
1 տրլն դրամ՝ պարտքի մարմանն ու սպասարկմանը. 2026-ին պետական պարտքը կշարունակի ավելանալ
Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի վերջում Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականի ընթացքում այն կաճի 749 մլրդ դրամով կամ 12.9%-ով՝ տարեվերջին հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։
Կառավարությունը պարտք է վերցնում, որ կարողանա կատարել բյուջեով նախատեսված ծախսերը։ Բյուջե մտնող հարկերն ու եկամուտները չեն բավականացնում ծախսերին։
Գործադիրը սեպտեմբերի 25-ին, հաստատեց եկող տարվա պետական բյուջեի նախագիծը։ Այն դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովի հանձնաժողովներում և նիստերում։
Պետությունը պարտք կվերցնի ինչպես արտաքին աղբյուրներից, օրինակ՝ վարկեր միջազգային կառույցներից, այնպես էլ՝ ներքին աղբյուրներից՝ թողարկելով պետական պարտատոմսեր։
Պետական պարտքի կառուցվածքը (մլրդ դրամ)
Արդյունքում այս տարվա վերջում պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 52.9%-ը, իսկ 2026-ի վերջում՝ 55%-ը։ Այսինքն՝ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կաճի։
Պետական պարտքի ոչ մեծ հատվածը, ինչպես կարելի է տեսնել վերևում գտնվող աղյուսակում, Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ Կառավարությանը։ Ի տարբերություն ԿԲ-ի՝ Կառավարության պարտքի մայր գումարների և տոկոսների վճարումը կատարվում է պետական բյուջեի և նոր ներգրավվող պարտքերի հաշվին։
Հարկաբյուջետային կանոններով ավելի կարևորվում է առանձին Կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին։ Այդ կանոններով՝ եթե նշված տարվա վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը չի գերազանցում նշված տարվա ՀՆԱ-ի 60%-ը, նշանակում է պարտքը կառավարելի է, և ծախսերը հավելյալ կրճատելու, «գոտիները ձգելու» խիստ կարիք չկա։ Թեև եկող տարի այն չի հատի նշված 60%-ի շեմը, սակայն կբարձրանա։
Կանխատեսվում է, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 53.5 տոկոսը՝ 2025 թվականի տարեվերջի համեմատ աճելով 2.8 տոկոսային կետով:
«Պարտքի կառավարելի մակարդակում պահպանմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը կշարունակի պարտքի պորտֆելի բարելավման ջանքերը՝ նպատակ ունենալով պահպանել դիմակայունությունը հնարավոր ցնցումներին, պետական պարտատոմսերի շուկայի շարունակական զարգացման ապահովումը և խորացումը, մշտական հասանելիությունը ներքին ու արտաքին ֆինանսական շուկաներին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների ու գործիքների դիվերսիֆիկացումը»,- նշված է 2026 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում։
Դոլարային արտահայտությամբ՝ Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի։
Կառավարության պարտքը
Շուրջ 1.05 տրլն դրամ՝ Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը
2026 թվականին Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրլն 53 մլրդ դրամ։ Պարտքի գծով մայր գումարները՝ մարումները, կկազմեն 629.8 մլրդ դրամ, իսկ տոկոսավճարները՝ 423.2 մլրդ դրամ։ Այստեղ ներառված են ինչպես ներքին պարտքի գծով մարումներն ու տոկոսավճարները, այնպես էլ արտաքին պարտքի։
Կառավարության պարտքի մարման և սպասարկման ծախսերը (մլրդ դրամ)
Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում։ Դրանք կկազմեն ընդհանուր ծախսերի 11.7%-ը։ Համեմատության համար նշենք, որ առողջապահության ոլորտի պետական ծախսերը կազմելու են բյուջեի ծախսերի 5.9%-ը։
Պետական պարտքի աճին զուգահեռ տարիների ընթացքում աճել են նաև սպասարկման վճարները։
Ինչ վերաբերում է պարտքի մայր գումարներին, ապա դրանք հիմնականում մարվում են նոր պարտքեր ներգրավելու հաշվին։
Կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարներ)
Ֆինանսների նախարարության վերջին տվյալներով՝ այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.1 մլրդ ԱՄՆ դոլար (5.4 տրլն դրամ)՝ տարեսկզբի համեմատ աճելով 10%-ով։
2025-ը ծանր տարի է պարտքի մարման և սպասարկման համար։ Հին պարտքերը մարելու համար մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրոբոնդեր (եվրապարտատոմսերի)։
- Պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք է վերցրել. եվրոբոնդերի թողարկումը
- Հայաստանի պետական պարտքը. որքան է ծախսում պետությունը, և ովքեր են գլխավոր պարտատերերը
Աղյուսակների աղբյուրը՝ Բյուջե-2026-ի ուղերձ
Մեկնաբանել