HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղը ծերացած է՝ հիմնականում մնացել են թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող մի քանի մարդ»

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասում է, որ 2022-2025 թթ․ գյուղում 14 երեխա է ծնվել, ինչը վերջին 15 տարիների համար ռեկորդային ցուցանիշ է։

Այդուհանդերձ, գյուղից երիտասարդները հեռանում են։ 385 բնակիչ ունեցող սահմանապահ Կախակնում այսօր մնացել է 270 մարդ: Ա. Վաթյանն ասում է, որ 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո ստեղծված սահմանային նոր իրադրության պատճառով բնակիչների մի մասը լքել է գյուղը։ «17 աճող ընտանիքից 3-ը Ռուսաստան են գնացել, իսկ մնացածը Հայաստանի տարածքում են»,- Կախակնից հեռացածների մասին նշում է վարչական ղեկավարը։

Բնակիչները ցույց են տալիս գյուղից երեւացող սարը, որի գագաթին ու մի փոքր ներքեւ՝ Հայաստանի սուվերեն տարածքում, այսօր ադրբեջանական զինուժն է, իսկ դրանից ավելի ներքեւ հայկական դիրքերն են։ Գյուղի կենտրոնից մինչեւ ադրբեջանական առաջապահ դիրքեր, որոնք Հայաստանի տարածքում են, ուղիղ գծով 4,8 կմ է։

Բնակիչները պատմում են, որ մինչեւ 2022 թ․ այդտեղ էին տանում իրենց անասուններին, իսկ հիմա իրադրությունը փոխվել է։ Շատ են եղել դեպքեր, երբ անասուններն անցել են ադրբեջանական դիրքերը, եւ դրանց չեն վերադարձրել։

Կախակնի 1700 հա արոտավայրերից 800 հա-ն ու խոտհարքների մի մասը մնացել են միջդիրքային հատվածում՝ ադրբեջանական զինուժի դիտարկման տակ։ Աշոտ Վաթյանն ասում է, որ այդ տարածքներ մտնել այլեւս չեն կարողանում։ 2022 թ․ հետո գյուղում անասնագլխաքանակը գրեթե կիսով չափ կրճատվել է՝ մոտ 580 խոշոր եղջերավորներից մնացել է 260-ը։ Ներկայում դրանց համար որպես արոտավայր հիմնականում ծառայում են ոչ պիտանի, չօգտագործվող վարելահողերը։

Դիտարկման տակ են նաեւ գյուղի ջրագծերի կապտաժներից 5-ը: «5 կապտաժ ունենք, որոնց չենք կարող մոտենալ, իսկ 4-ը մեր սահմանին են։ Դիմել ենք Կարմիր խաչին, բայց ի՞նչ կարող են անել, ԵՄ դիտորդներին ենք դիմել, իրենք էլ էդ հնարավորությունը չունեն: 3 տարի է՝ ոչ մի բան չենք կարողանում անել, հիմա նորմալ է, բայց պիտի մաքրվեն»,- կապտաժների մասին ասում է Կախակնի վարչական ղեկավարը։

Սահմանամերձ այս գյուղում 1245 հա վարելահող կա, որից մշակվում է մոտ 950 հա-ն։ Մեծ մասամբ գարի, ցորեն են աճեցնում, մոտ 10 հա էլ՝ կարտոֆիլ։ Ըստ «Հետքի» զրուցակցի՝ այս տարի երաշտ է եղել, եւ գյուղում միջին բերքատվություն է գրանցվել։

Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Աշոտ Վաթյանն ասում է, որ եթե աշխատատեղեր լինեն, երիտասարդները չեն հեռանա։

«Էս պահին երիտասարդությունը գյուղից դուրս է։ Աշխատանք են փնտրում Հայաստանում։ Գյուղը ծերացած է՝ հիմնականում մնացել են թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող մի քանի մարդ: Աշխատուժը քիչ է գյուղում»,- ասում է սահմանապահ գյուղի վարչական ղեկավարը։

Վաթյանը համոզված է, որ եթե աշխատատեղեր ստեղծվեն, ու ադրբեջանցիները հետ քաշվեն սահմանից այն կողմ, երիտասարդները կվերադառնան գյուղ։ Ասում է՝ նրանք մշտական բնակության համար չեն գնացել։

Կախակնը Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից է: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ գյուղի ամենամեծ խնդիրն այս պահին Կախակն-Մեծ Մասրիկ 7 կմ երկարությամբ գրունտային ճանապարհի նորոգումն է։ Ըստ Վաթյանի՝ ընդհանրապես ճանապարհների վիճակը շատ վատ է։ Բնակավայրերն իրար կապող ճանապարհները երբեմն Վարդենիս համանքի ուժերով հարթեցվում են, բայց 10-15 օր հետո գրեթե նույն վիճակն է ստեղծվում։

Ներկայում Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում։ Գյուղի վարչական ղեկավարն ասում է, թե խոսակցություններ կան, որ երբ դա կառուցվի, ճանապարհներն էլ կվերանորոգվեն։ Այսպիսի սպասում է նաեւ հարեւան գյուղում՝ Արփունքում:

Այս պահին Կախակնի դպրոցում 34 երեխա է սովորում։ Մանկապարտեզ չկա, երեխաները հարեւան բնակավայրերի մանկապարտեզ կամ նախակրթարան են հաճախում։ Նոր կառուցվող կրթահամալիրում նաեւ մանկապարտեզ պիտի լինի։

Սահմանապահ Կախակնի վարչական ղեկավարը նկատում է՝ լուրջ հարց է նաեւ գյուղում հանդիսությունների սրահ չունենալը, իսկ մնացածը մանր խնդիրներ են, որոնք համայնքի ուժերով էլ կարող են լուծել:

«Գյուղը լավ գյուղ ա։ Ուղղակի որ երիտասարդությունը գնում է, դա է խնդիրը, պիտի պետականորեն ուշադրություն դարձվի»,- ասում է Աշոտ Վաթյանը։

Նյութը պատրաստվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ, UNFPA) հայաստանյան գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter