HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չես կարող ասել՝ ես սիրում եմ իմ քաղաքը և անգործ նստել տանը»․ գավառցի երիտասարդ

Գավառ քաղաքում երեկոյան ժամը վեցից հետո հազվադեպ կարելի է տեսնել աղջիկների՝ այգում զբոսնելիս։ Համայնքը պահպանողական է, երիտասարդների համար աշխատանքի, ժամանցի ու զարգացման հնարավորությունները՝ սահմանափակ։ Քիչ են նաև նախաձեռնությունները, որոնք կօգնեն երիտասարդներին մնալ ու հաստատվել իրենց համայնքում։ Երիտասարդ կամավորների մի խումբ 2023 թվականին հիմնել է «Ռեստարտ Գավառ» հասարակական կազմակերպությունը՝ համայնքում երիտասարդների կյանքն ակտիվացնելու և հասարակական գործունեության մղելու, համայնքային որոշումների կայացման գործընթացում մասնակցային մշակույթ ձևավորելու նպատակով: Ներկայում կազմակերպությունն իրականացնում է համայնքային խնդիրներին վերաբերող սոցիալական, բնապահպանական ծրագրեր, ինչպես նաև ժամանցային միջոցառումներ։ Կազմակերպությունը փորձում է աջակցել ու մենթորություն տրամադրել Գավառի երիտասարդներին, օգնել նրանց գաղափարները իրագործել ծրագրերի միջոցով: 

«Ռեստարտ Գավառ»-ի նախագահ Նարեկ Արևշատյանը պատմում է, որ երբ կազմակերպությունը նոր էր սկսել աշխատել, կարծրատիպեր կային նույնիսկ հասարակական կազմակերպություններում աշխատելու մասին: 

«Մարդկանց մոտ ընկալում կար, որ հասարակական կազմակերպություններն օտարերկրյա շահեր են սպասարկում: Դրա հետևանքով երիտասարդների թույլ մասնակցություն կար»,- նշում է Նարեկ Արևշատյանը:   

Կազմակերպությունն իրազեկման արշավներ էր իրականացնում նախաձեռնություններին նոր երիտասարդների ներգրավելու համար։ 

«Փորձում ենք աշխատել այն երիտասարդների հետ, որոնք այդքան էլ ակտիվ չեն ու փակ են կամ որոնք հասարակական կազմակերպություններին կասկածանքով ու անվստահությամբ են վերաբերվում»,- ասում է կազմակերպության նախագահը: 

Կազմակերպության անդամներից Նոնան ասում է, որ «Ռեստարտ Գավառ»-ում աշխատելն օգնել է իրենց կամավորներին ներգրավվել կազմակերպությունից ու Գավառից դուրս իրականացվող նախաձեռնություններում, և նույնիսկ աշխատանքի անցնել տարբեր երևանյան ՀԿ-ներում։ 

«Դա մեզ ուրախացնում է, քանի որ այդպիսով մենք նրանց համար սկզբնական հարթակ ու հիմք ենք հանդիսացել ու օգնել ենք աճել»,- ասում է Նոնա Հովեյանը: 

Կազմակերպությունն ակտիվ համագործակցում է համայնքապետարանի հետ, մասնակցում են ավագանու նիստերին։ Ասում են՝ փորձում են ոչ թե երիտասարդներին մոտեցնել ՏԻՄ-ին, այլ հակառակը՝ ՏԻՄ-ը երիտասարդներին:

«Երբ մենք բարձրաձայնում ենք համայնքի որևէ խնդրի մասին, մենք փորձում ենք հանդես գալ նաև դրանց լուծումների առաջարկներով՝ այդպիսով մեծացնելով կազմակերպության ներգրավվածությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում»,- ասում է ՀԿ-ի նախագահը: 

Կազմակերպությունը համայնքապետարանի հետ համագործակցել է մասնակցային բյուջետավորման նախագծի ընդունման ժամանակ, երբ բնակչությանը պետք էր ծանոթացնել ու բացատրել նախագիծը։ Տնետուն շրջել ու բացատրել են նախագծի էությունը և կարևորությունը։ 

«Մենք հաճախ ենք ասում, որ միջնորդ ենք պետության ու հասարակության միջև: Մենք որոշակի պատկերացում ունենք համայնքում տեղի ունեցող գործընթացների, կայացվող որոշումների մասին և օգնում ենք բնակչությանը դրանք հասկանալ»,- ասում է Նարեկ Արևշատյանը։ 

Խոսելով համայնքում առկա կարծրատիպերից` երիտասարդներիը միանգամից նշում են աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքը։ 

Լիաննա Շահոյանը, ով տեղահանվել է Արցախից 2023 թվականին ու միայն վերջին երկու տարին է ապրում Գավառում, ասում է՝ Գավառում հասարակությունը շատ պահպանողական է։  

«Աղջիկը 6-ից հետո չպիտի տնից դուրս գա ու առավել ևս՝ այգի գնա: Երբ աղջիկներն իրենցից անհամեմատ փոքր տարիքի տղաների են տեսնում այգում, մեկ է հրաժարվում են գալ, ասում են՝ եթե տեսնեն, մեր մասին ինչ ասես, կասեն։ Սրճարաններ էլ չեն հաճախում։ Ամբողջ Գավառում երկու սրճարան կա, բայց պատճառը դրանց քիչ լինելը չէ, այլ նման մշակույթի բացակայությունը»,- պատմում է Լիաննան: 

Ասում է՝ աղջիկները նույնիսկ քաղաքից դուրս գիշերակացով որևէ միջոցառման չէին գնում, ճամբարներին չէին մասնակցում․ ծնողները թույլ չէին տալիս։ Կազմակերպությունը բացօթյա ժամանցային միջոցառումներ է կազմակերպում՝ տղաների ու աղջիկների համատեղ ժամանակ անցկացնելու կաշկանդվածությունը թեթևացնելու համար։ 

 

«Սկսեցինք կինոդիտումներ կազմակերպել 6-ից հետո՝ այգում։ Ինքներս ակտիվ մասնակցում էինք ցույց տալու, որ ոչ մի վատ բան չկա նման միջոցառումներին աղջիկների ու տղաների իրար հետ մասնակցության ու ժամանց ունենալու մեջ: Դա օգնեց, գուցե քիչ, բայց ինչ-որ չափով փոխել միջավայրը: Մեր օրինակին հետևելով՝ հետաքրքվածների թիվը մեծացավ։ Գալիս էին կինո նայելու այնպիսի մարդիկ, որոնք մինչ այդ այգի էլ չէին գնում։ «Ռեստարտ Գավառ»-ի բացվելուց հետո զգացվում է դրական փոփոխությունը»,- պատմում է Լիաննան:  

Կազմակերպության ծրագրերին հիմա աղջիկներն ավելի ակտիվ են ներգրավվում: Չնայած այս ջանքերին ու փոքր, բայց դրական փոփոխություններին՝ երիտասարդների մի մասը մտածում է քաղաքից գնալու մասին: Ասում են՝ Գավառում չեն կարող աճել ու կայանալ իրենց մասնագիտություններում: 

«Երբ դու մտածում ես առաջ գնալու մասին, իսկ քո համայնքը չի տալիս դրա հնարավորությունը, դու ստիպված լքում ես այն: Չես կարող ասել՝ ես սիրում եմ իմ քաղաքը և անգործ նստել տանը: Ես միշտ կօգնեմ ու կանեմ հնարավորինը քաղաքի համար, բայց իմ անձնական աճի համար այստեղ հավերժ մնալ չեմ կարողանա»,- ասում է կազմակերպության անդամներից Նոնան:

Գավառում տեսարժան վայրեր չկան, ժամանցի վայրերը քիչ են։ Երբ քաղաքում մեծ միջոցառում է լինում, հյուրերի մնալու տեղի հարց է առաջանում, քանի որ հյուրանոցները քիչ են ու փոքր։ Թատրոնի շենք ունեն, բայց հետաքրքրություն թատրոնի նկատմամբ՝ չունեն։ Կազմակերպվող կինոդիտումներն էլ մշտական չեն։ Երիտասարդների համար աշխատանքի հնարավորությունները քիչ են։ Ասում են՝ հասարակական կազմակերպությունների կարիք կա քաղաքում, որ տարբեր ոլորտների ծրագրեր իրականացնեն ու գոնե կյանքը աշխուժացնեն։ 

«Մենք ճանաչվել ենք երիտասարդական մայրաքաղաք, թվում է՝ պետք է շատ ծրագրեր լինեն։ Բայց հերիք չէ մատների վրա հաշված հասարակական կազմակերպություններ են այստեղ գործում, իրենք էլ իրենց աշխատողներին, իրենց տարածքը պահելու խնդիր ունեն: Նման վիճակում կազմակերպության ծրագրերը մղվում են երկրորդ պլան»,- ասում է Նարեկ Արևշատյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter