HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»․ ցավոք, կեղծ երկընտրանք է. անելիքն այլ բան է

Ալեք Ենիգոմշյան

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, թե 2026թ.-ի պետբյուջեի նախագծում պաշտպանական ծախսերը նախորդ տարվա համեմատ 15%-ով կրճատվելու են:

44-օրյա պատերազմի դաժան պարտությունից հետո Հայաստանում շրջանառության մեջ դրվեց/մտավ խոսույթ, ըստ որի՝ «եթե նոր պատերազմ ու հետեւաբար նոր պարտություն չենք ուզում, ապա պետք է ձգտենք Ադրբեջանի (և Թուրքիայի) հետ խաղաղության ու բնականոն հարաբերությունների հաստատման»։

Ներկայում, ու հատկապես օգոստոսի 8-ի վաշինգտոնյան նախաստորագրումից և համաձայնագրից հետո, ամենաբարձր ամբիոններից տարփողվում է, թե «խաղաղությունն արդեն նվաճված է», և «պատերազմ չի լինելու»:

Անշուշտ ոչ ոք, առավել եւս եթե պարտված է և թույլ, չի կարող պատերազմը նախընտրելի համարել խաղաղությունից։ Բայց ներկայում «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքը կեղծ է, իսկ «խաղաղությունն արդեն նվաճված է» պնդումը՝ գերսխալ: Դրանք երկուսն էլ (երկրորդն, իհարկե, առավել) չափազանց վտանգավոր են, որովհետեւ բթացնող են և անհրաժեշտ անելիքի գիտակցությունից շեղող։

Դրանք կեղծ ու գերսխալ են, որովհետեւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ հակամարտ երկու կողմերը ցանկանան այն։ Մինչդեռ տվյալ պարագայում Ադրբեջանը և Թուրքիան ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի կլանումն են ցանկանում և հետապնդում։

Հնարավոր թյուրըմբռնումների կամ շահարկումների առիթ չտալու համար վերստին ամրագրենք.

  • Այո, Հայաստանը պե՛տք է ձգտի իր երկու հարեւանների հետ հարաբերությունների բնականոնացման։ Նա պարտված կողմ է։ Ավելին՝ նույնիսկ պարտությունից հետո գոյութենական սպառնալիքների առաջ է կանգնած։ Նա չունի այլընտրանք։

Բայց բնականոնացումը չի կարող լինել ինքնանպատակ կամ խաբուսիկ։ Այն պետք է առնվազն ապահովի երկրի և պետության գոյատեւման պայմանները։ Պարտված կողմը ստիպված է ծանր գին վճարել։ Բայց գնի ծանրության սահմանը իր գոյատեւման երաշխավորված լինելն է։ Այդ սահմանից այն կողմ «բնականոնացումը» դառնում է անհեթեթ և խաբկանք։

Արդ, արդյո՞ք Ադրբեջանը և Թուրքիան ձգտում են Հայաստանի հետ հարաբերությունների իսկական բնականոնացման, այնպիսի բնականոնացման, որ Հայաստանի վճարած բարձր գնով հանդերձ, երաշխավորի նրա ապահով գոյատեւումը:

Պատասխան` Ո՛Չ։ Ինչպես ասում են՝ երիցս ՈՉ։

Ինչո՞ւ:

Այն օրը, երբ Հայաստանի հետ ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանը իրականացրած կլինի իր նպատակներից առաջինը՝ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքների նկատմամբ իր ամբողջական գերիշխանության փաստի Հայաստանի կողմից պաշտոնապես, միջպետական պայմանագրով ընդունումը, և հետեւաբար այդ տարածքներից որոշների նկատմամբ Հայաստանի և հայերի կողմից հետագա որեւէ պահանջի իրավականորեն բացառումը։

Նույն օրը Ադրբեջանը պաշտոնապես, թղթի վրա ճանաչած կլինի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այդ տարածքների վրա Հայաստանի գերիշխանությունը։ Բայց պայմանագրի ստորագրումը բացարձակապես չի նշանակում, որ երկու երկրների հարաբերությունները այդպիսով կդառնան «բնականոն» և որ այդ օրվանից Բաքուն պատրաստ կլինի հաշտ ապրելու Երեւանի հետ։ Ընդհակառակը։

Նախ՝ նախաստորագրված պայմանագրի 17 կետերն արդեն իսկ պարունակում են Հայաստանի համար հնարավոր «ծուղակներ», և պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը անձամբ պնդում է, որ այդ կետերը իր ցուցումով են ամրագրված: Բայց շատ ավելի կարեւոր է այն, որ «Խաղաղության պայմանագրի» հոդվածները Բաքվի միակ պայմանները չեն։ Հայտնի է, որ վերջինս բացահայտորեն ներկայացնում է այլ պահանջներ, որոնք ոչ միայն Հայաստանի գերիշխանության ճանաչումը կդարձնեն ձեւական, այլեւ ամենալուրջ սպառնալիքներ կներկայացնեն նրա գոյությանը։

Ադրբեջանը՝

  • Անկարայի հետ պահանջում է Սյունիքի վրայով ազատ երթեւեկություն՝ առանց Հայաստանի կողմից որեւէ վերահսկողության փաստացի իրավունքի։
  • Ալիեւի մակարդակով պահանջում է, որ Հայաստանի զինված ուժերին արգելվի ծանր սպառազինությամբ զինվել, այսինքն՝ փաստացի մերժում է Հայաստանի իսկական բանակ ունենալու իրավունքը։
  • Հայաստանի իշխանություններից պահանջում է վերացնել հայկական ինքնության խորհրդանիշերը և ջնջել պատմական հիշողությունը։
  • Օդում կախված է պահում իբր թե 150 միլիարդ դոլարի «վնասի հատուցման» պահանջի սպառնալիքը։

Եւ եթե նշվածները Հայաստանի գոյությանը սպառնալու առումով բավարար համոզիչ չէին, ահավասիկ ամենակարեւորը՝

  • Պաշտոնական մակարդակով Հայաստանը համարում է «Ադրբեջանից գողացված» «արհեստական» երկիր և պետություն։ Ալիեւն անձամբ Հայաստանի ներկա տարածքը համարում է «Արեւմտյան Ադրբեջան», և այնտեղից «բռնի տեղահանված» 300,000 ադրբեջանցիների «վերադարձը»՝ այն էլ «անվտանգության երաշխիքներով», համարում է «խաղաղության հաստատման ամենակարեւոր պայման»։ Հայաստանի ներկա հայ բնակչությունը ներկայացվում է որպես ոչ բնիկ, այլ ժամանակի ընթացքում հայացած գնչուական հավաքականություն։

«Խաղաղության պայմանագրի» ստորագրման կողքին նման պահանջների ձեւակերպումը և դրանց հետապնդումը այլ բան չի նշանակում, քան այն, որ իրականության մեջ Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանի փաստացի վերացումը։ Բաքուն դա չի էլ թաքցնում:

Այս նպատակադրումը նրա կողմից «զգացական զեղում» չէ։ Այն 2020-ից ի վեր արձանագրած իր հաղթանակների առաջ բերած գինովության արդյունքը չէ։ Այն ձեւավորվել է առնվազն ավելի քան երկու տասնամյակ առաջ, Իլհամ Ալիեւի իշխանության ստանձման օրերից, և բացահայտորեն արտահայտվել է հենց այդ ժամանակներից, երբ Ադրբեջանը դեռ շատ հեռու էր Արցախը վերազավթելու նույնիսկ նախադրյալները ապահոված լինելուց։

Իրենց իսկ վկայությունները այս նպատակադրման մասին այնքան շատ են, որ հատորներ կարող են լցնել։ Ահա այդ առումով պաշտոնական առաջին և վերջին հայտարարություններից մի քանիսը:

  • Սկսած 2003–2004 թվականներից՝ Ադրբեջանի պաշտպանության այն ժամանակվա նախարար Սաֆար Աբիեւը Հայաստանը անվանել է «Ադրբեջանից գրավված հողերի վրա ստեղծված պետություն»։
  • Պաշտպանության նախարարության գլխավոր խոսնակը՝ գնդապետ Ռամիզ Մելիքովը, 2004-ին բառացիորեն հայտարարել է․ «Գալիք 25 տարիների ընթացքում Հարավային Կովկասում Հայաստան պետություն չի մնա։ Արդի Հայաստանը Ադրբեջանի պատմական հողերի վրա կառուցված է։ Կարծում եմ՝ 25–30 տարուց այս տարածքը վերադարձած կլինի Ադրբեջանի օրենսդրությանը»։ Այս հայտարարությունը երբեք չի հերքվել:
  • Իլհամ Ալիեւը 2010թ.-ից սկսել է Հայաստանը հրապարակայնորեն ներկայացնել որպես «մեր հող» և խոսել այն «վերադարձնելու» մասին: Նա այդ միտքը շատ հստակ ձեւակերպել է նաեւ 2018 թվականին։
  • Պատերազմից հետո՝ 2022-ի դեկտեմբերին, նա հայտարարեց․ «Ներկա Հայաստանը մեր հողն է։ Ես սա ասում եմ որպես պատմական ճշմարտություն։ Միանշանակ պետք է մասնագետների հետ աշխատենք Արեւմտյան Ադրբեջան վերադարձի կոնցեպտի վրա։ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍԱ Է ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳԸ [ընդգծումը՝ մերը]: Այս ուղղությամբ աշխատանքը արդեն սկսվել է:»
  • 2025-ի հունիսի 18-ին նա հայտարարեց․ «Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան խաղաղության հաստատման ամենակարեւոր նախապայման է»։
  • Իսկ 2025-ի սեպտեմբերի 14-ին՝ այսինքն Վաշինգտոնում օգոստոսի 8-ին «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից ու Սյունիքով անցնող հաղորդուղիների վերաբերյալ համաձայնության կնքումից մի ամիս անց, նա կրկին հայտարարեց, որ «խաղաղությունը պետք է հիմնված լինի պատմական արդարության վրա»։

Այս բոլորից հետո Հայաստանի ամենաբարձր ամբիոններից հայտարարվում է, թե «խաղաղությունն արդեն նվաճված է», և «պատերազմ չի լինելու», իսկ պաշտպանական բյուջեն 15%-ով կրճատվում է:  Ապշե՞լ, զայրանա՞լ, թե՞ ողբալ:

2025թ-ին Ադրբեջանը ռազմական ծախսերին հատկացրել է 5.03 միլիարդ դոլար, որը համապատասխանում է իր ՀՆԱ-ի 6,6%-ին: 2026թ․-ի բյուջեով այդ ծախսերն ավելացել են 3,4%-ով՝ հասնելով 5,12 միլիարդ դոլարի, տարվա ակնկալվող ՀՆԱ-ի 6,5%-ը: Իսկ Հայաստանը նույն նպատակին 2025թ.-ին հատկացրել է 1,73 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 5,9%-ը), իսկ 2026թ․-ն այն կրճատել 15%-ով՝ հասցնելով  1,47 միլիարդի (ՀՆԱ-ի 4,7%-ը): 2025թ.-ի ռազմական հատկացումների բացարձակ թվերի համեմատությունը հօգուտ Ադրբեջանի 2,91 անգամից հասնում է 3,48 անգամի:

Մինչ Հայաստանում հայտարարվում է, թե «խաղաղությունը նվաճված է», Ալիեւը բառերը չի ծամծմում. նա Հայաստանը հռչակում է «մեր հող», «Արեւմտյան Ադրբեջանը»՝ «գլխավոր օրակարգ» և վերադարձի խնդիրը՝ «խաղաղության հաստատման ամենակարեւոր  պայման«:

Ինչպե՞ս է փորձելու Ալիեւն իրականացնել այդ նկրտումները: Կա՛մ պատերազմով, կա՛մ առանց պատերազմի: Եթե առանց պատերազմի, դա նշանակելու է, որ Հայաստանն առանց դիմադրության համակերպվել է այդ պահանջին, այսինքն՝ իր մահվան: Այդ դեպքում՝ այո, «պատերազմ չի լինելու» կանխատեսումը իրականություն դարձած կլինի: Ի՜նչ մեծ մխիթարանք. մեռնել ոչ թե պատերազմի հետևանքով, այլ «առանց պատերազմի»:

Իսկ եթե Հայաստանը չհամակերպվի այդ պահանջին, ապա Ադրբեջանն անկասկած վերստին դիմելու է ուժի: Դա արդեն պատերազմ է լինելու, ոչ թե՝ «պատերազմ չի լինելու»: Բայց եթե Հայաստանը պատրաստ չլինի այդ պատերազմին, հետեւանքը լինելու է նույնը՝ պարտություն և վերջնական կործանում:

Միայն մի դեպքում «պատերազմ չի լինելու»-ն կարող է դառնալ ճշմարիտ կանխատեսում՝ երբ Հայաստանը ձեռք բերած լինի անհրաժեշտ չափով դիմադրողականություն, ու դրանով կանխարգելի Ադրբեջանի արկածախնդրությունը:

Նշվածների կողքին կարելի է նույնքան ապշել շարունակվող այն պնդումներից, թե Արցախի հարցով զիջումների գնալու դեպքում կարելի էր խուսափել պատերազմից եւ պարտությունից։ Ադրբեջանը, երբ Հայաստանից դեռ հաստատապես  թույլ վիճակում էր գտնվում, 2003–2004 թվականներից վճռել էր ոչ միայն իր «ազիզ» Ղարաբաղը հետ բերել, այլ ամբողջ Հայաստանը վերացնել: Իսկ մենք, փոխանակ գիտակցեինք այդ բացահայտ ու հրապարակային սպառնալիքները և ջանքերի կենտրոնացումով այդ հեռանկարը անիրագործելի դարձնեինք, միամտաբար վիճում էինք ու շարունակում ենք վիճել՝ թե Արցախի շուրջ զիջումների դեպքում հնարավոր էր պատերազմը և պարտությունը կանխել ու դրա մի մասը պահել՝ հանցավոր անտարբերությամբ անտեսելով, որ Ադրբեջանը նպատակ էր դրել զավթելու ոչ միայն ամբողջ Արցախը, այլ ամբողջ Հայաստանը:

Ադրբեջանի վերոնշյալ նկրտումները նաեւ Թուրքիայինն են: Բացի «Զանգեզուրի միջանցքի» եւ մասամբ՝ խորհրդանիշերից ու պատմական հիշողությունից հրաժարվելու պահանջներից, Թուրքիան առերեւույթ թվում է կարծես առնչություն չունի Ադրբեջանի մյուս նպատակադրումների հետ։ Բայց այդ տպավորությունը խաբուսիկ է։ Ճիշտ է, Բաքվի վերոհիշյալ նպատակներն առաջին հայացքից ծառայում են ադրբեջանական ծայրահեղ ազգայնականության ծրագրերին: Բայց դրանք ավելի մեծ իմաստով ծառայելու են Թուրքիայի պանթուրքական ծրագրին։ «Միջանցքի» իրականացումը, որը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի պահանջն է, ինքնին առաջին քայլն է Թուրանի իրականացման ճանապարհին։ Բայց Բաքվի մյուս պահանջները («Արեւմտյան Ադրբեջան», բանակի սպառազինման արգելք եւ այլն) Թուրքիայի համար ամբողջացնում են Թուրանի հին ու վերածնած երազանքի իրականացման ճանապարհը։

Թուրքիան այսօր հրապարակավ չի կրկնում Բաքվի այդ պահանջները։ Բացահայտ աջակցությունը, փոխանակ օգնելու, կարող է վնասել այդ նպատակին։ Բայց «Մեկ ազգ՝ երկու պետություն»-ը միայն կարգախոս չէ, այլ գործող ուղենիշ։ Իզուր չէ, որ Անկարան ամեն առիթով հիշեցնում է, որ Երեւանի հետ իր հարաբերությունների բնականոնացումը պայմանավորված է վերջինի կողմից Բաքվի պայմանների ընդունմամբ։ Թուրքիան երբեմն կարող է նույնիսկ տարաձայնություններ ունենալ Ադրբեջանի հետ որոշ մարտավարական հարցերի շուրջ, օրինակ՝ ինչ-որ քայլի իրականացման ժամանակի ընտրությունը եւ այլն։ Բայց պանթուրքիզմի ռազմավարական նպատակի իրականացման անհրաժեշտության հարցում նրանց դիրքորոշումները համընկնում են։

Հետեւաբար՝ այո, Հայաստանը պետք է ձգտի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության եւ բնականոն հարաբերությունների հաստատման։ Բայց վերջինները նույն ցանկությունը չունեն: Ընդհակառակը՝ նրանց նպատակն է ժամանակի ընթացքում հասնել Հայաստանի փաստացի վերացմանը։ «Խաղաղության պայմանագրի» ո՛չ նախաստորագրումը, ո՛չ էլ ենթադրաբար վերջնական ստորագրումը այս իրականությունից ոչինչ չի փոխում։

Հայաստանը, եթե ուզում է խաղաղության մեջ ապրել իր արեւելյան ու արեւմտյան հարեւանների հետ, ունի միայն մեկ ուղի․ իր և ամբողջ հայության հնարավորությունների զորահավաքով ու կենտրոնացումով ձեռք բերել դիմադրողականություն այն իրական սպառնալիքի նկատմամբ, որի նպատակադրումն է նրա գոյության վերացումը:

Հայաստանի այդ միակ և վերջին հնարավորության իրականացումը դժվարին է, բայց ոչ անհնարին։ Դա առաջին հերթին պահանջում է․

  • Հայաստանում որոշում կայացնողների, քաղաքական դասի և հասարակության, ինչպես նաեւ Սփյուռքի հին և նոր կառույցների և անհատների կողմից՝ Հայաստանի և հետեւաբար ամբողջ հայության համար այդ գոյութենական սպառնալիքի խորը գիտակցում։
  • Այդ գիտակցման հիմքի վրա Հայաստանի և Սփյուռքի բոլոր հնարավորությունների զորաշարժ և կենտրոնացում՝ միակ օրակարգի՝ ներկա Հայաստանի դիմադրողականությունը ձեռք բերելու ուղղությամբ։

Այդ դիմադրողականության ձեռքբերումը իր հերթին ենթադրում է․

  1. Հայաստանի պետական համակարգի, քաղաքական դասի և հասարակության, ինչպես նաեւ պետություն–հասարակություն հարաբերությունների առողջացում։ Նմանապես, նշյալ խորը գիտակցության միջոցով՝ հայրենի կառույցներ–Սփյուռք հարաբերությունների առողջացում։
  2. Այդ առողջացման համար, բայց նաեւ անկախ այդ հանգամանքից, որպես ինքնուրույն նպատակ, մշակել և կիրառել պետական քաղաքականություն, որը հիմնված է հասարակական և իրավական իսկական արդարության, ժամանակակից և առողջ համակողմանի կրթության ու դաստիարակության, և կայուն, զարգացող արդիական տնտեսության սկզբունքների վրա։

Ներքին ամրությունը ապահովող այս երկու նախապայմանների կողքին Հայաստանի գոյատեւման դոկտրինն անհրաժեշտ է կառուցել նաեւ դրանց ու իրար փոխկապակցված և միմիանց փոխհարստացնող հետեւյալ չորս հենասյուների վրա․

  1. Ասիմետրիկ անվտանգություն և պաշտպանության կարողություն՝ ներխուժումը դարձնելով չափազանց թանկ։
  2. Բազմակողմանի դիվանագիտություն՝ Հայաստանը դարձնելով պահանջված և նույնիսկ անփոխարինելի բազմաթիվ տերությունների համար։
  3. Դիմացկուն տնտեսություն և ենթակառուցվածքներ՝ ազգային ինքնիշխանությունն ու պատերազմի ժամանակ կայունությունը ապահովելու համար։
  4. Հայրենիքի և Սփյուռքի միավորում միացյալ անվտանգային էկոհամակարգի մեջ։

Այս բոլորի կողքին և զուգահեռ անհրաժեշտ է ապահովել Հայաստանի ամբողջական գերիշխանությունը Սյունիքով անցնող հաղորդուղիների վրա։

Հայաստանի հասարակությունից և քաղաքացիներից, ինչպես նաեւ մտահոգ և ներգրավված սփյուռքահայերից ակնկալվում է․

  • Վեր կանգնել մեծ չափով արհեստական և վաղուց ժամանակավրեպ դարձած «նախկին/ներկա» և նմանօրինակ պատկերացումներից և կեղծ երկընտրանքներից։
  • Թեկուզ պահելով սեփական համոզումները՝ ձախողումների ու պարտությունների պատասխանատուների գնահատման հարցում՝ կենտրոնանալ անելիքի վրա: Իշխանությունների և ընդդիմության նկատմամբ սեփական դիրքորոշումը ձեւավորել՝ համաձայն դիմադրողականության և գոյատեւման ռազմավարության հրամայականի նկատմամբ նրանց դիրքորոշումների:
  • Ձեռնարկել ճնշում և պահանջել նրանցից, որ որդեգրեն և կիրառեն նման ռազմավարություն։
  • Ինքնակազմակերպվել և ռազմավարության ընդունման ու կիրառման նպատակով ձեւավորել քաղաքական-հասարակական միտք, հոսանք, շարժում, ուժ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter