HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի էստոնական պատմությունը. դուստրը՝ Ավե Սոֆիան

Ավետ Տերտերյանը հայտնի է երաժշտության մեջ փիլիսոփայական իր որոնումներով, սիմֆոնիկ ժանրում նորարությամբ։ Իր ձևակերպմամբ՝ տիեզերքից էր որսում հնչյունները և համադրում լռության հետ, որից ծնվում ու որին վերադառնում է հնչյունը։ 

Նրա անձնական կյանքից հայտնի է, որ ամուսնացած էր իր ժառանգությունը պահպանող և տարածող երաժշտագետ Իրինա Տիգրանյանի հետ, նրանք ունեին մեկ զավակ՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը։

Միայն հիմա՝ Ավետ Տերտերյանի մահից մոտ երեսուն տարի անց հայտնի է դառնում կոմպոզիտորի՝ Էստոնիայում ծնված դստեր՝ Ավե Սոֆիայի մասին։ Մեկ ամիս առաջ Music Estonia կազմակերպության մշակութային ղեկավար և գործադիր  տնօրեն Ավե Սոֆիա Դեմելեմեստրը Հայաստանում էր։ «Հետքը» զրուցել է Սոֆիայի հետ։ 

Սա Ձեր չորրորդ այցելությունն էր Հայաստան։ Կարո՞ղ եք պատմել, թե ինչ նշանակություն ունի Հայաստանը Ձեզ համար, և ի՞նչն է այս այցը դարձնում առանձնահատուկ։

Հայաստանում ես ինձ ամբողջական եմ զգում։ Ինձ համար Հայաստանը պատմություն է, անձնական արմատներ և հիասքանչ, ծաղկող երկիր։ Մի կողմից՝ թվում է, թե ամեն ինչ հնարավոր է, մյուս կողմից՝ այստեղ կա խորքային ուժ, որն ընկած է ավանդույթների, մեծածավալ պատմական արմատների և բնության ուժի մեջ։ Ես երբեք այսպիսի հողի ուժ չեմ զգացել։ Կարծում եմ՝ իմ նախորդ փորձառություններն ու անձնական պատմությունը մի փոքր յուրահատուկ են դարձնում իմ ընկալումը և ոչ ամբողջությամբ օբյեկտիվ, բայց վստահ եմ՝ նույնը զգում են նաև Հայաստանում ապրող մարդիկ։

Ինչպե՞ս եք պատասխանում «Ո՞վ է Ձեր հայրը» հարցին։ Կարո՞ղ եք ասել և՛ կարճ, և՛ երկար տարբերակները։

Կարճ պատասխան՝ Ավետ Տերտերյանը։

Երկար պատասխան՝ կոմպոզիտոր, որին երիտասարդ ստեղծագործողները անվանում են «ամենքիս հայրը»․ բարձրագույն ստեղծագործական էներգիայի և ավանգարդ տիեզերական երաժշտության գագաթնակետը։ Թերևս, ժամանակների ամենաեզակի ու տաղանդավոր կոմպոզիտորներից մեկը, որը մեզ պարգևեց լռություն և տիեզերքի ուժ։ Կոմպոզիտոր, որի հզորությունը դեռ կաճի և ավելի կմեծանա։

Հայ հայտնի բանաստեղծ Վահան Տերյանը 1906 թ. Մոսկվայում գրել է «Էստոնական երգ» բանաստեղծությունը՝ ոգեշնչված էստոնուհուց։ Ավետ Տերտերյանի կյանքում նույնպես եղել է էստոնական պատմություն, և ծնվել եք Դուք։ Ի՞նչ  գիտեք այդ պատմության մասին։ Ինչպե՞ս էին Հայաստանը և Էստոնիան կապված և ի՞նչ պատմություններ գիտեք այդ կապերի մասին։

Այո, հրաշալի պատմություն է, որ գտել եք «Էստոնական երգի» մասին. նույնիսկ հեղինակի անունը որոշ նմանություն ունի (նկատի ունի Տերյան-Տերտերյան նմանությունը - խմբ.)։ Կցանկանայի չանդրադառնալ ծնողներիս պատմությանը, քանի որ այն խորը անձնական է և պետք է մնա մասնակիցների միջև՝ ավարտվելով 1994 թ. Ավետի մահվամբ։ Այժմ ես եկել եմ՝ կառուցելու իմ սեփական պատմությունը, բայց, իհարկե, ավելի ընդհանրական պատմությունը մեծ դեր ունի։

Խորհրդային Միության տարիներին բոլոր երկրները չափազանց մոտ կապեր ունեին, և դրանք սկսեցին վերականգնվել տարիներ անց։ Օրինակ՝ ավելի քան տասը տարի առաջ, Էստոնիայի Հանրապետության 95-ամյակի և էստոնա-հայկական բարեկամության առթիվ Հայաստանում տեղի ունեցավ «Բոլորը գնում են Երևան» (Everyone’s Going to Yerevan) մշակութային ծրագիրը։ Բայց հետքերն ավելի խորն են. հայրս առաջին անգամ հայտնվել է էստոնական մամուլում 1966-ին՝ մասնակցելով Տարտուում Խորհրդային Էստոնիայի Կոմպոզիտորների միության 8-րդ համագումարին՝ միանգամից երեք էջանոց հոդվածով։ Նա բազմիցս հայտնվել է նաև էստոնական ռադիոյում, օրինակ՝ 1987 թ. հարցազրույցով։ Բացի այդ, նրա ընկերն էր մեր աշխարհահռչակ կոմպոզիտոր Արվո Պյարտը, որի 90-ամյակը այս տարի նշվում է համաշխարհային մշակութային միջոցառումներով ու պետական պատվիրակություններով, և շատ էստոնացի երաժիշտներ եկան Հայաստան՝ ելույթ ունենալու։

Քանի որ ես աշխատում եմ երաժշտական ոլորտում՝ որպես էստոնական արտահանման գրասենյակի ու երաժշտական ընկերությունների զարգացման կենտրոնի ղեկավար, և պատկանում եմ եվրոպական արտահանման գրասենյակների ցանցին, կարծում եմ, որ այս կապերը պետք է նորից ամրապնդվեն։ Ավելի լայն առումով՝ երաժշտական ամբողջ ինդուստրիան փոխվել է։ Հուսով եմ, որ այն կարող է համախմբվել ու ներկայացվել ամբողջ Եվրոպայում և աշխարհում՝ ստեղծագործական համագործակցության նոր ուղիներ բացելով։

Ի՞նչ է նշանակում լինել հայտնի կոմպոզիտորի դուստր: Ինչպե՞ս որոշեցիք այդ մասին հրապարակայնորեն խոսել, և ինչո՞ւ հենց հիմա։

Դա աներևակայելի մեծ ու պատվաբեր զգացում է։ Կարծում եմ՝ ինձ համար պատիվ է, և միևնույն ժամանակ՝ պարտավորության զգացողություն, որ ինչ-որ բան պիտի ինքս ավելացնեմ։ Կարծում եմ՝ դա կարելի է կոչել կոչում։

Ես միշտ իմացել եմ իմ պատմությունը, բայց քանի որ այն հանկարծակի փակվեց մեծ կոմպոզիտորի մահվամբ, երկար ժամանակ պահանջվեց այն վերաբացելու համար։ Աշխատանքիս ընթացքում մի շարք հիանալի հնարավորություններ եմ ունեցել համագործակցելու հայերի հետ։ Երբ Էստոնիայի Ազգային գրադարանում ղեկավարում էի ցուցահանդեսների բաժինը, բազմիցս համագործակցել եմ Հայաստանի դեսպանատան և մեզ մոտ ապրող հայկական սփյուռքի հետ՝ նույնիսկ տոնելով հորս ստեղծագործությունները։
2015 թ. ես եկա Երևան՝ էստոնացի նկարիչների հետ ներկայացնելու էստոնական գրքերի և գրաֆիկական արվեստը ՝ որպես մեծ ցուցահանդեսի շարունակություն, որը նախ անցկացվել էր Էստոնիայում՝ հայաստանյան KulturDialog-ի միջոցով։ Սա պաշտոնապես իմ երկրորդ այցն էր Հայաստան։ Երրորդ անգամ եկա այս ապրիլին՝ նշելու իմ 35-ամյակը ամուսնուս հետ։ Իսկ այժմ՝ չորրորդ անգամ, ուրախությամբ գտա անգամ մի փառատոն, որը ոգեշնչված էր նրա 3-րդ սիմֆոնիայով։ Ես հասկացել եմ, որ պետք է Հայաստանում լինել՝ իսկապես տեսնելու ու զգալու և թույլ տալու, որ քեզ զարմացնեն։

Ինչո՞ւ հենց հիմա։ Իմ երկրորդ և երրորդ այցերի միջև՝ 10 տարվա ընթացքում, ես ունեցա նաև հնարավորություն կապվելու բարեկամներիս հետ և ծանոթանալու երաժշտական աշխարհի մարդկանց հետ՝ շնորհիվ համաշխարհային երաժշտական համաժողովի, որտեղ Հայաստանը առաջին անգամ ուներ տաղավար և 20 մասնակից (արտահանման նախաձեռնություն)։ Դրա շնորհիվ ես կառուցեցի նոր կապեր։ Բայց ամենաուժեղ մոտիվացիան շոկն էր։ Կարծում էի՝ հանգիստ կշարունակեմ փոքր բացահայտումների ճանապարհս հայրենիքի մասին, մինչև որ Ռուբենից (Ավետ Տերտերյանի որդին - խմբ.) հետո կյանքից հեռացավ Մարիա Տերտերյանը՝ հայտնի ջազ դաշնակահար (Ավետ Տերտերյանի թոռնուհին - խմբ.), որը գիտեր իմ մասին և որի հետ սկսել էի նամակագրական կապը։ Սպասելու ժամանակ էլ չկար․ այլևս հնարավոր չէր սպասել։ Ես ընկերներ գտա ոլորտում, ինչպես նաև կապ հաստատեցի կարևոր ազգականներիս հետ, ինչպիսին էր եղբորս` Ռուբենի կինը` Հասմիկ Տերտերյանը, սկսեցի բացահայտել՝ հարգանքով, բայց նաև մեծ հետաքրքրությամբ՝ մարդկանց, որոնց երբեք չէի հանդիպել, բայց որոնք ամենահիասքանչ գործերն են անում Տերտերյանի ժառանգության շուրջ։

Ի՞նչ է նշանակում Ձեզ համար Ավետ Տերտերյանի երաժշտությունը։ Կարո՞ղ է այն լինել Ձեր հոր հետ կապվելու միջոց։

Չեմ կարծում, թե կարող եմ միայն մեկ պատասխան տալ այս հարցին։ Բայց այո, դա նրան ճանաչելու եղանակ է։ Նրա երաժշտությունը կշարունակի ապրել բոլորիս համար։ Կարծում եմ՝ նա ինձ հետ է իր երաժշտությամբ և իմ յուրաքանչյուր քայլում։ Ես զգում եմ նրա ներկայությունը։

Ինչ վերաբերում է երաժշտությանը, այն ինձ անընդհատ զարմացնում է, և ես կարող եմ նորից ու նորից լսել նրա գործերը՝ գտնելով նոր նրբերանգներ։ Հիացած եմ, թե ինչպես էր իրապես միավորում երաժշտությունը՝ լայնագույն իմաստով, առանց սահմանների ու համարձակորեն։ Նրա կարողությունը՝ օգտագործելու բոլոր հնչյուններն ու նույնիսկ լռությունը, հզոր է։ Նա ուներ պարգև՝ մեզ տալու բարձրագույն փորձառություններ՝ լինելով միաժամանակ ժամանակակից ու գրավիչ, ավանդականից անցում կատարելով նորարարականի։ Կարծում եմ՝ նա անզուգական է։

Ի՞նչ եք անում այժմ։ Ինչպե՞ս է Ձեր հոր կերպարը ազդել Ձեր գործունեության վրա։

Ինչպես արդեն ասացի, ես աշխատում եմ երաժշտական ոլորտում։ Իմ ու իմ թիմի նպատակը էստոնական երաժշտական ինդուստրիան ներկայացնելն է բոլոր ժանրերում և միջազգային կապերի ապահովումն է։ Տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ ենք և օգնում ենք ձևավորել երաժշտական ոլորտը աշխարհում։

Կարծում եմ՝ հորս կերպարը՝ համաձայն կարդացածիս, ղեկավարման իր մեծ կարողություններով, ակտիվությամբ՝ Կոմպոզիտորների միությունում, Մշակույթի նախարարությունում և որպես Ավստրիա-Հայաստան բարեկամության միության նախագահ, ինձ ցույց է տալիս, որ մենք նման հմտություններ ունենք։ Եվ ինչպես ուրիշներն են ասել՝ նա միջազգային ինդուստրիայի հետ կապող օղակ էր։ Նրա մահից հետո, երբ ես ընդամենը չորս տարեկան էի, արդեն որոշված էր որ մշակութային ոլորտում եմ աշխատելու։ Դա պարզապես իմ մեջ էր․ նրա կերպարը ինձ համար խորհրդանշում էր մի բան, որ միավորում է, տարածվում ավելի լայն՝ ինչպես նրա երաժշտությունը։

Եթե խոսենք կապերի մասին, իմ առաջին աշխատավայրը Էստոնիայի Ազգային գրադարանում ավստրիական ընթերցասրահն էր, քանի որ իմ առաջին կրթությունը գերմաներեն լեզվի և մշակույթի ոլորտում էր։ Կարծում եմ՝ իսկական նմանությունը, որը երևում է նաև նրա ստեղծագործություններում, միջոլորտային ստեղծագործությունն է։ Ես, չլինելով արվեստագետ, բայց լինելով  ստեղծարար մարդ, հենց դրանով եմ հետաքրքրված. ստեղծագործ խաչաձեւ համագործակցությամբ։

Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

Ես երազում եմ, որ նրա ժառանգությունը պայծառ փայլի։ Հիանալի անակնկալ էր տեսնել, որ նրա տունը Հայրավանքում վերակառուցվում է, և այլ զարգացումներ են տեղի ունենում նրա ստեղծագործությունների շուրջ։ Ես նաև հույս ունեմ, որ Դիլիջանի հիանալի տարածքը ավելի ակտիվորեն կօգտագործվի տարբեր տեսակի երաժշտության համար, և որ նրա այնտեղ գտնվող տունը կվերանորոգվի։ Ես անչափ ուրախ էի Հայաստանում հանդիպել հիասքանչ ու իսկապես բարի մարդկանց, ովքեր մեծ գաղափարներ ունեն։ Նախ և առաջ կուզենայի պարզապես լինել այդ ամենի մասնակիցը։ Ես երազում եմ, որ նրա գործերը ավելի ու ավելի հաճախ կատարվեն միջազգային հարթակներում, և որ չորս տարի անց նրա 100-ամյակը արժանի ձևով նշվի։

Գլխավոր նկարում Ավե Սոֆիա Դեմելեմեստր։ Լուս. Օդե-Էլիսաբեթ Էլիաս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter