HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին վարչապետի փեսայի հէկը պետական փորձաքննական բացասական եզրակացություն է ստացել

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Ուրասար բնակավայրի վարչական տարածքում «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի՝ 4,2 ՄՎտ հզորության փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծը պետական փորձաքննական բացասական եզրակացություն է ստացել։

Հիշեցնենք՝ 2023 թվականին հիմնադրված ընկերության սեփականատերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր` Նաիրա Սարգսյանի ամուսինն է` Հայկ Սուվարյանը, որը արդեն իսկ այլ հէկեր է շահագործում Լոռու և Վայոց ձորի մարզերում։  

«Ստեփձոր-1» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման էր ներկայացրել նոր հէկի կառուցման նախագիծը, որտեղ հստակ նշվում էր, որ փոքր հէկի շենքի տարածքը խոտածածկ է, կան ծառաթփեր, 60 ծառ, որից 35-36-ը մեծ ծառեր են՝ 20 տարեկան և ավելի հասակով։ Կան նաև հատուկենտ սոճիներ, բոխի, եղևնի և այլ տեսակներ, ինչպես նաև մասրենիներ, մոշ, չիչխան և այլ թփատեսակներ։ Ծառերը նախատեսում էին հատել, դրանց դիմաց ընկերությունը համայնքապետարանի տրամադրած տարածքներում խոստանում էր տնկել 649 ծառ։

Սակայն փորձաքննությամբ փաստվել է, որ համայնքի կողմից տրվել է ևս մեկ հակասական գրություն, համաձայնություն հատվող ծառերի նույն թվով փոխհատուցումն ապահովելու համար։

Ավելին, փորձաքննության ընթացքում պարզվել է, որ «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի նախատեսած 7,5 կմ միաճյուղ մետաղական ճնշումային դերիվացիոն խողովակաշարի շուրջ 5 կմ-ն անցնում է պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերով, իսկ հենասյուների տեղադիրքը որոշ հատվածներում համընկնում է հատուկ պահպանվող տարածքների՝ պատմամշակութային հողերի հետ։

«Ծառաթփային կազմի հատման վերաբերյալ համաձայնություն համայնքը կարող է տրամադրել միայն համայնքապատկան հողերում, իսկ անտառային և պատմամշակութային հողերում իրականացվող աշխատանքների վերաբերյալ համաձայնություն կարող են տրամադրել միայն լիազոր մարմինները»,- արձանագրված է փորձաքննության եզրակացության մեջ։

Համաձայն  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի դիրքորոշման՝ դերիվացիոն խողովակաշարի անցկացման աշխատանքների արդյունքում հատման ենթակա կլինեն զգալի թվով տարբեր տեսակի և տրամագծի՝ կաղնի, բոխի, տանձի, խնձորի, հացի, խթկի, կեչի, ուռի և թփեր, որոնք ներկայացված չեն եղել ՇՄԱԳ փաստաթղթում և չկա համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված համաձայնեցումը նախագծի տվյալ հատվածում գործունեության իրականացման համար։

Եզրակացությամբ նաև արձանագրվել է, որ Չքնաղ գետի բնական հոսքի փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ գետի էկոհամակարգի վրա։ Մասնավորապես, որոշ ձկնատեսակներ կարող են կորցնել իրենց սեզոնային միգրացիոն ուղիները, ինչը կհանգեցնի դրանց թվաքանակի կրճատմանը կամ ամբողջությամբ անհետացմանը։ Տուրբինների միջով անցնող ջրի հոսքը կարող է նաև հանգեցնել ջրի ջերմաստիճանի փոփոխության, ինչը նույնպես բացասաբար կանդրադառնա կենսաբազմազանության վրա։

Այս անգամ փորձագետները նաև ուշադրության են արժանացրել տարածքի գեղատեսիլ տեսքին և համայնապատկերիներին, ինչը սովորաբար տեղ չի գտնում փորձաքննությունների ժամանակ։

«Փհէկի կառուցմանն ուղեկցող ենթակառուցվածքները՝ ճանապարհները, խողովակաշարերն ու շինությունները զգալիորեն կփոխեն տարածքի գեղատեսիլ բնապատկերը։ Սա իր հերթին խոչընդոտելու է ոչ միայն զբոսաշրջաության զարգացմանը, այլև գետի հարակից համայնքների բնակիչների սեզոնային հանգստի և ձկնորսության կազմակերպմանը։

Շինարարական աշխատանքների համար նախատեսված ծառահատումները կարող են ժամանակի ընթացքում խաթարել լանջերի կայունությունը՝ հանգեցնելով հողի էրոզիայի և սողանքների առաջացմանը։ Սա կբերի ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նոր խնդիրների առաջացմանը»,- արձանագրել է փորձագետ Շուշանիկ Կարապետյանը։

Ծառահատման հետևանքով տեղի կենսաբազմազանությունը լուրջ վնասներ կկրի, կենդանատեսակները ստիպված կլինեն լքել իրենց բնադրավայրերը և տեղափոխվել այլ տարածքներ, հաճախ չհարմարվելով նոր պայմաններին, ինչը կարող է նվազեցնել նրանց թվաքանակը, հանգեցնել որոշ տեսակների տեղական անհետացմանը և կենդանական աշխարհի բնական հավասարակշռության խախտմանը։

Ահա այս հանգամանքներից և փաստերից ելնելով էլ նախկին վարչապետի փեսայի հէկին տրվել է պետական փորձաքննական բացասական եզրակացություն։

Հայկ Սուվարյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter