Կառավարության աջակցությամբ Երեւանի համար 45 նոր տրոլեյբուս կգնվի
Կառավարությունը սեպտեմբերի 18-ին որոշում է ընդունել Երեւան համայնքի համար 45 նոր տրոլեյբուս գնելու եւ բազմաբնակարան շենքերի 104 հին վերելակ փոխարինելու մասին։
«Որոշումը պայմանավորված է հանրային տրանսպորտային համակարգի թարմացմամբ՝ ապահովելով էկոլոգիապես մաքուր և արդյունավետ ուղևորափոխադրում։ Տրոլեյբուսները, որպես մաքուր էլեկտրական փոխադրամիջոցներ, կարևոր դեր են կատարելու փոշու և աղտոտման նվազեցման, նոր երթուղային ուղեգծերի ներդրման ուղղությամբ։ Թվով 45 նոր տրոլեյբուսի գնումը թույլ կտա բարելավել երթուղային հաճախականությունը, ընդհանուր ծածկույթն ու ծառայության որակը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ավելի ճկուն երթուղային մոդելներ, տրոլեյբուսային կայուն էներգետիկ համակարգի զարգացում՝ ավելի մաքուր և ցածր աղտոտում ունեցող երթուղիներով, նվազեցնել օդի աղտոտվածությունը»,-ասված է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Վերելակների փոխարինման նպատակով աջակցությունը պայմանավորված է նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ ներկայումս փոխարինման ենթակա վերելակների շահագործման ժամկետը գերազանցած է և, ըստ վիճակագրական տվյալների, վերջին տարիներին արձանագրվել են նաև վտանգավոր միջադեպեր: «104 հին վերելակի փոխարինումը կհանգեցնի շահագործման մակարդակային և անվտանգության արմատական բարելավման, կխնայի տարեցների և հաշմանդամ քաղաքացիների համար ենթակառուցվածքային բարձր մատչելիություն, միաժամանակ կապահովվի սպասարկման ծախսերի, անսարքությունների և արտակարգ դեպքերի զգալի նվազում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այս երկու միջոցառումների համար կհատկացվի 2 մլրդ 137 հազար 850 դրամ:
Վարչապետը հետաքրքրվել է, թե տրոլեյբուսների ձեռքբերման պրոցեսը որ փուլում է։ Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Մենք ունենք կայացած մրցույթ և արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուս, և այս 45 նոր տրոլեյբուսով, որը Կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջությամբ մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք, այսինքն՝ այլևս չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»: Տիգրան Ավինյանը հավելել է, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում 45 տրոլեյբուսը կլինի Երևանում։
Ինչ վերաբերում է վերելակների հարցին, Երևանի քաղաքապետը պատասխանել է. «Համայնքային բյուջեով տարեկան փոխում ենք մոտավորապես 500 վերելակ։ Այս տարի Կառավարությունը նույնպես աջակցում է այս ծրագրին: Այս տարի 507 վերելակ ենք գումարային փոխելու Երևան քաղաքում: Եվս 3 տարի՝ այս նույն տեմպը պահպանելով և երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով, Երևան քաղաքում վերելակային ֆոնդն ամբողջապես կրկին վերազինում ենք։ Հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա»։
Ինչ վերաբերում է վերելակների սպասարկմանը, Տիգրան Ավինյանը նշել է. «Հաշվի առնելով, որ համատիրությունների ֆինանսական միջոցները հիմնականում թույլ չեն տալիս նմանատիպ վերազինում անել, Երևանի քաղաքապետարանը՝ նաև Կառավարության աջակցությամբ, այս ծրագիրն իրականացնում է՝ հետագայում ամբողջ վերելակային սպասարկումը հանձնելով իրավատիրոջը, մասնավորապես՝ համատիրությանը: Այսինքն՝ արդեն նոր վերելակի հետագա սպասարկումը դրվում է համատիրության վրա»:
Վերադառնալով տրանսպորտի թեմային՝ վարչապետը խոսել է նաև Երևան քաղաքում էլեկտրատրանսպորտի արդյունավետության կարևորությանը և նշել. «Այս մրցույթն իրականացվել է այն վերլուծության արդյունքում, որ մասնավորապես՝ տրոլեյբուսները և ընդհանրապես՝ էլեկտրատրանսպորտը Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել, մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացրել»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև էլեկտրաավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության հարցին և նշել. «Մեր պլաններում սա նույնպես մի նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնել»:
Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետը հավելել է. «Այս մի քանի տարիների ընթացքում մենք հասցրել ենք գնել 87 հատ 12 մետրանոց ավտոբուս, մենք գնել ենք 562 հատ 8.6 մետրանոց ավտոբուս և մինչև այս պահը գնել ենք 30 նոր տրոլեյբուս, որոնք իրենց գծերից անջատ կարող են հավելյալ 60 կմ երթևեկել՝ անկախ միացված լինելուց։ Այս 45 տրոլեյբուսի գնումից հետո, շարժակազմին վերաբերող 2 հիմնական գնում է մնում՝ 18 մետրանոց 249 ավտոբուս, որը փոխարինելու է մեր հին «Հիգեր» ավտոբուսները, որոնք արդեն 15-16 տարեկան են։ Նոր ցանցի վերլուծությամբ, մեզ ևս 26 հատ տրոլեյբուս է պետք գալու: Այսինքն, բոլոր մնացած շարժակազմերը, որոնք մենք պետք է ձեռք բերենք, միմիայն այլևս էլեկտրական պետք է լինեն»:
Լուսանկարում՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը/primeminister.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել