
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդմամբ, այցը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի վճռորոշ փուլում և հնարավորություն կտա ներկայացնելու ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես իրական ներդրում տարածաշրջանային զարգացման գործում:
Հանձնակատար Կոսը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
«Նա կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը (EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ»,- ասված է ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ԵՄ կայքից
Մեկնաբանել