
245 հազ. եվրո փոխհատուցում՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2008թ. մարտի 1-2-ը Երևանում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ սպանված 9 անձանց գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խախտվել է սպանված 7 անձի կյանքի իրավունքը (Կոնվենցիայի 2-րդ հոդված): Միայն 2 մահացածի մասով խախտում չի արձանագրվել: Հայաստանի Կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր սպանվածի հարազատներին վճարել 30 հազարական եվրո՝ ոչ նյութական վնասի, ինչպես նաև ընդհանուր 35 հազ. եվրո՝ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը245 հազ. եվրո է:
Դիմումատուներն են՝ Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Գևորգ Գրիգորյանի, Սամվել Հարությունյանի, Զաքար Հովհաննիսյանի և Տիգրան Հովհաննիսյանի մերձավորները: Բոլոր մահացածները քաղաքացիական անձինք էին, բացառությամբ Տիգրան Աբգարյանի, որը տվյալ ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն էր կատարում ՀՀ ոստիկանության զորքերում։ ՄԻԵԴ-ը դիմումները միացրել է իրար և մեկ վճռով անդրադարձել դրանց:
Դիմողները ՄԻԵԴ-ում պնդել են, որ իրենց հարազատները մահացել են ուժի կիրառման հետևանքով, որը «բացարձակապես անհրաժեշտ չի եղել»: Բացի այդ՝ իշխանությունները չեն կարողացել պատշաճ պլանավորել և վերահսկել ոստիկանական գործողությունը՝ ոստիկանության զորքերի զինծառայողներին լիարժեք պաշտպանիչ հագուստ տրամադրելու առումով, ինչը հանգեցրել է Տիգրան Աբգարյանի մահվանը: Նա, լինելով երիտասարդ զինվորական, առանց որևէ վերապատրաստման կամ ոստիկանական փորձի, չպետք է ներգրավվեր նման գործողության մեջ, որի ընթացքում ոստիկանությունը մեծ քանակությամբ մարտական փամփուշտներ էր կիրառել։
Ըստ մահացածների հարազատների, իշխանությունները չեն կարողացել ոստիկանական գործողության ընթացքում ապահովել շտապ բժշկական օգնության ծառայությունների մուտքի և տարհանման ուղիներ, ինչի հետևանքով մահացել են Գոռ Քլոյանը և Դավիթ Պետրոսյանը:
Կառավարությունը վիճարկել է ոստիկանական ուժերի կիրառած հրազենից Հովհաննես Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի և Տիգրան Աբգարյանի մահվան փաստը:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ իրավիճակը մի փոքր այլ է Սամվել Հարությունյանի դեպքում, որը մահացել է անհայտ առարկայի հարվածից: ՄԻԵԴ-ը չի անտեսել այն փաստը, որ ցուցարարների կողմից նույնպես կատարվել են բռնության գործողություններ, այդ թվում՝ քարեր և մոլոտովի կոկտեյլներ նետելը, և չի բացառվում, որ Սամվել Հարությունյանի մահը նման բռնության հետևանքով առաջացած դժբախտ պատահար է եղել։ Հետևաբար, ՄԻԵԴ-ը Կոնվենցիայով երաշխավորված խախտում չի դիտարկել:
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում չի արձանագրել նաև Զաքար Հովհաննիսյանի մահվան դեպքում: Մյուս 7 դիմումներով արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Բացի այդ, ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության համագործակցությանը դատարանի հետ:
Անդրադառնալով ոստիկանական գործողության պլանավորմանը և վերահսկմանը, ՄԻԵԴ-ը նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել գործողության պլանավորմանը վերաբերող որևէ փաստաթուղթ և տրամադրել է հիմնականում ընդհանուր տեղեկատվություն, ինչը սահմանափակում է Դատարանի կարողությունը՝ մանրամասն գնահատելու, թե ինչպես է պլանավորվել և իրականացվել գործողությունը: Հետևաբար, ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ վիճարկվող գործողությունը չի պլանավորվել և չի իրականացվել այնպես, որ նվազագույնի հասցվի կյանքին վտանգ սպառնացող ռիսկը։
Կառավարությունը պնդել է, որ արցունքաբեր գազի նռնակները չեն արձակվել ցուցարարների ուղղությամբ, և որ նրանք հարվածները ստացել են անդրադարձման հետևանքով: ՄԻԵԴ-ին այս պնդումները համոզիչ չեն թվացել, քանի որ ապացույցները հակառակի մասին են վկայել:
ՄԻԵԴ-ը հղում է կատարել խնդրո առարկա իրադարձությունների վերաբերյալ մի շարք անկախ, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Human Rights Watch-ի զեկույցներին, որոնք հիմնված էին տեղում հավաքված տեղեկատվության վրա: Այդ զեկույցներում չեն եղել տվյալներ, որ ցուցարարներից որևէ մեկը զինված է եղել հրազենով: Իսկ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կասկածի տակ կդներ վերը նշված զեկույցները:
Հատուկ քննչական ծառայության կողմից քննված քրեական գործի նյութերում ցուցարարների կողմից հրազենի պահպանման և օգտագործման վերաբերյալ պնդումները որևէ ապացույցով չեն հիմնավորվել:
Նշենք, որ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո թեկնածուներից Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց իր կողմնակիցներին հավաքվել Երևանի Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ ընտրություններն ազատ և արդար չեն եղել, ուղեկցվել են կոպիտ խախտումներով:
2008թ. փետրվարի 20-ից սկսած՝ Լ. Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցներ ամենօրյա բողոքի ակցիաներ, ցույցեր, նստացույցեր էին կազմակերպում Ազատության հրապարակում: Մի քանի հարյուր ցուցարարներ էլ գիշերում էին հրապարակում տեղադրված վրաններում:
ՄԻԵԴ-ում Կառավարությունը պնդել է, որ 2008թ. փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ստացել է հետախուզական տեղեկատվություն, որը նույն օրը փոխանցել է ոստիկանությանը: Ըստ այդմ՝ Ազատության հրապարակում ցուցարարներին պետք է բաժանվեր մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ մետաղական ձողեր, փայտե մահակներ, հրազեն, նռնակներ և պայթուցիկ նյութեր՝ իբր Երևանում սադրիչ գործողություններ և զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով։
Հայաստանի ոստիկանապետը հրամայել է, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը 07-ին, Ազատության հրապարակում անցկացվի «տեղանքի զննում»՝ այդ տեղեկատվությունը ստուգելու նպատակով։ «Տեղանքի զննումը» հանձնարարվել էր 133 ոստիկաններից բաղկացած խմբի, որը գլխավորում էր փոխոստիկանապետը և ներառում էր ոստիկանության օպերատիվ ծառայության անդամների։ Պահուստային ոստիկանական ուժերը բաղկացած էին 602 ոստիկաններից, այդ թվում՝ պարեկային ծառայության գունդը, որը տեղակայվել էր Ազատության հրապարակին հարակից տարածքներում՝ իրավիճակի վատթարացման դեպքում անվտանգությունն ապահովելու համար։
Մահացածների հարազատները պնդել են, որ Կառավարության ներկայացրած վերը նշված մեղադրանքներից ոչ մեկը չի հիմնավորվել որևէ ապացույցով։ Ըստ նրանց՝ առնվազն 300 ոստիկանական ուժեր, առանց նախնական նախազգուշացման կամ ցրվելու հրամանի, դաժանորեն հարձակվել են հրապարակում վրաններ տեղադրած մի քանի հարյուր ցուցարարների վրա և սկսել են ծեծել նրանց ռետինե մահակներով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մի քանի րոպե անց հրապարակը դատարկվել է բոլոր ցուցարարներից և փակվել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ոստիկանությունն ուղեկցել է իր տուն, որտեղ նա գործնականում տնային կալանքի տակ է պահվել։
Սպանված անձանց ազգականները ՄԻԵԴ-ում վիճարկել են նաեւ Կառավարության այն պնդումը, որ ցուցարարները զենք են կրել, կամ որ զենք է բաժանվելու նրանց: Տեղանքի ենթադրյալ զննումը չի հիմնավորվել որևէ լուսանկարով կամ այլ համոզիչ ապացույցով, և չի եղել որևէ ապացույց, որ Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքերը կապ ունենային ցուցարարների հետ: Ըստ դիմումատուների՝ հրապարակում ոստիկանական գործողության միակ նպատակը եղել է վրաններ տեղադրած ցուցարարներին ցրելն ու հանրահավաքների շարունակությունը կանխելը։
Ցրելու գործողությունից հետո ցուցարարները նույն օրը հավաքվել են Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի դեսպանատան տարածքում: Բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: Զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի երկու զինծառայող։
ՄԻԵԴ դիմած դիմումատուները ներկայացրել են ոստիկանության կողմից ցուցարարներին թիրախավորելու մի քանի դեպք՝ ավտոմատներով կամ արցունքաբեր գազով, ինչպես նաև «Մակարով» ատրճանակներից կրակոցների և ցուցարարների վրա անկանոն կրակ բացելու դեպքեր։ Ոստիկանության ծառայողները նաև հարձակվել և ծեծել են, վատ վերաբերմունքի արժանացրել ցուցարարներին։
Հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել առնվազն 140 անձի, այդ թվում՝ չորս ընդդիմադիր պատգամավորների և ընդդիմության բազմաթիվ այլ առաջնորդների ու կողմնակիցների:
2010թ. փետրվարի 3-ին 2008թ. մարտի 1-2-ը մահացածների հարազատները բողոքներ են ներկայացրել Գլխավոր դատախազին՝ պնդելով, որ Հատուկ Քննչական ծառայությունը չի կարողացել արդյունավետ քննություն անցկացնել իրենց հարազատների մահվան վերաբերյալ: Օրեր անց՝ փետրվարի 8-ին Գլխավոր դատախազը մերժել է բոլոր բողոքները՝ համարելով, որ ՀՔԾ-ն իրականացրել և շարունակում է իրականացնել համապարփակ և օբյեկտիվ քննություն: Դատական պաշտպանությունը ևս արդյունավետ չի եղել. տուժողների իրավահաջորդների բողոքները մերժվել են: Սպանվածների հարազատները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ գործին առնչվող փաստաթղթերին:
Իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսի 3-ին, հարուցվել է նոր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալում): Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվել են 2008թ. փետրվարի 23-ից մարտի 3-ը Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ: Մասնավորապես՝ նրանք անօրինական կերպով զինված ուժերը ներքաշել են քաղաքական գործընթացներում՝ խախտելով Սահմանադրության նորմը:
2019թ. ապրիլի 29-ին գործն ուղարկվել է դատաքննության: Նույն տարվա մայիսի 20-ին դատարանը կասեցրել է վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։ 2021թ. մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի
Մեկնաբանել