
Այսօր՝ Իռլանդիա-Հայաստան. թիմերը կհանդիպեն 6-րդ անգամ
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Դուբլինում կմեկնարկի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Պորտուգալիան ու Հունգարիան:
3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է Պորտուգալիան, Հունգարիան ունի 4 միավոր, Հայաստանը՝ 3, իսկ Իռլանդիան՝ 1:
ՀՖՖ-ն հրապարակել է այսօրվա խաղում մեր թիմի հայտացուցակը:
Հանդիպումն սպասարկելու է ֆրանսիական մրցավարական բրիգադը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ:
Ազգային հավաքականների մակարդակով սա կլինի հայ-իռլանդական ֆուտբոլային 6-րդ հակամարտությունը:
Իռլանդիային մեր ազգային թիմը նախկինում 5 անգամ հանդիպել է պաշտոնական մրցավեճերում: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում՝ 2010 թ. սեպտեմբերի 3-ին, մերոնք Երեւանում պարտվեցին 0-1: Պատասխան խաղը կայացավ Դուբլինում 2011-ի հոկտեմբերի 11-ին: Իսպանացի տխրահռչակ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթեւ ձեռքով» կարմիր քարտ ստացավ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ինչն ազդեց հանդիպման ելքի վրա: Իռլանդացիները հաղթեցին 2-1: Մերոնցից գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկության ժամանակ էլ, երբ մեր թիմը հանդես էր գալիս B լիգայում, 2022-ի հունիսի 4-ին Երեւանում հաղթեցինք իռլանդացիներին 1-0 հաշվով, գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը: Նույն տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում իռլանդացիներն առավելության հասան 3-2 հաշվով: Մերոնցից աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Էդուարդ Սպերցյանը: Վերջին խաղը կայացել է այս տարվա սեպտեմբերի 9-ին աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մերոնք Երեւանում հաղթեցին 2-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը:
Այսպիսով՝ ազգային հավաքականների հայ-իռլանդական դիմակայությունում կայացել է 5 խաղ, Հայաստանը հաղթել է 2-ում եւ պարտվել 3-ում: Մերոնք խփել են 6 գոլ, բաց թողել 7-ը:
Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 210 ընտրանիների մեջ 103-րդն է, իսկ Իռլանդիան՝ 61-րդը:
Իռլանդիա-Հայաստան հանդիպմանը զուգահեռ Լիսաբոնում կմեկնարկի Պորտուգալիա-Հունգարիա մրցավեճը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել