HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արազիկի մեղուները. «Մարդ կա 100 շուն է պահել, ես էլ մեղու եմ պահել»

Արազիկ Հակոբյանը հագնում է մեղվապահի բաճկոնն ու գլխարկը, ապա միասին իջնում ենք մեղվափեթակների մոտ: Տնամերձ հողամասում գույնզգույն փեթակներն են: Մեղուների մեղմ բզզոցն առանց դադարի է: Մեղվապահը մոտենում է փեթակներից մեկին, բարձրացնում կափարիչն ու ցույց տալիս մեղվաընտանիքը: Ես հետ եմ գնում՝ վախենալով մեղվի հարձակումներից:

-Հանգիստ, հանգիստ, նայի, հես է մեղվի ընտանիքը, աշխատում է,- ասում Արազիկ Հակոբյանը,- շատ աշխատասեր են, բնազդով են աշխատում, առավոտից իրիկուն աշխատում են:

Արազիկ Հակոբյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է: Երբ դեռ շատ փոքր էր, տեղափոխվել էր Արցախ: Այնտեղ է դպրոց գնացել, աշխատել, ամուսնացել: Ապրում էին Ստեփանակերտում: Աշխատում էր որպես էլեկտրական սարքերի մասնագետ: Ասում է՝ ինչքան գազալացակայան կար, դրանցում աշխատել է: Իսկ խորհրդային տարիներին Ստեփանակերտի հիվանդանոցի բուժսարքավորումներն էր վերանորոգում:

2005 թ. սկսել է մեղվապահությամբ զբաղվել: «Ղարաբաղում համարյա 60-ի էի հասցրել փեթակները, գումարի կարիք չունեի, ուղղակի սիրում էի մեղվապահությունը: Մարդ կա 100 շուն է պահել, ես էլ մեղու եմ պահել»,- ասում է զրուցակիցս:

Արցախից բռնի տեղահանվելուց հետո ապաստանել են Տեղ գյուղում: Ամիսներ առաջ Արազիկը նորից սկսել է մեղվապահությամբ զբաղվել: «Էն ժամանակ հոբբի էր, հիմա՝ ապրելու միջոց»,- ասում է նա:

Այս տարվա մայիսին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունն ու հայ-ֆրանսիական «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը մեղվապահական ծրագիր են նախաձեռնել:

ԿԽՄԿ-ի Գորիսի ենթապատվիրակության տնտեսական անվտանգության ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն ասում է, որ գաղափարն առաջարկվել էր «Հիմնատավուշի» կողմից: Վերջինս փեթակների գումարն ուներ եւ ԿԽՄԿ-ին առաջարկել էր միանալ աջակցության ծրագրին: Հարությունյանը մանրամասնում է, որ դրանում ընդգրկվել է Արցախից բռնի տեղահանված եւ ՀՀ սահմանապահ գյուղերում հաստատված 50 ընտանիք: Դրանք են Տեղ համայնքի Տեղ, Քարաշեն, Կոռնիձոր, Խոզնավար, Տաթեւ համայնքի Խոտ, Գորիսի Բարձրավան, Քարահունջ, Մեղրու Նռնաձոր եւ Շվանիձոր, Կապանի Դավիթ Բեկ, Եղվարդ գյուղերը: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 4 փեթակ, վերնահագուստ, ծխարար, մեղվապահական անհրաժեշտ գործիքներ, մեղվաշրջանակներ: Ընտանիքներն անցել են մեղվապահական երկօրյա դասընթաց: Մեղվափեթակներ գնելից մասնագետի խորհրդատվական ծառայություն է եղել՝ ստուգելու համար ձեռք բերվող փեթակների որակը:

Արազիկ Հակոբյանը ցույց է տալիս վերջին շարքի 4 փեթակը, որոնք ստացել է նշված ծրագրով: Հենց դրանցից էլ այս տարի սկսել է աշխատանքը: «Էդ 4-ը 8 դարձրեցի, հիմա 23-ն են»,- ասում է նա:

Ամռանը մեղուներին տեղափոխել էր Սիսիանի Գորայք գյուղի ալպիական գոտի: Նոր են վերադարձել ու մեղրաքամ արել: Ստացած մեղրը, սակայն, քիչ է: «Էնքան էլ ծախս եմ արել՝ տարել-բերել եմ, բայց փրկել եմ՝ եթե էստեղ մնային, փչանալու էին, անբարենպաստ եղանակային պայմաններ էին»,- բացատրում է մեղվապահը:

Որպեսզի ամեն տարի Գորայք չգնա, որոշել է այնտեղ տուն գնել: Դիմում է գրել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ինչից հետո մտադիր է դիմել՝ արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար: Ասում է՝ շատ կուզեր, որ Տեղ գյուղում մնար ու ապրեր, բայց այդտեղ տան գները բարձր են: Գորայքում մի տուն է տեսել, ու եթե ստացվի պետական աջակցության ծրագրով գումարը ստանալ, կգնի:

Տեղում ապրում է կնոջ՝ տիկին Գալյայի հետ: Մի դուստր ու որդի ունի, որոնք բնակվում են Երեւանում: «Բայց թոռներս շատ են՝ 6-ն են»,- ավելացնում է նա:

-Ինչի՞ մասին եք երազում,- հարցնում եմ:

-Նախ՝ խաղաղություն լինի, թոռնիկներս առանց կռվի ապրեն, որովհետեւ մենք սաղ կյանքերս հոգնել ենք, մեկ էլ՝ կարանանք երկու կոպեկ աշխատենք հացի համար, մեզ ավել գումար պետք չի,- ասում է ու լռում: Լռության մեջ մեղուների բզզոցն ավելի բարձր է լսվում, եւ գուցե Արազիկ Հակոբյանին մի պահ տեղափոխում է Արցախ, որտեղ մնացել են տունն ու հանգիստ ապրելու երազը:

-Դե, հիմա եկեք, բարձրանանք տուն, որ մեղրի համը փորձեք,- լռությունը խախտելով՝ ասում է նա:

Տան մեծ բացօթյա պատշգամբից ներս է՛լ ավելի մեծ, փակ տարածություն է: Առաջին հայացքից այստեղ ամեն բան խառն է՝ մի մասում խոհանոց է, մյուս ծայրում՝ հողաշինական տարբեր գործիքներ, իսկ ամենաշատն աչքի է ընկնում հին բազմոցը, որն այսօր մեծ ծաղկամանի դեր է կատարում՝ փափուկ մասը հանել են, փոխարենը հող լցել եւ բույսեր տնկել:

Տիկին Գալյան սառնարանից հանում է մեղրով տարան: Մեղրամոմով մեղրը լցնում է հախճապակե ափսեի մեջ: Ծորացող մեղրը թափանցիկ է թվում լույսի տակ: Մեղրը հաց ու կարագի հետ դնում է սեղանին, որի վրա արդեն դրված են սուրճով բաժակները, կարամելային կոնֆետներն ու մի փոքր ափսեով շաքարավազ:

-Մեղրն անպայման հացով փորձեք,- ասում է տանտիկինը:

Առանց հացի եմ փորձում: Արազիկի մեղուների մեղրը, կարծես, ալպիական ծաղիկների մի փունջ լիներ՝ նուրբ համով ու բույրով, որ վերադարձի ճանապարհին ես դեռ հիշում էի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter