
Լրացումներ են առաջարկվում բյուջետային համակարգին վերաբերող օրենքում
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման եւ կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ:
«Մասնավորապես, նախատեսվում է օրենքում սահմանել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը եւ դրանցում կատարվող փոփոխությունները լիազորված մարմնի կողմից ենթակա են նախնական գնահատման, ինչպես նաեւ հստակեցնել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը եւ դրանցում կատարվող փոփոխությունները նույնպես ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով վերոնշյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախատեսվում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային քաղաքականությունը եւ Կառավարության բյուջետային ուղերձը շարադրող դրույթներում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերին առնչվող տեղեկատվությունները:
Առաջարկվում է նաեւ օրենքում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի գնահատման նպատակով պետական մարմինների կողմից տեղեկատվության հավաքագրման ընթացակարգը սահմանող դրույթ:
Օրենքի պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների աղբյուրները սահմանող հոդվածներում ներառել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող փոխհատուցումները, տույժերն ու տուգանքները եւ այլ վճարները:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական գործիքակազմ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի մասով, դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման իրավական պահանջներ եւ հիմքեր:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել