HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մեղադրանքը բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի»․ Գարեգին Խումարյան

Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ամոթալի փորձ է որակում իր անվան շուրջ ծագած աղմուկն ու իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ ապացույցներ կեղծելու մեղադրանքով։

«Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի, այսպես կոչված, մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին։ Մեղադրանքը բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ, է քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Գարեգին Խումարյանը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Խումարյանը հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում և վարչական գործով դատավարական փաստաթուղթ հանդիսացող՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրենը հիշյալ միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ վիճարկվող որոշումներով իր իրավունքների խախտման փաստի մասին տեղեկանալու պահից գործազուրկ է եղել և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված, սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հայցադիմում: Վերջինս ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ դատարան է ներկայացրել եկամուտների վերաբերյալ տեղեկություն, ըստ որի տվյալ ժամանակահատվածի համար աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ չի ստացել, մինչդեռ ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել նշված դատավարական փաստաթղթի մեջ՝ այդ կերպ կեղծելով հիշյալ դատավարական փաստաթուղթը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ դատարան ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ կեղծ դատավարական փաստաթուղթ հանդիսացող միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել վարույթ:

Գարեգին Խումարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter