
Ոսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Ստուգման արդյունքում, ըստ ՍԱՏՄ-ի, արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով:
Մասնավորապես՝
- չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
- պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- բացակայել են բնական և մեխանիկական օդափոխության միջոցները,
- չի բացառվել կենդանիների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և լավաշի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել