Սևյանի անվան մշակույթի պալատի «կյանքում» ոչինչ չի փոխվել, պարզապես թղթաբանությունն է շատացել
Գյումրիում երկրաշարժի կնիքը կրող կարևոր շինություններից մեկի փրկության լուրը հաստատվեց այս տարվա սեպտեմբերին, երբ վերջապես սկսվեցին զբոսաշրջիկների շրջանում հայտնի «Վառեմ-մարեմ» շենքի վերականգնման աշխատանքները: Իսկ ահա մեկ այլ հուշարձանի՝ Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ:
Երկաթուղայինների մշակույթի պալատը, նախքան երկրաշարժը եւ երկրաշարժից հետո եւս 26 տարի, գտնվել է մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Դժվար է ասել, թե անցած տարիներին, նախարարությունում ինչպիսի քննարկում է եղել շենքը վերջնական ավերումից փրկելու վերաբերյալ, սակայն փաստն այն է, որ աղետից այդքան տարիներ անց էլ կառույցը մնացել է կիսավեր՝ վերածվելով աղբանոցի: Գյումրու ավագանու որոշմամբ (քաղաքապետ Սամվել Բալասանյան), 2014թ․-ին մշակույթի պալատի շենքը վերադարձվել է քաղաքի հաշվեկշիռ՝ դառնալով համայնքային ենթակայության: Նման քայլը իշխանությունները պատճառաբանեցին նրանով, որ Կառավարությունում, եթե անգամ վերականգնման ծրագրեր էլ կազմվել են, ապա դրանք մնացել են թղթի վրա:
Այդ նույն տարում մշակույթի պալատի կիսավեր շենքն անհատույց օգտագործման հանձնվեց «Արաքս» կազմակերպությանը: 2016թ․-ին, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն իր հարցազրույցներից մեկում հայտնեց որոշակի աշխատանքների մասին, որոնք իրականացրել է տվյալ կազմակերպությունը, խոսեց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մասին: Հետագայում պիտի պարզվեր, որ ոչինչ էլ չի արվել: 2018թ․-ի սեպտեմբերի 11-ին Գյումրու ավագանին, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, ուժը կորցրած ճանաչեց ավագանու 2014թ․-ի սեպտեմբերի 30-ի N-138 Ա որոշումը, որով 2014թ․-ի սեպտեմբերի 30-ին երկաթուղայինների մշակույթի պալատի վթարված շենքի տարածքը անհատույց (մշտական) օգտագործման էր հանձնվել «Արաքս» կազմակերպությանը:
2018թ․-ին համայնքապետարանում քննարկման էր ներկայացվել Երկաթուղայինների անվան մշակույթի պալատի վերականգնման մի քանի նախագիծ: Կառույցի հետ կապված, ընդհանուր առմամբ, շրջանառվել է 4 նախագիծ, սակայն 2019թ․-ի հունվարին հանրային քննարկման պիտի դրվեր 3-ը: Նրանցից մեկը սերտ առնչություն ուներ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանի անվան հետ:
Այս ծրագի հետ կապված, որպես շահագրգիռ կողմ, նշվում էր Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Կարինե Ավդալյանի անունը: Վերջինս իր հարցազրույցներում բազմիցս նշել էր, որ ծրագիր կա Գյումրիում պրոֆեսիոնալ համերգային դահլիճ ունենալու, կան ֆինանսավորողներ, եւ ծրագիրը սկսելն ընդամենը ժամանակի հարց է: 2018թ․-ի փետրվարի 17-ին աշխարհահռչակ ջութակահար Միխայիլ Սիմոնյանը եւ Լեւոն Սարգսյանը ստորագրել էին համաձայնագիր Գյումրիում ժամանակակից մշակույթի կենտրոնի կառուցման վերաբերալ: Սակայն հիշյալ նախագիծը իշխանափոխությունից հետո դուրս է մնում քննարկումների փուլից:
Հանրային քննարկմանը ներկայացված երկու նախագծերից մեկով Գյումրիում ֆիլհարմոնիկի, մյուսով՝ պարարվեստի միջազգային կենտրոն ունենալու գաղափարներն էին ներկայացվել: Հաղթում է «Բալետ 20/21» հիմնադրամի նախագիծը, որի համաձայն՝ պիտի վերականգնվեր երկու հարկ՝ մոտ 3200 քմ տարածք, ճարտարապետական լուծումով շենքի մեկ հատվածում ավելանալու էր նաեւ 3-րդ հարկ: Ծրագիրն իրականացվելու էր ՀԲԸՄ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կամուրջ» ծրագրի շրջանակներում տրվող ԵՄ դրամաշնորհով: Բոլոր կառույցներում հավանության արժանանալու դեպքում, վերականգնման շինարարական աշխատանքները սկսվելու էին 2019թ․-ին և ավարտվելու՝ 2022թ․-ին: Այս նախագծով վերականգնվելու էր ոչ միայն նախկին 500 տեղանոց դահլիճը, այլեւ նախատեսված էր ևս մեկը չափերով փոքրը՝ փորձարարական նախագծերի համար:
«Բալետ 20/21» դպրոցի հիմնադիր, ճանաչված խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը դեռևս վեց տարի առաջ հավաստիացնում էր, որ բավարար է նախագիծը հաստատվի, իրենք կարող են 2019թ․-ի գարնանն արդեն սկսել շինարարական աշխատանքները, և 2022թ․-ին Գյումրիում իր դռները կբացի պարի միջազգային մի կենտրոն, որտեղ հնարավորություն կունենան զարգացնելու բալետը: Քաղաքապետարանի հետ հուշագիր ստորագրելուց հետո, հիմնադրամի կողմից տեսանելի գործողությունն այդ ժամանակ լինում է մի քանի մեքենա աղբի տեղափոխումը շինության ներսից:
2022թ․-ի փետրվարին Սևյանի մշակույթի պալատի ծրագրի ղեկավար Լիլիթ Պետրոսյանը «Շանթ» ՀԸ-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ շենքի վերակառուցման համար 5 մլրդ դրամ է հարկավոր: Արվել է միայն նախագծի կոնցեպտը, որի հեղինակը ամերիկաբնակ, ճարտարապետ Ազատ Շիշմանյանն է: Այս նպատակով ծախսվել է Եվրամիությունից ստացած դրամաշնորհը: Նույն ռեպորտաժում Լիլիթ Պետրոսյանը հավաստիացրել է, որ պալատը պատրաստ կլինի 2026թ․-ին:
2025թ․-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ, Գյումրու Սևյանի մշակույթի պալատը ոչ միայն կանգնած է նույն տեսքով, այլև գրավել է փողոցային նկարչությամբ զբաղվողների ուշադրությունը: Իհարկե, այն, ինչ հայտնաբերեցինք լուսանկարելիս, դժվար է արվեստի գործ կոչել: Ներկի թարմությունը հուշում է, որ աշխատանքն առնվազն 2-3 տարի առաջ է արվել և քաղաքապետարանի՝ ո՛չ քաղաքաշինության, ո՛չ մշակույթի բաժինները որևէ կերպ չեն արձագանքել: Շենքի վրա առկա էին նաև ավելի վաղ տարիների նկարազարդումներ: Ամեն դեպքում, սկսած 2018թ․-ից, շենքը քաղաքի սեփականությունն է, և քանի դեռ շինարարության առումով ոչ մի տեսանելի քայլ չի արվում, պահպանության բեռը նշված կառույցներինն է:
Սևյանի անվան մշակույթի պալատի ճակատագրի հետ կապված «Հետք»-ը զրուցել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ: Վերջինս նշեց, որ կառույցը շարունակում է մնալ քաղաքի հաշվեկշռում, իր տեղեկություններով թե՛ նախագծի հեղինակները, թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը փորձում են գումարներ ներգրավել, սակայն դեռ հստակ տեղաշարժ չկա: «Շենքը համայնքային սեփականություն է, բայց ունենք հուշագիր, որ տրամադրելու ենք «Բալետ 20/21»-ին, իրենք նախագծային ինչ-որ աշխատանքներ են արել, սակայն դեռ մեզ չեն ներկայացրել, հիմա, իմ տեղեկություններով, գումարների փնտրտուքի մեջ են,- հայտնեց Հենրիկ Գասպարյանը,- դիմել են Էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի դրամական աջակցություն ստանան: Վերջերս էլ, որքան գիտեմ, ծրագրի հեղինակ Պետրոսյան Լիլիթը հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ»:
Զրուցեցինք նաև Լիլիթ Պետրոսյանի հետ, որը վերջերս նշանակվել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի տնօրենի պաշտոնում: «Այո, քաղաքապետի հրավերով հանդիպել եմ, ներկայացրել ծրագիրն ու ծրագրի ընթացքը, հայտնեցի, որ արդեն եղել է հանրային կոմիտեի հանդիպումը վարչապետի ղեկավարությամբ, ներկայացրի, որ ինչ-որ փուլում Կառավարությունը որոշել է ծրագրի իրականացումը վերցնել իր վրա: Գիտեմ, որ Գյումրու քաղաքապետը նամակ-հարցում է ուղարկել Կառավարություն, սակայն պատասխանից տեղյակ չեմ, գուցե դեռ իրենք էլ պատասխան չունեն, սակայն բոլորս էլ շահագրգռված ենք՝ հասկանալու, թե ինչպես է դասավորվելու շենքի ճակատագիրը»,- փոխանցեց Լիլիթ Պետրոսյանը:
Անցած 6 տարվա ընթացքում շինարարության ավարտի հետ կապված երկու ժամկետների հրապարակումն ու դրանց չիրականացման հետ կապված զրուցակիցս նշեց մի շարք պատճառներ: «Նախ՝ քովիդ եղավ, հետո պատերազմ, հետպատերազմական շրջան, ընտրություններ: Ամեն մի նախարարի, քաղաքապետի, անգամ վարչության պետի փոփոխություն, մեկ տարով հետ էր գցում ծրագիրը: Մենք անընդհատ եղել ենք տարբեր բանակցություների մեջ,-ասում է Լիլիթ Պետրոսյանը,- Էկոնոմիկայի նախարարությանը երբ ներկայացրեցինք, այն ժամանակ նախարարը Քերոբյանն էր, ինքը ներկայացրեց Կառավարությանը, այդ ժամանակ որոշվեց, որ ծրագրի ամբողջական իրականացման համար մասնավորին չընդգրկեն, որովհետև եթե Կառավարությունն իր ներդրումն անի, իսկ մասնավորը՝ չէ, ծրագիրը կվտանգվի: Միայն երկու անգամ լսումներ են եղել հանրային ներդրումների կոմիտեում: Տուրիզմի կոմիտեն էլ իր հերթին է փորձում ներդրողներ ներգրավել, իրենք դիմել են Համաշխարհային բանկին: Որևէ հստակ բան էս պահին ես էլ չեմ կարող ասել, քանի որ Կառավարությունը որոշել է, որ ինքն է զբաղվելու կառույցով»:
Իսկ գյումրեցիներն այս պահին կարող են փաստել ընդամենը մի բան, որ 2019թ․-ից անցել է 6, երկրաշարժից՝ 33 տարի ու Սևյանի անվան Երկաթուղայինների մշակույթի պալատի «կյանքում» ոչինչ չի փոխվել դրական առումով, պարզապես թղթատարությունն է շատացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել