Արհեստական բանականությունն արդեն ներկա է․ ինչ քննարկվեց Silicon Mountains 2025-ում
Հոկտեմբերի 14-ին Հայաստանում արդեն 9-րդ անգամ անցկացվեց «Սիլիկոնյան սարեր» (Silicon Mountains) տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի հիմնական թեման արհեստական բանականությունն էր (ԱԲ), խորագիրը՝ «Արհեստական բանականության անատոմիան»։ Միջոցառումը կազմակերպում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ համագործակցելով Հայաստանի կառավարության ու մասնավոր ընկերությունների հետ։
Բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանի ապագան կանխորոշվում է տեխնոլոգիաների ներդրմամբ, ու սա վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին։
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների զարգացմանը... Կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է»,- նշեց Փաշինյանը։
Silicon Mountains-ը, որը 2019 թվականին մեկնարկել էր փոքր մասշտաբով, վեց տարվա ընթացքում ընդլայնվել է, փոխվել են քննարկման թեմաները։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ վերջին երկու տարիներին միջոցառումը Երևանից բացի կազմակերպվում է նաև մարզերում։
Գագաթնաժողովը հյուրընկալել էր աշխարհահռչակ ընկերությունների առաջատար ներկայացուցիչների։ Որպես հատուկ հյուր հանդես եկավ Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Flagship Pioneering, Nokia, Plug&Play Tech Center և այլ միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ։։
Հայաստանից ու արտասահմանից ժամանած ոլորտի փորձագետներն իրենց խոսքում ընդգծում էին` արհեստական բանականությունն արդեն ապագա չէ։ Բանախոսներն անդրադառնում էին տարբեր ոորտների՝ կենսաքիմիայից մինչև կրթություն, հեռահաղորդակցությունից մինչև գինեգործություն։
«Արհեստական բանականությունից փախչել մենք չենք կարող, քանի որ այն ներթափանցել է ոչ միայն տնտեսության տարբեր ճյուղեր, այլև՝ մեր գրպաններ։ Մենք ամենօրյա ռեժիմով օգտագործում ենք ԱԲ որոշակի կոմպոնենտներ։ Այս ամենի մասին պետք է ավելի ճիշտ խոսել, քանի որ այն լի է նաև մարտահրավերներով, պիտի հասկանանք՝ ոնց ճիշտ շփվենք ԱԲ-ի հետ, որտեղ են էդ սահմանները և որտեղ մենք պիտի զգուշորեն մոտենանք»,- ասաց Էդուարդ Մուսայելյանը։
Այս փոփոխություններին պատրաստվելու համար, Մուսայելյանի կարծիքով, առաջնային է կրթել նոր սերունդներին։ Գագաթնաժողովի ընթացքում ներկայացվեց StepAI կրթական ծրագիրը, որի շրջանակում Երևանի ու մարզերի 15 ավագ դպրոցներում աշակերտներն ուսումնասիրում են արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում ու ռոբոտաշինություն։
Նման մի ծրագիր հայաստանյան դպրոցներում իրականացնում է նաև FAST հիմնադրամը՝ «Արհեստական բանականության սերունդ» անունով։
«Մենք խանդով չենք վերաբերվել, ընդհակառակը՝ Հայաստանի պես փոքր երկրում ԱԲ երկու տարբեր ծրագիր ունենալը ճոխություն է։ Հուսով եմ, որ երկու ծրագիրն էլ հաջողություն կունենան»,- նշեց Մուսայելյանը։
Silicon Mountains-ը, ըստ Մուսայելյանի, կարևոր հարթակ է նոր համագործակցություններ ստեղծելու համար, ինչի արդյունքում կնքվում են հուշագրեր, և ստեղծվում են նոր ընկերություններ՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել