HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության այցն Իրան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում:

«Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն Իրանի Շիրազ քաղաքում հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նահանգապետին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը։

Ժաննա Անդրեասյանը նաև վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ վերջերս Հայաստան կատարած այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխհամագործակցության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պերսեպոլիս համալիրում այսօր կայանալիք համերգը, որը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումն ունի բացառիկ նշանակություն ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակման, այլև Հայաստան–Իրան բարեկամական հարաբերությունների խորացման առումով։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆարսի նահանգապետին՝ համերգի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար։

«Նմանօրինակ բացառիկ հարթակներում մշակութային միջոցառումների անցկացումը կրում է խորհրդանշական և խորքային մշակութային նշանակություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա նաև շեշտել է՝ Հայաստան–Իրան հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, իսկ Ֆարսի նահանգը՝ իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, կարող է ծառայել որպես եզակի կամուրջ երկու ժողովուրդների միջև։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Իրանի հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ այն երկրի հնագույն և լավագույնս ինտեգրված համայնքներից է։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ընդգծվել է նաև երկու երկրներում հավատարմագրված դեսպանների արդյունավետ աշխատանքն ու մեծ դերակատարումը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև միջմարզային համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքներից մեկը մոտ ապագայում նախատեսվում է հռչակել Շիրազի քույր քաղաք։

Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի համար ռազմավարական գործընկեր է և բարեկամ երկիր: Նա ընդգծել է՝ երկու երկրների պատմական և մշակութային կապերը պարտավորեցնում են շարունակաբար զարգացնել և խորացնել համագործակցությունը։

Նահանգապետը հատուկ կարևորել է նաև Պերսեպոլիսում նախատեսված համերգի նշանակությունը՝ շեշտելով, որ այն բացառիկ առիթ է, որը վկայում է երկու ժողովուրդների մշակութային փոխհարստացման մասին և կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

«Երաժշտությունը սրտի լեզու է, և լավ է, որ այս հարաբերություններն ամրպնդվում են երաժշտությամբ»,- ասել է նահանգապետը:

Ամփոփելով խոսքը՝ Հոսեյն Ալի Ամիրին վերահաստատել է Ֆարսի նահանգի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստան–Իրան հարաբերությունների խորացմանը, հատկապես մշակութային և միջմարզային համագործակցության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆարս նահանգում մշակութային նոր ծրագրերի և միջոցառումների անցկացման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի խորացմանը՝ ներառյալ համատեղ ցուցահանդեսներ, պատմամշակութային թեմատիկ»,-ասված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter