
Սահմանվել են լցակայանների անվտանգային նոր կանոնները․ Կառավարությունն ընդունել է ՆԳՆ նախագիծը
ՆԳ նախարարությունը հայտնում է, որ սահմանվել են նոր ստանդարտներ, որոնք ուղղված են հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, անվտանգ շահագործման և հեղուկ վառելանյութի անվտանգ շրջանառության միասնական ու հստակ կանոնակարգմանը։
«Սեպտեմբերի 18-ին Կառավարությունն ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշումը։
Որոշմամբ սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի (նավթաթորվածքներ, այդ թվում բենզինը և դիզելային վառելիքը) լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները:
Հստակ սահմանվում են՝
1) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան շահագործող անձի կողմից իրականացման ենթակա միջոցառումները,
2) կայանների նախագծային փաստաթղթերում ներառման ենթակա տեքստային նյութերը,
3) դրանց կառուցմանը, շահագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ վառելիքային համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները,
4) վառելանյութի առաքմանը և ավտոցիստեռններին ներկայացվող, ինչպես նաև՝ վառելիքի բաշխման պայմանները,
5) պահեստարաններին, փոխադրման խողովակաշարերին և էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջները:
Արդյունքում կձևավորվի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների շահագործման հստակ և միասնական համակարգ՝ նպաստելով պետական վերահսկողական գործառույթների կանխատեսելի և արդյունավետ իրականացմանը։ Կարգավորումը կնպաստի նաև խիստ վտանգի աղբյուր հանդիսացող օբյեկտների չկանոնակարգված շահագործումից բխող ռիսկերի նվազեցմանն ու կառավարելի դարձնելուն։
Կառավարության որոշմամբ տրված լուծումները մշակվել են ինչպես ISO և ԵՄ ստանդարտների, եվրոպական մի շարք երկրների, այնպես էլ՝ ԵԱՏՄ երկրների կարգավորումների համադրմամբ:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո, որից հետո․
1) նոր շահագործվող կայանները պետք է համապատասխանեն նոր ստանդարտներին,
2) որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախագծման կամ կառուցապատման փուլում գտնվող լցակայանները պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին,
3) որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն շահագործվող լցակայանները 1 տարվա ընթացքում պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել