HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է «Արհեստական բանականությունը և կրթության ապագան» խորագրով միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-4-ը մասնակցում է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականությունը և կրթության ապագան» խորագրով միջոցառմանը: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Այն նպատակ ունի ձևավորելու ուղիներ կրթության մեջ արհեստական բանականության արդար, էթիկական և մարդակենտրոն ինտեգրման համար՝ տեխնոլոգիան դիտարկելով որպես համընդհանուր և ներառական առաջընթացի շարժիչ ուժ։

Պատվիրակության կազմում ընդգրկված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը: Միջոցառմանը մասնակցում են նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը և հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել նախարարական նիստում՝ կարևորելով արհեստական բանականության (ԱԲ) դերը կրթական գործընթացներում: Նա շեշտել է, որ կրթությունը ՀՀ մրցունակության և ներառական աճի առանցքային գործոններից է: Նախարարի տեղակալի խոսքով՝ լայնամասշտաբ կրթական բարեփոխումների, այդ թվում՝ չափորոշչի վերանայման միջոցով ավելի մեծ ուշադրություն է դարձվում ԲՏՃՄ և ապագային միտված հմտությունների ձևավորմանը՝ թվային գրագիտության ու համակարգչային գիտության ուսուցումը սկսելով տարրական դասարաններից։

«Արհեստական բանականության խորացված կրթությունը և ԱԲ գրագիտությունը դառնում են ուսումնական պլանի բաղադրիչ՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով հայաստանյան աշակերտների համար՝ լինելու ոչ միայն տեխնոլոգիաների օգտագործողներ, այլև ստեղծողներ ու նորարարներ ԱԲ ոլորտում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պետական ու մասնավոր հատվածների համատեղ նախաձեռնություններին՝ որպես հաջողված օրինակներ ներկայացնելով FAST հիմնադրամի, Synopsys Armenia-ի և TUMO կենտրոնի հետ համագործակցությունը, որոնց միջոցով Հայաստանում իրականացվում են նորարարական կրթական ծրագրեր: Նա ընդգծել է՝ Հայաստանում այս ծրագրերը դիտարկվում են ոչ միայն ընթացիկ բարեփոխումներ, այլև երկրի կրթական համակարգի զարգացման հիմնասյուներ։ Նա նշել է նաև, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է ընդլայնել 2023-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և FAST-ի կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը և Հայաստանում ավագ դպրոցականների 85%-ից ավելիին հասանելի դարձնել խորացված ԱԲ կրթություն ստանալու հնարավորությունը։

Ծրագրի շնորհիվ հազարավոր շրջանավարտներ կդառնան ոչ միայն ԱԲ-ի օգտատերեր, այլև ստեղծարարներ ու նորարարներ։

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է,որ Հայաստանը,որպես փոքր պետություն, կարող է դառնալ միջազգային փորձառության լաբորատորիա մեծ պետությունների համար՝ հնարավորություն տալով փորձարկել, թե ինչպես կարելի է ԱԲ-ն արդյունավետ ձևով ինտեգրել կրթական համակարգում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter