Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում․ երկու թիմերն էլ վտանգավոր պահեր ունեցան։ 4-րդ րոպեին լարված իրավիճակ ստեղծվեց Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասի մոտ, սակայն վստահ գործեց ու անպաշտպան դարպասն ընթացող գնդակը գլխով հեռացրեց պաշտպան Էրիկ Փիլոյանը։
35-րդ րոպեին էլ լավ հնարավորություն ունեցավ Հայաստանի հավաքականը։ Հրանտ-Լեոն Ռանոսի հարվածից հետո, սակայն, հյուրերին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։
Խաղակեսի վերջնամասում մեր ընտրանին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որն էլ հստակ իրացրեց Էդուարդ Սպերցյանը՝ բացելով խաղի հաշիվը։
Թիմերը 1-0 հաշվով գնացին ընդմիջման։
Երկրորդ խաղակեսը մեր տղաները հաջող մեկնարկեցին․ 51-րդ րոպեին Նաիր Թիկնիզյանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց հավաքական վերադարձած Հրանտ-Լեոն Ռանոսը՝ 2-0։
6 րոպե անց Իռլանդիայի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը․ աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը։
72-րդ րոպեին հրաշալի փոխանցմամբ Թիկնիզյանին հարվածային դիրք դուրս բերեց Էդուարդ Սպերցյանը, սակայն տեղում էր իռլանդացիների դարպասապահը։
Արթուր Սերոբյանն էլ 88-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց, սակայն մրցավարը VAR համակարգին դիմելուց հետո խաղից դուրս իրավիճակ արձանագրեց։
Թեև երկու թիմերն էլ երկրորդ կեսում վտանգավոր պահեր ունեցան, սակայն խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Հիշեցնենք՝ նախորդ տուրում մեր հավաքականը ցավալի պարտություն էր կրել Պորտուգալիայի ընտրանուց՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով։
Այս պահին եվրոպական գոտու ընտրական F խմբում Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականներն ունեն 3-ական միավոր, 1-ական՝ Հունգարիան ու Իռլանդիան։ Պորտուգալիան ու Հունգարիան մեկակական խաղ պակաս են անցկացրել։ Նրանց միջև հանդիպումը Բուդապեշտում կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45-ին։
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ հյուրընկալվելով Հունգարիայի ընտրանուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել