
Բելգիայի թագուհի Մաթիլդան և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են ԵՊՀ
Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Տնտեսագիտության և կառավարման, Կենսաբանության ֆակուլտետների ուսանողների հետ։ Քննարկմանը նրանք ներկայացրել են իրենց գաղափարներն ու մոտեցումները՝ կապված կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորությունների հետ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Բելգիայի թագուհին՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների ջատագով, կարևոր դեր է խաղում համաշխարհային օրակարգում՝ խթանելով կրթության, սոցիալական համերաշխության և կայուն զարգացման արժեքները:
«Կայուն զարգացման արժեքները լիովին համապատասխանում են Հայաստանի ազգային առաջնահերթություններին, մասնավորապես՝ կրթության և երիտասարդության հզորացման ոլորտներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը, որոնք արտացոլված են ԿԳՄՍՆ ռազմավարական քաղաքականության փաստաթղթերում և ոլորտային ծրագրերում:
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Բելգիայի թագուհու այցը կամրապնդի երկկողմ համագործակցությունը և կբացի նոր հնարավորություններ կայուն զարգացման նպատակների իրականացման համար:
«Մեր ջանքերը հատկապես կենտրոնացած են ներառական և որակյալ կրթության ապահովման, նորարարության և հետազոտությունների խթանման, մշակութային բազմազանության խթանման և երիտասարդության մասնակցության խրախուսման վրա, որոնք բոլորն էլ կայուն զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Բելգիայի թագուհին իր ելույթում շեշտել է՝ կրթությունը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է:
«Կրթությունը նպաստում է անհատականության զարգացմանը՝ դառնալով միլիարդավոր մարդկանց ավելի լավ ապագայի բանալին։ Կրթությունն աղքատության և մարգինալացման դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքներից է. Միավորված ազգերի կազմակերպությունը կրթությունը հռչակել է կայուն զարգացման գերակա նպատակներից մեկը, որը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը»,- նշել է Բելգիայի թագուհին և հավելել, որ կրթված երիտասարդություն ունենալը հսկայական ներուժ է:
Նրա կարծիքով՝ որակյալ, ժամանակի պահանջներին համապատասխան և բոլորին հասանելի կրթությունը պետք է լինի առաջնահերթություն, քանի որ հանդիսանում է սոցիալական պետության և մարդկային կապիտալի զարգացման հիմքը։
«Հատկապես աղջիկների և կանանց համար կրթությունը նաև կարևոր միջոց է հզորացման և սեռական խտրականության դեմ պայքարի հարցում։ Ես վաղն այցելելու եմ նախադպրոցական հաստատություն՝ ընդգծելու բոլոր երեխաների կրթությունը վաղ փուլում սկսելու կարևորությունը»,-ասել է Բելգիայի թագուհին:
Նրա խոսքով` կրթական համակարգերը վերջին տարիներին հսկայական և բարդ մարտահրավերների են բախվել. օրինակ՝ հինգ տարի առաջ COVID-ը խանգարեց և բազմաթիվ խնդիրներ առաջացրեց, հակամարտության գոտիներում ևս դասավանդման գործընթացի ընդհատումներ են եղել` երիտասարդներին դարձնելով ավելի խոցելի:
Բելգիայի թագուհին անդրադարձել է նաև ուսուցման վրա արհեստական բանականության ազդեցությանը` հիշեցնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. «Տեխնոլոգիան պետք է լինի մեր ծառան, այլ ոչ թե տերը»:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ներկայացրել է մայր բուհի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու վերջին տարիների ձեռքբերումները։
«ԵՊՀ-ն իր առաքելության շրջանակում լուծում է տարբեր խնդիրներ, որոնք ներառում են որակյալ կրթություն, հետազոտություններ և նորարարություններ, ինչպես նաև հասարակությանը ծառայությունների մատուցում: Որպես Հայաստանի հիմնական ակադեմիական և հետազոտական կենտրոն՝ ԵՊՀ-ն գիտակցում է իր պատասխանատվությունն ու հանձնառությունը կայուն զարգացման սկզբունքների և գաղափարների խթանման գործում, մասնավորապես՝ կրթական և հետազոտական գործունեության միջոցով»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։
Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը համալսարանի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև աշխատակիցների անունից Բելգիայի թագուհուն հանձնել է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի հուշադրամ։
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպումից հետո Երևանի պետական համալսարանի ռեկտորի աշխատասենյակում անցկացվել է քննարկում, որի ժամանակ Բելգիայի թագուհին ավելի անմիջական քննարկումներ է ունեցել մի քանի ուսանողների հետ։ Այս հանդիպումը հնարավորություն է տվել ծանոթանալու ուսանողների գաղափարներին և կարծիքներին, ինչպես նաև խոսելու կայուն զարգացման նպատակներին ուղղված նախաձեռնությունների մասին։
ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Նրանք հետևել են նաև Թումոյի երաժշտական նախագիծ «Զրանգի» բենդի կատարումներին։
Որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան՝ Բելգիայի թագուհու աշխատանքային այցը ՀՀ կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել