Դատավորների համար աշխատանքային օրակարգի պատուհան կստեղծվի
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը։ Առաջարկվում է յուրաքանչյուր դատավորի տրամադրել աշխատանքային օրակարգի պատուհան, որտեղ կլրացվի յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում դատավորի պարտականությունների ժամանակացույցը, ներառյալ՝ դատական նիստերի, վերապատրաստումների, այլ աշխատանքի կատարման ժամերը։
Նախագծով առաջարկվում է աշխատանքային օրակարգի պատուհանները ստեղծել միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ յուրաքանչյուր դատավորի աշխատանքային օրակարգը՝ հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով։ Դատավորների աշխատանքային օրակարգի կառուցվածքը, օրակարգում ներառվող տեղեկատվության ցանկը, դրա հրապարակման կարգը և ժամկետները պետք է սահմանի Բարձրագույն դատական խորհուրդը։
Օրենքում կատարված փոփոխությունները հիմնավորվում են այն հանգամանքով, որ Համաշխարհային բանկի՝ «Հայաստան. Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին. հայացք ապագային» ուսումնասիրության համաձայն, վերջին ժամանակաշրջանում Հայաստանում դատարանների ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է, և համակարգը պայքարում է պահանջարկը բավարարելու համար։ Գործերի ծավալները մեծանում են, և կատարման միջին տոկոսը 100-ից ցածր է։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի դատարաններում առկախ գործերի քանակն աճել է 35%-ով։ Դատական դեպարտամենտի տվյալների համաձայն՝ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի դատարանները 22 հազ․ 122 գործ են ստացել։ Նույն ժամանակահատվածում ավարտվել է 17 հազ․ 725 գործի քննություն։ Ըստ այդմ՝ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի դատարանների կատարման ցուցանիշը կազմել է մոտ 80,1%։
Ուսումնասիրության համաձայն՝ քաղաքացիները և տնտեսվարողների ներկայացուցիչները կարծում են, որ արդարադատության համակարգին վերաբերող տեղեկատվությունը մատչելի չէ։ Եվ քաղաքացիները, և տնտեսվարողները հայտնել են, որ ավելի բավարարված են կոնկրետ իրենց դատական գործին առնչվող տեղեկատվության հասանելիությունից, քան՝ ընդհանուր համակարգին վերաբերող տեղեկատվության։ Արձանագրվել է, որ թեև առցանց տեղեկատվության տրամադրման հարցում առկա է առաջընթաց, այնուամենայնիվ, բարելավման կարիք կա, որը կնպաստի արդարադատության մատչելիության և արդյունավետության կատարելագործմանը։ Հետևաբար, դատական վարույթների և որոշումների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության անհասանելիությունն ավելի է սահմանափակում քաղաքացիների համար համակարգի կանխատեսելիությունը և նվազեցնում դատական համակարգի հանրային վերահսկողության հնարավորությունները։
«Կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ ջանքեր՝ ուղղված ինչպես դատարաններում ժամանակի կառավարման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ դատավորների ամենօրյա զբաղվածության առնչությամբ թափանցիկության բարձրացմանը՝ նպաստելով հանրային հաշվետվողականությանն ու ավելի արդյունավետ վերահսկմանը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել