
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ
Ազգային ժողովից հայտնում են, որ աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ:
«Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ինչին ի պատասխան` Պեդրո Ռոյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից:
Միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերից բացի` զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին:
Կարեւորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը` Սենատի նախագահը նշել է, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը` հավելելով, որ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել