
ԱԺ-ն քննարկել է «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը վավերացնելու հարցը
Ազգային ժողովը քննարկել է «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը վավերացնելու հարցը։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության եւ աղետների ռիսկերի կառավարման հանդեպ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում քննարկման ներկայացնելով ««Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Սա փոխկապակցված է նաեւ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրականացման հետ, որին եւս Հայաստանը միացել է»,- հավելել է Արմեն Ղազարյանը:
Կոալիցիան ստեղծելու նախաձեռնությունը Հնդկաստանի կառավարությանն է: Փոխնախարարի խոսքով ԱԴԵԿ-ի գործունեությունը ղեկավարվում է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում գտնվող քարտուղարության միջոցով, որն աջակցում է ռազմավարական ծրագրերի իրագործմանը՝ ներառյալ տեխնիկական աջակցություն, հետազոտություններ եւ կարողությունների զարգացում: Կոալիցիային միացել են ավելի քան 40 երկրներ, որոնց թվում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան եւ այլ երկրներ: «Կարծում ենք՝ կոալիցիային միանալը կնպաստի աղետների ռիսկերի հանդեպ մեր պետության դիմակայության զարգացմանը»,- ասել է փոխնախարարը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Քրիստինե Պողոսյանը»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել