
Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թ. սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍՆ-ին, Երևանի դպրոցները՝ 2027-ից
ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Հիմնական զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օրենսդրական փաթեթը կարևորել է հանրակրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանման և դրանց կիրառման համատեքստում։ Մասնավորապես՝ նախատեսվում է դպրոցների համար սահմանել մեկ լիազոր մարմին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։
«Դպրոցների բովանդակային կառավարումը՝ որպես լիազոր մարմին, կիրականացվի ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ վարչատնտեսական գործառույթների առումով կշարունակենք համագործակցել մարզպետերի աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ 1400 դպրոցից նախարարության ենթակայությամբ ներկայում գործում է շուրջ 130-ը:
Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։
ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ ներկայում քաղաքականության միասնական իրականացման տեսանկյունից առաջ են գալիս մի շարք խնդիրներ. միասնական լիազոր մարմնի առկայությունը հնարավորություն կտա, որպեսզի առաջացող անհարթությունները և հարցերն ավելի սակավաթիվ լինեն։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ոչ թե գործառույթների մեխանիկական փոխանցում ԿԳՄՍ նախարարությանը, այլ ամբողջական համակարգային բարեփոխում:
«Նախատեսում ենք, որ համակարգման գործառույթների մի զգալի մասը հնարավոր կլինի թվայնացնել, որը թույլ կտա շատ ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնել ոլորտի վարչարարությունը։ Այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքները սկսված են: Մասնավորապես՝ դպրոցների ֆինանսավորման, ավարտական փաստաթղթերի տրամադրման, էլեկտրոնային մատյանների, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և մի շարք այլ ուղղություններով թվայնացումն ապահովված է: Ամբողջացնելով այս գործընթացը՝ մենք կկարողանանք էական բարելավումներ արձանագրել, որոնք նաև կմեծացնեն ոլորտի հաշվետվողականությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ որոշակի հարցեր կլուծվեն համայնքային մակարդակում, իսկ այն խնդիրները, որոնք ունեն համակարգման և կենտրոնացման կարիք, կստանան միասնական լուծում՝ զերծ մնալով տարընթերցումներից։
Նշենք, «Կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ միավորվել են հավաստագրման մոտեցումները։ Նախատեսվում է ենթաօրենսդրական ակտ, որը հնարավորություն կտա մեկ հավաստագրման գործընթաց անցնելով՝ մասնակցել նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենի մրցույթներին։ Բացի այդ՝ նվազեցվել են հավաստագրման դիմելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջները։
Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնագիտական ուսուցման հնարավորություններին, դասագրքերին և այլն: Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Առաջարկվող փաթեթով փոփոխություններ են նախատեսվում նաև «Հանրակրթության մասին», «Տարածքային կառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել