Դատավորներ Սուրեն Անտոնյանի և Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու որոշումները կվերանայվեն
Էական կարգապահական խախտման հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել էր Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Սակայն, ՄԻԵԴ-ը և Սահմանադրական դատարանն արձանագրել են, որ լիազորությունները դադարեցված դատավորների իրավունքները խախտվել են, ինչը հիմք է խորհրդի որոշումները վերանայելու համար: ԲԴԽ-ն այսօր՝ 2025թ. սեպտեմբերի 17-ին, որոշել է երկու դատավորների վերաբերյալ կայացրած որոշումները վերանայել՝ վերացնելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները:
Մասնավորապես՝ ԲԴԽ-ն 2023թ. հունվարի 26-ին դադարեցրել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի որոշումը, որով արձանագրվել են քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, սակայն շուրջ 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել: Ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով երկու իրարարմերժ որոշումներ են կայացվել:
Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես էր եկել այդ ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: ԲԴԽ-ն բավարարել էր նախարարի միջնորդությունը և կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին՝ դադարեցնելով նրա լիազորությունները:
Քանի որ ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով հանդես է գալիս որպես դատարան, և նրա որոշումները վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն, Սուրեն Անտոնյանը միանգամից դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՄԻԵԴ-ը դատավոր Սուրեն Անտոնյանի գործով կասկածի տակ է դրել ԲԴԽ կազմում Կարեն Անդրեասյանի անաչառությունը` 2025թ. հունվարի 23-ին Հայաստանի դեմ կայացնելով վճիռ: Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ:
ՄԻԵԴ-ը նշել է, որ գործընկերային և անձնական կապերին վերաբերող բոլոր փաստերը վկայում են Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է եկել մասնագիտական հարաբերություններից: Հետևաբար, նման հարաբերությունների բնույթը կարող էր կասկածներ առաջացնել Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Սուրեն Անտոնյանին վճարել 5020 եվրո, որից 3600-ը ոչ նյութական վնասի փոխհատուցման, իսկ 1420 եվրոն՝ կատարած ծախսերի համար: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը գտել է, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի վարույթի վերաբացումը:
Անդրադարձել էինք նաև, որ դատավոր Անտոնյանի լիազորությունները դադարեցվել է այն բանի համար, որը թույլ են տվել նաև ԲԴԽ անդամները, երբ դադարեցրել են Անտոնյանի լիազորությունները։ Նշել էինք, որ հիմք ընդունելով Ս. Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը, արձանագրված միջազգային պայմանագրով ամրագրված իրավունքի խախտում թույլ են տվել որոշումը ստորագրած ԲԴԽ անդամները՝ ներկայում պաշտոնավարող դատավորներ` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը, նույն դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Չիչոյանը, ներկայումս քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանը, քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանը, գիտնական անդամ Երանուհի Թումանյանցն ու Կարեն Անդրեասյանը:
Սակայն Արդարադատության նախարարությունն այդպես էլ կարգապահական վարույթ չհարուցեց այն դատավորների նկատմամբ, ովքեր արդեն ԲԴԽ անդամ չեն, սակայն շարունակում են պաշտոնավարել: ԲԴԽ-ն ևս չանդրադարձավ կարգապահական պատասխանատվության հարցին: Սա ցույց է տալիս, որ թե նախարարությունը, թե ԲԴԽ-ն առաջնորդվում են երկակի ստանդարտներով:
Ինչ վերաբերում է դատավոր Արթուր Ստեփանյանին, ապա Արդարադատության նախարարի՝ 2024թ. մայիսի 23-ի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը բազմաթիվ դատական գործերով մի քանի տասնյակ վճիռները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է «օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ»։
2024թ. հուլիսի 9-ին հրապարակվել է ԲԴԽ-ի որոշման եզրափակիչ մասը, որով բավարարվել է Արդարադատության նախարարի միջնորդությունը դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, և դատավորի լիազորությունները դադարեցվել է՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԲԴԽ անդամներ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել են հատուկ կարծիք՝ համաձայն չլինելով տույժի տեսակին և կողմ են քվեարկել խիստ նկատողության օգտին։
ԲԴԽ որոշումից հետո դատավոր Ստեփանյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքի որոշ դրույթների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Մասնավորապես այն, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները:
Լիազորությունները դադարեցված դատավորը նշել է, որ իր կարգապահական գործով 2024թ. հունիսի 17-ին կայացած նիստին մասնակցել են ԲԴԽ բոլոր 10 անդամները: Սակայն, դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման քվեարկության ընթացքում հաշվի են առնվել միայն 8 անդամների ձայները: Ավելին՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման բովանդակությունից հետևում է, որ ԲԴԽ-ն այդ որոշումը կայացրել է ամբողջական կազմով, ԲԴԽ բոլոր 10 անդամների մասնակցությամբ:
Սահմանադրական դատարանը Սահմանադրության մի քանի հոդվածներին հակասող է ճանաչել Դատական օրենսգրքի այն կարգավորումը, ըստ որի՝ ԲԴԽ-ի անդամների 5 կողմ ձայնով կարող է դադարեցվել դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել են հենց 5 կողմ ձայնով, ինչը չի արտացոլում ԲԴԽ-ի մեծամասնության դիրքորոշումը:
2025թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ ԲԴԽ-ն Սուրեն Անտոնյանի և Արթուր Ստեփանյանի վերաբացված գործերով նիստի օր է նշանակել հոկտեմբերի 3-ը:
Լուսանկարում՝ ձախից՝ Սուրեն Անտոնյան, Արթուր Ստեփանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել