HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Այս մոռացումը խժռելու է մեզ 

224 զոհերին պետությունը չի ուզում հիշել: Նրանց անունները չգիտեք, մոռացել եք, որ նրանք զոհվել են: Գիտե՞ք ինչու զոհվեցին Հայոց բանակի զինվորները: Որ համերգի գնաք, սրճարանում սուրճ խմեք, խորոված անեք, ստատուս գրեք, պատգամավոր, վարչապետ լինեք: Գիտակցու՞մ եք դա, իհարկե՝ ոչ: 

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով։ Այդ օրերին Հայաստանը ունեցավ 224 զոհ։ Երեք տարի անց պետությունը չհիշեց նրանց: Փոխարենը պետությունը համերգ կազմակերպեց: Ընդհանրապես, պետությունը գտել է մոռացության բանաձեւը՝ անընդհատ փառատոներ, համերգներ կազմակերպել, որ հանկարծ մտածելու ժամանակ չունենանք: 

Իշխանությունների այս պահվածքը անարգանք է բանակի և հասարակության հանդեպ։ Բանակի ղեկավարությունը չի հիշում իր հերոսներին, տարիներ շարունակ Պաշտպանության նախարարությունը Մոնթեի զոհվելու օրը ծաղկեպսակ էր դնում նրա գերեզմանին,  բայց վաղուց արդեն դա չեն անում: Պետության համար զինվորականը չի կարող հերոս լինել, պետության համար հայրենիքը պաշտպանողները հերոս չեն, ռազմական ուսումնարաններում ո՞վ է հերոսի կերպարը այժմ, չգիտենք: Ու՞մ են նմանվելու զինվորները, ովքեր են զինվորականի նրանց իդեալները, չգիտենք: Բոլորը սպասում են, թե ինչ է ասելու սեպտեմբերի 13-ի մասին վարչապետը, որ իրենք էլ սկսեն խոսել այդ մասին:  

Հայաստանի կառավարությունը չի կարող շարունակ մոռանալու քաղաքականություն վարել: Անհնար է մոռանալ պատերազմը, անհնար է մոռանալ մեր զինվորների հերոսական դրվագները, մեր ժողովրդի ցավերը: Քանի՜-քանի՜ հայր ու որդի, եղբայրներ են զոհվել: Սպաներ են եղել, որ իրենց պայթեցրել են գերի չընկնելու համար, զինվորներ են եղել՝ իրենց ընկերներին մարտադաշտից հանելիս զոհվել են, տղաներ, որոնք այդպես էլ իրենց դիրքը չեն թողել: 

Հասարակության համար այս հակադրությունը գրեթե տեսանելի չէ: Սոցիալական ցանցերում գրառում անելով այդ հարցը փակվում է:  Զոհվածների ընտանիքները շարունակում են լուռ սգալ իրենց զավակների գերեզմաններին, իրենց տներում: 

Առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե հասարակությունը պետք է մոռանա պատերազմը, որ խաղաղություն լինի, անհեթեթություն է: 

Այնքան անվիճելի է, որ չմոռանալն է պետությունը և մեզ ուժեղ դարձնում։ Այսօր իշխանությունը խոսում է խաղաղությունից, բայց խաղաղություն չի կարող լինել առանց հիշողության։ Եվ այս մոռացումը, այս լռությունը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի: Ճիշտ հակառակը՝ այս լռությունը բնավ չի տանում խաղաղության: Եթե չես հիշում քո զոհերին, ինչպե՞ս կարող ես ապագա ունենալ: Այս լռության մեջ մոռացության ենք տվել նաեւ բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, ինչպե՞ս եղավ այդ հարձակումը, ու՞մ ենք վստահել մեր բանակը, ինչպե՞ս հակառակորդը կարողացավ երեք ուղղությամբ ճեղքել մեր պաշտպանությունը, ինչու՞ այդքան զոհ ունեցանք եւ, վերջապես, ինչու՞ է մինչև հիմա Էդվարդ Ասրյանը շտաբի պետի պաշտոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter