HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբան Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Այսօր դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Հետքի» տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փաստաբանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Ալեքսանդր Կոչուբաևին ձերբակալել են կոշտ մեթոդներով՝ դիմակավորված անձինք իջեցրել են մեքենայից ու տապալել գետնին։ Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Նշենք, որ Ա. Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Մասնավորապես՝ անդրադառնալով Մկրտիչ Սրբազանին կալանավորելու հանգամանքին՝ փաստաբանը նշել էր, որ «հոգին սատանային վաճառած քննիչների, դատախազների, դատավորների պատիժը երկնային է լինելու, և աղոթում է Տիրոջը, որպեսզի նրանց չների և պատիժը քավեն սերունդներով»։ Փաստաբանը նաև կոշտ է արտահայտվել քննիչների, դատախազների ու դատավորների հասցեին՝ առանց որևէ մեկի անունը նշելու:

Նրա փաստաբան Աբգար Պողոսյանը նշել է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունն արշավ է ողջ փաստաբանական համայնքի դեմ։ 

«Սա հերթական բռնաճնշումն է, որը միայն Կոչուբաևին չի վերաբերվում։ Սրանով պետությունը փորձում է ցույց տալ քաղաքացիներին, թե տեսեք ինչպես կարող ենք վարվել ձեր շահերը ներկայացնողների հետ և դրանով իսկ վախեցնել մարդկանց և ցույց տալ, որ նրանք անպաշտպան են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ա. Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter