
Երեխաներ, որոնք շփման կարիք ունեն եւ երգում են անհոգ մանկության մասին (վիդեո)
Հենց մուտքի մոտ Աշոտը փաթաթվեց ոտքերիս, բաց չէր թողնում: Գլուխը շոյելուն պես ձեռքերս բռնեց, շատ ջերմ էր: Գրկեցի, փաթաթվեց ամուր: Երկար գրկիցս չէր ուզում իջնել:
Արդեն մի քանի սենյակներով էինք անցել, տարբեր երեխաներ տեսել` կույր, դաունիզմով հիվանդ, մտածեցի` երեւի Աշոտն էլ է կույր, շփման միջոցով է հաղորդակցվում: Դայակն ասաց, որ Աշոտը կույր չէ, նորմալ վարք ունի, բոլորին փաթաթվում է, հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին շատ է սիրում: Երեխաները պարզապես շփման կարիք ունեն եւ դժվարությամբ են բաժանվում հյուրերից:
Գյումրու «Երեխաների տուն» կոչվող մանկատունը նախատեսված է նորածիններից մինչեւ 6 տարեկան երեխաների համար: Երեխաների հիմնական մասը տառապում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով: Երեւանից ուղեգիր ստացած երեխաների մոտ 80 տոկոսն արդեն ունի «բուժման ենթակա չէ» ախտորոշումը:
«Եթե մենք այս երեխաներին չխնամենք, նրանք չեն ապրի, յուրաքանչյուր կերակրման գործընթաց տեւում է 30 րոպե: Նրանք միայն հասկանում են սիրելը, քնքուշ խոսքը, բայց մտավոր կոնտակտի մեջ մտնել չեն կարող»,- մկանային կաթվածով տառապող երեխաների մասին ասում է բժշկուհի Դոնարա Հակոբյանը:
Մանկատան երեխաների գերակշիռ մասը երկու ծնող ունեցող երեխաներ են: Մանկատանը նրանք հայտնվել են ոչ թե ընտանիքի սոցիալական ծանր վիճակի, այլ հիվանդության պատճառով: «Այս երեխաների մտավորը ոչ Երեւանում, ոչ Մոսկվայում հնարավոր չէ փոխել»,- ասում է բժշկուհի Դոնարան:
Նրա խոսքերով` ծնողների մոտ 5 տոկոսն է այցելում երեխաներին, մի փոքր ավելին զանգահարում է` տեղեկանալու երեխայի վիճակի մասին: Ծնողները մեծամասամբ հրաժարվել են իրենց երեխաներից հենց հիվանդանոցում, եւ երեխաների ճակատագիրը պետությունն ամբողջությամբ մանկատան անձնակազմի հոգատարությանն է հանձնել:
«Երեխաները կերազեին նման պայմաններում ապրել Հայաստանում. լողացնում են օրը երեք անգամ, կերակրում են 4 անգամ, միսը միշտ կա, հյութերը, սնունդը նորմալ է, խաղալիքների պակաս եւս չունեն, օրվա մեջ նրանց հետ 3-4 մասնագետ կարող է աշխատել: Երեխաները միայն տան կարիք ունեն, ինչքան էլ որ տանք, մենք տան կարիքը չենք կարող բավարարել»,- ասում է վերականգնող ֆիզեոթերապիստ Էդուարդ Ալագյոզյանը, ում մանկատան երեխաները «պապա» են անվանում:
Է. Ալագյոզյանը պատմում է, որ ծնողները սկզբում այցելում են շաբաթը մեկ անգամ, այնուհետեւ` երեք ամիսը մեկ, հետո` տարին մեկ եւ վերջապես դադարեցնում են այցելությունները: «Հիմնական պատճառը երեխայի հիվանդությունն է, որ ծնողը լքել է նրան: Այսինքն` չեն ուզում տանը նման երեխաներ պահել, տվել են պետության խնամքին: Եթե ծնողները կարողանան պահել այս երեխաներին տանը եւ միաժամանակ տանեն հատուկ խնամքի կենտրոն, ավելի ճիշտ կլինի, քան տալ մանկատուն»,- կարծում է վերականգնող ֆիզեոթերապիստը:
Չնայած երաժշտության դաստիարակն էլ է ասում, որ ուշադրության պակաս չկա` դժգոհելու տեղ չունեն, տարբեր կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, արտասահմանյան հյուրեր են գալիս երեխաներին տեսության, բայց բոլոր սենյակներ այցելելիս երեխաները դժվարությամբ են բաժանվում մեզնից:
Սայլակի վրա նստած Կարինեն նորմալ վարք ուներ, հասկանում ու խոսում էր, միակ խնդիրը ոտքերն էին: Նրան դուր եկավ նոթատետրս, սկսեց նկարել մեջը, չէր ուզում վերադարձնել, երբ ուզում էի մյուս սենյակ անցնել, լաց եղավ: Դայակները հանգստացրին. «էլի կգա, մի լացի: Մենք էլ քեզ մատիտներ կտանք»: Կարինեն արտասվելով «հաջող» էր ասում, բայց ուղեկցող հայացքը հարցնում էր` կգա՞:
Մանկատան բոլոր երեխաները չէ, որ մտավոր խնդիրներ ունեն: Կան նաեւ կույր, խուլ կամ միայն ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ: Հենց այդպիսի եւ համեմատաբար առողջ, մտավոր ընդունակություններ ունեցող երեխաներից բաղկացած խումբը պատրաստվում էր հունիսի 1-ի` երեխաների միջազգային օրվան նվիրված հանդեսին:
Ժտպերես Լիլիթի ձայնն ամենաբարձրն էր հնչում երգչախմբում, շատ աշխույժ ու կայտառ էր երգում: Նա միայն ողնաշարի խնդիր ունի: Բժշկուհի Դոնարան ասում է, որ փոքրիկը նույնիսկ կարող է օգտակար լինել տանը: Եթե Լիլիթին ասեն` այս իրը բեր կամ տար, շատ արագ կանի: Կարող է նույնիսկ անկողինը հավաքել, բայց ծնողները չեն ուզում տուն տանել նրան:
Երգչախմբում էին նաեւ 7-ամյա Սամվելն ու Սվետան: Երկուսն էլ կույր են: Շատ վարժ արտասանում ու կատարում էին «Ինչ լավն ես դու, իմ մանկություն» երգը: Նրանց տարիքը գերազանցում է մանկատանը մնալու` սահմանված տարիքը: Վեց տարին լրացած երեխան այստեղից տեղափոխվում է Խարբերդի հատուկ մանկատուն: Սակայն դաստիարակները կարծում են, որ նրանք կարող են նաեւ կույրերի դպրոցում սովորել:
Մանկատանը նաեւ դիմածնոտային եւ ֆիզիկական այլ արատ ունեցող երեխաների համար բաժին կա: Էլենին դայակն անընդհատ գրկում է պահում, նրան նոր են վիրահատել, եւ փոքրիկն անընդհատ լաց է լինում ու անհանգիստ է, վիրահատած ծնոտը դեռ ցավում է: Իսկ 8 ամսական Սիլվան սպասում է իր վիրահատությանը: Նրա տարիքը դեռ չի համապատասխանում վիրահատության համար թույլատրելի տարիքին: Նա գայլի երախ եւ նապաստակի շրթունք ունի: Բայց մտավոր հետամնաց չէ եւ վիրահատությունից հետո կարող է առողջ ապրելակերպ վարել: Սիլվայից էլ, սակայն, ծնողները հրաժարվել են:
Երկու նորածին կա բաժանմունքում` հոդերի խնդիրներով, ծնվել են ծռաթաթությամբ, ծնկները խնդիրներ ունեն, հնարավոր է` չքայլեն:
Մանկատունը նորակառույց մասնաշենք ունի: Ինչպես հավաստիացրեց փոխտնօրեն Արթուր Մովսիսյանը, ոչնչի կարիք չունեն: Սակայն մեր այցելության ժամանակ մի քանի երեխայի տակաշորերը թաց էին: Դայակներն ասացին, որ տակդիրներ («փամփերսներ») չունեն: Քիչ անց փոխտնօրենն էլ խոստովանեց, որ երբեմն տակդիրները չեն բավարարում: Դրանք հիմնականում բարերարների նվիրաբերած գումարներով են ձեռք բերում, կամ հենց բարերարներն են տրամադրում:
Գյումրու «Երեխաների տունը» Հայաստանի «թանկարժեք» մանկատներից է համարվում` յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից տրամադրվում է 2.7 մլն դրամ: Մանկատունն ունի նաեւ հովանավորներ` ինչպես անհատ բարերարներ, այնպես էլ միջազգային կազմակերպություններ: Օրինակ` այս տարի ամերիկյան մի կազմակերպության ծրագրով դիմածնոտային վիրահատության է ենթարկվել մանկատան 4 երեխա:
Գյումրու այս մանկատանը 128 երեխա է ապրում, երեխաներ, որոնք շփման կարիք ունեն եւ երգում են «անհոգ» մանկության մասին...
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել