Մեկնաբանել