HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիան» ու «Շիրակ Ավիան» դժգոհ են Կառավարության որոշումից. ՏԿԵՆ-ը պատրաստ է առաջարկներ քննարկել

Կառավարությունն այս տարվա ապրիլի 23-ին ընդունել է դեպի Հայաստան օդային ուղեւորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիր: Դրանով գործադիրը որոշել է ֆինանսական աջակցություն տրամադրել նոր ուղղություններով դեպի Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, որոնք կբավարարեն մի շարք նախապայմաններ:

Ըստ ծրագրի՝ Երեւան փոխադրված յուրաքանչյուր ուղեւորի համար տվյալ ավիաընկերությունը կստանա 20.000 դրամ աջակցություն, իսկ Գյումրի փոխադրված ուղեւորի համար՝ 15.000 դրամ:

Ծրագրից կարող են օգտվել թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան փոխադրողները: Ընդ որում՝ արդեն հայտնի է, որ հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից սկսելու է Լառնակա (Կիպրոս)-Գյումրի-Լառնակա չվերթեր: Wizz Air-ը առաջինն է, որ Կառավարության որոշումից հետո անցել է գործնական քայլերի: Այս օպերատորի կողմից սպասվում են նոր ուղղություններ նաեւ դեպի Երեւան: Մանրամասներին անդրադարձել ենք նախորդ հոդվածում:

Գործադիրի որոշումից 3 օր անց՝ ապրիլի 26-ին, հայտարարություն տարածեցին այս պահին միջազգային կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող հայկական 3 ավիաընկերություններից 2-ը՝ «Ֆլայուան Արմենիան» եւ «Շիրակ Ավիան»:

Ըստ այդմ՝ Կառավարության որոշման նախագիծը չի համաձայնեցվել տեղական փոխադրողների հետ եւ «չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից»։

«Մեր խորին համոզմամբ՝ նման ծրագիրը, որի հայտարարված նպատակը զբոսաշրջության խթանումն է, ներկայիս ձեւով կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետեւանքներ, որոնք կարող են լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները եւ է՛լ ավելի խորացնել առանց այն էլ առկա անհավասար մրցակցության պայմաններն օտարերկրյա ավիափոխադրողների հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ ավիացիոն ոլորտը գտնվում է ԵՄ եւ մի շարք այլ երկրների (Իսրայել, ԱՄԷ եւ այլն), այսպես կոչված, «սեւ ցուցակում»։

Մտահոգիչ է, որ ՀՀ կառավարության նիստի ընթացքում հնչել են տեղեկություններ, որոնք տպավորություն են ստեղծել, թե նախագիծը ընդունելի է ՀՀ-ում գործող տեղական ավիափոխադրողների համար, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ պետական պատկան մարմիններին թե՛ գրավոր, թե՛ բանավոր կերպով տեղեկացվել է այս որոշման նկատմամբ տեղական ավիափոխադրողնորի բացասական դիրքորոշման մասին, ինչը հաշվի չի առնվել նախագծի հեղինակների կողմից։

Կարեւորելով ՀՀ ազգային շահերի առաջնահերթությունը՝ կոչ ենք անում սահմանել տեղական ավիափոխադրողների օրինական շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ»,- ասված է «Ֆլայուան Արմենիայի» եւ «Շիրակ Ավիայի» համատեղ հայտարարության մեջ:

ՀՀ-ում ավիացիոն ոլորտի քաղաքականության պատասխանատուն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Հենց վերջինս էլ ներկայացրել էր տեղական փոխադրողների բացասական արձագանքին արժանացած նախագիծը: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրել էինք, թե ինչպես կմեկնաբանի ընդունված ծրագրի վերաբերյալ հայկական ավիաընկերությունների քննադատությունը եւ ինչպես կարող է փարատել նրանց մտահոգությունները:

Հարցմանը պատասխանել է տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը: 

«ՏԿԵՆ-ը հետեւողականորեն առաջնորդվում է հավասար եւ ոչ խտրական պայմանների ապահովման, ազատ եւ արդար մրցակցության խթանման, ինչպես նաեւ շահերի հավասարակշռման սկզբունքներով: Այս մոտեցումը բխում է նաեւ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից: Աջակցության ծրագրի շրջանակում ցանկացած տեղական եւ օտարերկրյա [Հայաստանում] բազավորված ավիաընկերություն, որը բավարարում է որոշման հավելվածով սահմանված՝ աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները, կարող է դիմել՝ ծրագրի շահառու դառնալու նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը քննարկել որոշման վերաբերյալ հստակ եւ առարկայական ներկայացված ցանկացած առաջարկ»,- «Հետքին» փոխանցել է փոխնախարար Սիմոնյանը:

Լուսանկարում՝ վերեւում՝ «Ֆլայուան Արմենիայի» Airbus A321 ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-FOD)՝ Սոչիում, 14.07.2025 (հեղ.՝ Թիմուր Զարիպով), ներքեւում՝ «Շիրակ Ավիայի» Boeing 737-500 ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-SHA)՝ Մոսկվայում, 26.11.2024 (հեղ.՝ Ալեքսանդր Լեբեդեւ), աղբյուրը՝ jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter