HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Պատերազմի հոգեբանական հետևանքները. անհետ կորածի հարազատի երկիմաստ վիշտը

«Հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը, և կարևոր է, որ մեր՝ մեծերիս ապրած տրավմաները չփոխանցենք հաջորդ սերունդներին»,-այս խոսքով բացեց հոգեկան առողջության վերաբերյալ միջոցառումը «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, հոգեբան-փորձագետ Խաչատուր Գասպարյանը։

Հոկտեմբերի 10-ին՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրը «ԱՐԱՐ» հիմնադրամը, «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը ներկայացրեցին «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով հետազոտության արդյունքները։

Միջոցառման ավարտին՝ քննարկման ժամանակ «Հետքը» բանախոսներին հարցրեց անհետ կորածների հարազատների հոգեբանական վիճակի, նրանց հետ աշխատանքների առանձնահատկությունների մասին և արդյոք պատկան մարմինները հաշվի առնում են այդ հանգամանքները նրանց հետ շփումներում կամ նրանց գործերը քննելիս։ Օրինակ՝ հոկտեմբերի 7-ին մեկ ամսով կալանավորված Արսեն Ղուկասյանի գործով, որի եղբայրը զոհվել է 2020թ.-ի 44-օրյա պատերազմում, իսկ եղբորորդին անհետ կորած է։

«Ես անձամբ աշխատել եմ անորոշ վշտի հետ, ընտանիքների հետ, ովքեր ունեն անհետ կորած անձ։ Անորոշ վիշտը կամ երկիմաստ վիշտը չի համեմատվում սովորական վշտի այն փուլերի հետ, որոնք հոգեբանության մեջ կիրառվում են վշտի մեջ եղած մարդուն օգնելու համար։ Գիտե՞ք որն է այդ երկիմաստությունը, այն, որ մի կողմից՝ հոգեբանը չի կարող նրանց պատրաստել ընդունելու, որ հարազատն այլևս չկա, որովհետև փաստ չունի։ Մյուս կողմից՝ չի կարող կեղծ իլյուզիայի մեջ դնել, որ նա ողջ է, որովհետև նորից փաստ չկա։ Երկու հակառակ բևեռները մարդուն ուղղակի ջլատում են, և սա ևս մի թեմա է, որը կարող է անցնել հաջորդ սերնդին, որովհետև մարդիկ չեն կարողանում իրենց կյանքի ընթացքում այդ վշտի բեռը թոթափել»,- ասաց Խաչատուր Գասպարյանը։ 

Նա նշեց նաև, որ անհետ կորածների հարազատների հետ հոգեբանը փորձում է լինել  նվագակցողի դերում, իրականության դժվարություններին չի կարող ակտիվ միջամտել։ Անհետ կորածների դեպքում ֆիզիկական մարմինը չկա, բայց կա նրանց հոգևոր ներկայությունը՝ անվերջ, անդադար։ Նրանք ամեն վայրկյան սպասում են. պատուհան բացվեց, դուռը չխկաց, թարմացնող հիշողություններ։ Այդ սպասումը կախյալության հիվանդություն է դառնում։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատների՝ Պաշտպանության նախարարության մոտ սեպտեմբերի 29-ի ակցիային մասնակցած եւ մեկ ամսով կալանավորված Արսեն Ղուկասյանին, որը մեղադրվում է խուլիգանության, վարույթի նախաքննությանը ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով, Գասպարյանը նշեց. «Դեռ մեզ չեն դիմել, էթիկապես ճիշտ չէ ցուցաբերել նախաձեռնողականություն, միջամտել դատական պրոցեսին։ Փաստաբանների միջնորդություն ներկայացնելու դեպքում մենք՝ հոգեբան-փորձագետներս, մեծ պատրաստակամությամբ կտանք փորձագիտական  եզրակացություն՝ մասնագիտական բարձր մակարդակով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter