HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի ընտրանուն

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2 անպատասխան գնդակ ընդունեց Հունգարիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։ Հունգարացիները խաղն ավելի ակտիվ սկսեցին, իսկ մեր տղաները հիմնականում պաշտպանվում էին։

18-րդ րոպեին մրցակցի դարպասի ուղղությամբ հարված կատարեց Լուկաս Սելարայանը, սակայն հունգարացիների դարպասապահը գնդակը հետ մղեց։ 

Լավ հնարավորություն ունեցավ Հունգարիայի հավաքականի ավագ Դոմինիկ Սոբոսլայը, սակայն «Լիվերպուլի» կիսապաշտպանը նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը։ 

Առաջին կեսում խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց, և թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսի սկզբում Հունգարիայի հավաքականը մեծացրեց ճնշումը, ինչը տվեց իր արդյունքը։ 56-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դանիել Լուկաշը՝ 1-0։ 

70-րդ րոպեին վտանգավոր պահ ստեղծվեց տանտերերի դարպասի մոտ, սակայն մեր ընտրանու ավագ Տիգրան Բարսեղյանը բարձր հարվածեց։ 74-րդ րոպեին ևս Բարսեղյանը հարվածային դիրքում հայտնվեց, այս անգամ էլ գնդակը հեռացրեց դարպասապահ Բալաժ Տոտը։ 

84-րդ րոպեին Հունգարիայի հավաքականը մոտ էր առավելությունը կրկնապատկելուն, սակայն մեր թիմին օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը։ 

Երկրորդ գնդակից խուսափել մեր ընտրանին չկարողացավ։ Ավելացված ժամանակի վերջին րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Գրուբերը՝ 2-0։ 

Հիշեցնենք՝ առաջին տուրում մեր հավաքականը ցավալի պարտություն էր կրել Պորտուգալիայի ընտրանուց՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով, իսկ երկրորդ տուրում 2-1 հաշվով առավելության էր հասել Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։

Այս պահին եվրոպական գոտու ընտրական F խմբում վաստակած 3 միավորով Հայաստանի հավաքականը երրորդն է, 6 միավոր ունի Պորտուգալիայի հավաքականը, 4 միավոր՝ Հունգարիան, իսկ Իռլանդիան 1 միավորով եզրափակում է աղյուսակը։ Պորտուգալիան ու Իռլանդիան մեկակական խաղ պակաս են անցկացրել։ Նրանց միջև հանդիպումը Լիսաբոնում կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45-ին։

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 14-ին՝ հյուրընկալվելով Իռլանդիայի ընտրանուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter