
Արցախցիները թերահավատ են պետպատվերով բուժօգնություն ստանալու իրավունքի հարցում
55-ամյա Արսեն Հարությունյանը նայում է կանաչ մետաղական տնակի առաջ գտնվող նռան փոքր ծառին, որի ճյուղերին արդեն նռներ կան։
-Արցախի նռանը չի հասնի,- հոր հայացքը որսալով՝ ասում է որդին՝ Հայկազը։
Արսենը ցավերի մեջ է։ Նույնիսկ ուժեղ ցավազրկողները չեն անցկացնում ցավը, միայն թուլացնում են այն։ Նա ողնաշարի վրա նորագոյացություն ունի։ 2009թ․ «Արմենիա» ԲԿ–ում վիրահատվել էր։ Ասում է՝ դրանից հետո կարողանում էր նաեւ աշխատել։ Սակայն առողջական վիճակը վատթարացել է 2022թ․–ին։ Արցախի շրջափակման ժամանակ Կարմիր խաչի օգնությամբ հետազոտության էր եկել Երեւան, ճառագայթային բուժում էր ստացել։ Դրանից հետո վիճակը նորից վատացել էր։ «Երեխաներս շալակած տանում–բերում էին»,- պատմում է նա։
2023թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո Արսենին Գորիսից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Երեք ամիս ստացիոնար բուժման մեջ է գտնվել այնտեղ։ Հիմա քայլել չի կարողանում, միայն սայլակի օգնությամբ է տեղաշարժվում։
2001թ․ Հարությունյանները Մասիսից գնացել էին Արսենի մայրական պապի տուն՝ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ ու բնակություն հաստատել այնտեղ։ Արսենի 6 երեխաներից 4-ը ծնվել են Արցախում, իսկ ավագները՝ Հայաստանում։ Որպես բազմազավակ ընտանիք՝ Խրամորթում պետությունը նրանց համար տուն էր կառուցել, ևս մի տուն նրանք իրենց տղաներից մեկի համար կառուցել էին Իվանյան գյուղում։ «Անասուն էինք պահում, հող էինք մշակում, ցորեն էինք ցանում»,- ասում է ընտանիքի հայրը։
Մի քանի ամսվա պայքարից հետո՝ օգոստոսին, Արսեն Հարությունյանը կրկին ընդգրկվել է հաշմանդամության երկրորդ խմբում։ Առաջին անգամ նա երկրորդ խումբ էր ստացել նախորդ տարի, բայց ասում է, որ ամեն տարի պետք է նորից փաստաթղթեր ներկայացնի ու փորձաքննություն անցնի։ Արսենը համաձայն չէ երկրորդ խմբի հետ։ «Ողնաշարս դզվելու՞ ա»,– ասում է նա։
Մասիսի սոցիալական աջակցության կենտրոնի համակարգող Զառա Պետրոսյանն ասում է՝ Արցախից բռնի տեղահանված անձինք իրազեկվածության խնդիր ունեն։ 2023թ․ նոյեմբերից հետո, երբ հիմնադրվել է կենտրոնը, մինչ օրս ավելի քան 50 դեպք են ունեցել, երբ մարդիկ տեղեկացված չեն եղել հաշմանդամության խմբում ընդգրկվելու կարգի մասին։ Կենտրոնի սոցաշխատողները նրանց ուղորդել են, աջակցել, որ կարողանան հաշմանդամության համապատասխան խումբ ստանալ։
Արցախից բռնի տեղահանվածները պետպատվերով բուժօգնության շահառու են
«Սահմանադրական հետազոտությունների, օրենսդրության զարգացման եւ բարեփոխումների մշտադիտարկման կենտրոն» ՀԿ-ն ամիսներ առաջ հրապարակել է Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) բռնի տեղահանված անձի իրավական հարցերի մասին ուղեցույց-ձեռնարկ։ Այստեղ հանգամանալից ներկայացվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պետպատվերով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքն ու ընթացակարգերը։
Ձեռնարկում հիշեցվում է, որ ՀՀ կառավարության 2004 թ․ 318-Ն որոշման համաձայն՝ 2023թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանված անձանց բուժօգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով։ Որոշման մեջ նշված են այս պայմաններով տրամադրվող ծառայությունների ծավալները եւ բացառությունները:
Արցախցիները թերահավատ են պետպատվերով բուժօգնության ստանալու իրավունքի հարցում
Սահմանադրական հետազոտությունների կենտրոնի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Ղազարյանն ասում է՝ ուղեցույցի հրապարակումից հետո բազմաթիվ մեկնաբանություններ ու հեռախոսազանգեր են ստացել, մարդիկ թերահավատ էին։ Այնպիսի տպավորություն էր, որ տեղյակ չէին անվճար բուժօգնություն տրամադրելու կարգից կամ իրազեկված էին, բայց կենսագործելի չէին համարում այն։
«Ընդհանուր առմամբ բոլոր հարցերով մեր հայրենակիցներն ունեին իրենց իրավունքների մասին իրազեկվածության մեծ խնդիր՝ պայմանավորված սուբյեկտիվ եւ օբյեկտիվ հանգամանքներով։ Օրինակ՝ փաստաթղթային հարցերը։ Մարդիկ մահվան սպառնալիքով բռնի տեղահանվել են, եւ պարզ է, որ չէին մտածի տարատեսակ փաստաթղթեր վերցնելու մասին: Հասկանալի է, թե դա ինչ խնդիրների էր հանգեցնելու»,- ասում է Ա․ Ղազարյանը։
Արտակ Ղազարյանը
Նրա դիտարկմամբ՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրներն այնքան շատ էին, որ իրավական հարցերը հաճախ դառնում էին երկրորդային, ու ամեն մեկը չէր կարող ընկնել տարատեսակ փաստաթղթեր վերականգնելու հետեւից, ներգրավվել դատական գործընթացներում։
«Հետքի» զրուցակիցն ասում է՝ երբ ուղեցույցը հրապարակեցին, անսպասելի էր հատկապես արձագանքը պետպատվերով բուժօգնություն ստանալու մասին դրույթներին։ «Շատ էին գրում, թե ինչ եք ասում՝ ոչ մի անվճար բան էլ չկա, կամ կտրված եք իրականությունից, կամ էլ սուտ բաներ եք տարածում։ Այսպիսի մեկնաբանությունները շատ էին։ Պատասխանում էինք՝ ոչ թե հեքիաթներ ենք հորինում, այլ ուղղակի իրազեկում ենք, որ ունեք բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք, եւ մենք պարզապես եղած իրավական ակտը մատչելի ներկայացնում ենք ձեզ»,- հիշում է կենտրոնի նախագահը։
«Կառավարության սոցիալական քաղաքականությունը, կարծես, ուղղված է նրան, որ բռնի տեղահանված արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանան։ Այս առումով հետաքրքիր է, արդյոք, այս մարդիկ, երբ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերեին, շարունակելո՞ւ էին անվճար բուժսպասարկում ստանալ»,- նշում է Ա․ Ղազարյանը։ Ասվածին հավելում է, որ իրենք այս հարցով գրավոր դիմել էին Առողջապահության նախարարություն և դրական պատասխան էին ստացել։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո էլ բռնի տեղահանված արցախցիները շարունակելու են օգտվել պետպատվերով բուժօգնությունից ու սպասարկումից։
Առողջապահության ազգային ինստիտուտը արցախցիների վերաբերյալ առանձին վիճակագրություն չունի
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե 2023թ․ սեպտեմբերից Արցախից բռնի տեղահանված անձանցից քանիսն են հաշվառվել ամբուլատոր հաստատություններում, եւ նրանց շրջանում հիմնականում ինչ հիվանդություններ են գրանցվել։ ԱԱԻ տնօրենը հայտնել է, որ ինստիտուտը արտահիվանդանոցային հաստատություններում գրանցված բնակչության, ինչպես նաեւ նրանց շրջանում ախտորոշված հիվանդացության դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրում է ապաանձնավորված, ընդհանրացված ձեւաչափով, որում նշված չեն բնակիչների սոցիալ-ժողովրդագրական տվյալները։
Ա. Բազարչյանին հարցրել էինք նաեւ, թե որ հիվանդությունների դեպքում են բռնի տեղահանված արցախահայերը պետպատվերով բուժօգնություն ստացել եւ ինչ ծավալով (ամբողջությամբ, մասնակի)։ Բացի այդ, պետությունը որքա՞ն գումար է հատկացրել այս անձնանց պետպատվերով բուժումն իրականացնելու համար։ ԱԱԻ տնօրենը հայտնել է, որ այս տեղեկությունները դուրս են իրենց գործառույթներից։
Ինչ վերաբերում է տեղահանված արցախցիների համար ԱԱԻ-ի իրականացրած առողջապահական ծրագրերին (այդ թվում՝ հոգեբանական), Ալեքսանդր Բազարչյանը նշել է, որ ինստիտուտը լայնածավալ աշխատանքներ է կատարել Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների հետ։
Ըստ ԱԱԻ տնօրենի՝ վերջիններիս ՀՀ-ում աշխատանքով ապահովելու հարցում խնդիրներ են ծագել. մի շարք մասնագետներ պետք է շտկեին իրենց կրթական ուղին՝ անցնելով կլինիկական օրդինատուրա, որոշ մասնագետներ պետք է լրացնեին շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների պահանջվող թվաքանակը, այլ մասնագետներ պետք է վերականգնեին իրենց փաստաթղթերն արխիվային աղբյուրներից: Այս խնդիրների լուծման համար ԱԱԻ-ն խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 900 բուժաշխատողի, ավելի քան 200-ը սահմանված կարգով հավաստագրվել են։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ԱԱԻ-ն իրականացրել է նաեւ շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող կրեդիտավորված միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 370 բժիշկ։ Այս միջոցառումներն իրականացվում են պետպատվերի շրջանակներում։
Ըստ Բազարչյանի՝ բռնի տեղահանված 26 անձ հիմնական բժշկական մասնագիտություն ստանալու նպատակով շարունակել է հետբուհական մասնագիտական կրթությունը (կլինիկական օրդինատուրա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների համար Եվրոպայի խորհրդի հետ համատեղ 2024թ․ իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» թեմայով կրեդիտավորված դասընթաց, որին մասնակցել է շուրջ 120 բուժաշխատող։
Ի՞նչ կարիքներ են գրանցել արցախցիները բռնի տեղահանումից հետո
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին հարցրել էինք, թե նախարարության կողմից «Առաջնային կարիքի հաշվառման հարթակը» գործարկելուց հետո ինչ քանակի գրառումներ են արվել, քանի հոգի է գրանցել իր խնդիրը, եւ ինչ խնդիրներ են եղել դրանք։
Նախարարությունից հայտնել են, որ հարթակի գործարկումը 2023 թվականին հաջորդած ժամանակահատվածում դադարեցվել է՝ հիմք ընդունելով դրա սպասարկման անհրաժեշտության բացակայությունը։ Հատկանշական է, սակայն, որ այժմ, ըստ նախարարության, մշակվում են իրավական հիմքեր՝ ըստ անհրաժեշտության հարթակի հետագա գործունեությունն ապահովելու նպատակով։
2023թ. սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հարթակում գրանցվել է 100.717 դիմում։ Դրանք հիմնականում վերաբերել են սննդին, հագուստին, կոշիկին, աջակցող միջոցներին (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ), հիգիենայի պարագաներին, անկողնային ու կենցաղային պարագաներին, դեղորայքային, դպրոցական պարագաներին, հոգեբանական աջակցությանն ու խնամքին։
Հարցին, թե ներկայացված կարիքների շրջանակներում ԱՍՀՆ-ն ինչ աջակցություն է ցուցաբերել արցախցիներին, գերատեսչությունից պատասխանել են, որ տրամադրված աջակցությունը ներառել է բնաիրային եւ աջակցող միջոցներ, որոնք հատկացվել են համայնքների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ուստի, տրամադրված աջակցության վերաբերյալ ամբողջացված տեղեկատվություն չի վարվել։
Բռնագաղթից անցել է գրեթե երկու տարի: Արարատի մարզում արցախցիների առողջական խնդիրների հետազոտման ընթացքում հասկացանք, որ մարդկանց տագնապը խորացել է, հոգեբանական աջակցության կարիքը՝ սրվել: Մինչդեռ, հոգեբանական աջակցությունը բռնագաղթից հետո եղել է սակավաթիվ համայնքներում եւ մասնավոր կազմակերպությունների կողմից:
Տարօրինակ է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մի կողմից գործարկել է առաջնային կարիքների դիտարկմանն ուղղված հարթակ, հավաքագրել է, թե ինչ կարիքներ ունեն բռնի տեղահանված անձինք, մյուս կողմից՝ ամբողջացված տեղեկատվություն չունի, թե ինչպես են այդ կարիքները բավարարվել, ինչ թերի կամ բաց հարցեր են մնացել:
Արտակ Ղազարյանի եւ ձեռնարկի լուսանկարը՝ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել