HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Դավթյան

Կյանքը սարերում. խոտհունձի օրեր

Վարդենիկի մի քանի ընտանիքի ամառային կյանքն անցնում է Ազզներ կոչվող սարատեղում։ Ամեն գարուն, երբ ձյունը հալչում է, նրանք ընտանիքով բարձրանում են սար՝ անասուններին պահելու և ձմռան համար խոտ հավաքելու։ 

«Երբ գարունը բացվում է, ընտանիքով հավաքում ենք մեր վեշերը ու բարձրանում սար։ Էստեղ անասուն պահելը հեշտ է․ առավոտը գնում են արածելու, իրիկունը՝ գալիս։ Մենք էլ կթում ենք, կաթը զտում, պանիր ու կարագ ստանում», – պատմում է Թեհմինե Ավետիսյանը: 

Ամառային աշխատանքի ամենածանր ու պատասխանատու փուլը խոտհունձն է։ Գյուղացիների խոսքով՝ հենց խոտն է ապահովում անասունների ձմեռվա կերը, եթե այն բավարար չլինի, անասուն պահելը գրեթե անհնար է դառնում։

«Օգոստոսին սկսում ենք խոտը հավաքել։ Նախ քաղում ենք, հետո ծոր անում, թողնում, որ չորանա ու պրեսով կապում։ Ավտոն գալիս է, բարձում ենք, տանում գյուղ ու դեզեր դնում։ Էդ դեզերը անասունների ձմեռվա հացն են։ Եթե խոտ չլինի, անասուն էլ չես կարող պահել։ Աշնանը՝ մինչև հոկտեմբերի սկիզբը, դրանով ենք զբաղվում», – պատմում է Թեհմինե Ավետիսյանը։

25-ամյա Արթուրը, որ վերջերս է նշանվել, այս օրերին ամեն օր սարերում է։ Դժվար է նշանածից հեռու լինել, երբ հեռախոսային կապ չկա, բայց նա է խոտը կապում, որ տեղափոխի: 

«Խոտհունձի ամեն փուլ շատ կարևոր է։ Տուկերը շարելու պրոցեսը մի տեսակ արվեստ է․ ճիշտ պիտի դասավորվի, որ ճանապարհին չթափվի։ Եթե լավ չկապես, խոտը կփչանա, եթե ժամանակին չհավաքես, կվառվի արևի տակ։ Խոտը մեր ամենամեծ հարստությունն է։ Դրանից են կախված և՛ կաթը, և՛ միսը։ Դրա համար ուժ չենք խնայում։ Հիմա օր ու գիշեր սարում ենք, որ հասցնենք մինչև անձրևները սկսվելը», – ասում է Արթուրը։

Չնայած բոլոր դժվարություններին՝ այստեղ ապրողներն ասում են, որ սար բարձրանալու ու խոտի գործը վազվզոցով անելու մեջ նաև ուրախություն կա, չնայած, եթե այսօրվա գործը թողնես վաղվան, չես հասցնի անել։

«Հեշտ բան չի, բայց սովորել ենք։ Մեզանից առաջ էլ մեր ծնողները սար էին գալիս։ Հիմա մենք ենք շարունակում։ Խոտը մեր կյանքի հիմքն է։ Եթե չլինի՝ ո՛չ անասուն կլինի, ո՛չ գյուղում ապրուստ։ Դրա համար էլ ամառը սարից չենք իջնում, մինչև վերջին կապը չավարտվի»,- ասում է Թեհմինեն։

Հեկտեմբերի վերջին, երբ եղանակը սկսի ցրտել, Ազզների բնակիչները կիջնեն գյուղ, արդեն դիզած խոտը կօգտագործեն՝ ձմեռը անցկացնելու համար, իսկ գարնան սկզբից նորից կբարձրանան սարատեղ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter