HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդի և Թումանյան համայնքի բնակիչները դժգոհում են․ շտապօգնության բրիգադը հաճախ ուշանում է

Ժենյա Գևորգյան

Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքի 38 բնակավայրերը սպասարկում է շտապօգնության երկու բրիգադ։ Քաղաքացի Նոնա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և պատմել, որ այս տարվա մարտի 25-ին շտապօգնության կանչ են գրանցել իր պապիկի համար, սակայն շտապօգնությունը չի եկել, տեղում նրան բուժօգնություն է ցուցաբերել թաղամասային բժշկուհին: 

«Զանգեցինք, բայց շտապի բրիգադը Վանաձոր էր գնացել, դրա համար չկարողացավ գալ։ 1 ժամ 40 րոպե հետո զանգեցին, ասացին՝ գանք, բայց էլ պետք չէր, պապիկս նստած հաց էր ուտում»,- նշում է Նոնա Խաչատրյանը։ 

Նոնա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը որևէ արձագանք չի ստացել, նա խնդրի մասին գրավոր տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որն էլ պատասխանել է, որ կանդրադառնա այդ խնդրին։

Երկրորդ անգամ Նոնա Խաչատրյանը նույն խնդրի մասին գրառում է կատարել օգոստոսի 10-ին, քանի որ Ալավերդի համայնքում այդպես էլ շտապօգնության բրիգադ կամ մեքենա չի ավելացել։ Նոնա Խաչատրյանի գրառման տակ մեկնաբանություններ են գրել այլ ալավերդցիներ, որ իրենք ևս բախվել են նույն խնդրին․ շտապօգնությունը ուշանում է, և հաճախ, երբ հասնում է հիվանդին, արդեն ուշ է լինում։ 

Ֆեյսբուքյան սոցիալական տիրույթում նույն թեմայով գրառումներ և մեկնաբանություններ կան, որոնք այդպես էլ արձագանք չեն ստացել:  

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ալավերդի համայնքի մշտական բնակչությունը 33 հազար է։ Համայնքի կազմում ընդգրկված է 29 բնակավայր՝  Ալավերդի, Ախթալա, Շամլուղ քաղաքները և 26 գյուղ:

Զանգահարեցինք Ալավերդու համայնքապետարան, հասկանալու՝ տեղյակ են շտապ բուժօգնության սպասարկման ոլորտում տիրող իրավիճակից: Մեր հեռախոսազանգին պատասխանող տղամարդը չցանկացավ ներկայանալ: Միայն հայտնեց, որ հիմա համայնքում սպասարկում է 2 բրիգադ։ 

Մեր հարցմանն ի պատասխան՝ Ալավերդու բժշկական կենտրոնից հաստատեցին, որ համայնքում աշխատում է շտապօգնության 2 բրիգադ, սակայն սպասարկում է ոչ միայն Ալավերդի, այլ նաև Թումանյան համայնքին միաժամանակ։ Կան դժվարանցանելի շրջաններ, որտեղ մեքենան հազիվ է հասնում։ Օրինակ՝ Թումանյանի տարածաշրջանը ռելիեֆային շատ բարդ կառուցվածք ունի, և կան գյուղական բնակավայրեր, որոնք սպասարկման կետից հեռու են 60-70 կմ եւ գտնվում են բարձր լեռնային գոտում, օրինակ` Լորուտը, Ահնիձորը, Շամուտը, Աթան, Ջիլիզան։ Այսինքն 38 բնակավայր՝ ընդհանուր մոտ 40 հազար բնակչությամբ, սպասարկում է շտապօգնության 2 բրիգադ։

Համաձայն Առողջապահության նախարարի հրամանի` շտապ բժշկական օգնության բրիգադների ձևավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20.000 բնակչին առնվազն մեկ բրիգադ սկզբունքով: Մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն, 20 կմ-ից ավելիի դեպքում ՝ 30 րոպեն։ Սակայն, ըստ բնակիչների բողոքների՝ շտապօգնությունը զանգից մեկ-երկու ժամ հետո է ժամանում։ 

Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերի շտապօգնության կանչերը կոորդինացվում են Գյումրիում գտնվող հյուսիսային օպերատիվ կառավարման կենտրոնից: Ալավերդու ԲԿ-ից նշում են, որ դժվար է Գյումրիից կառավարել Ալավերդու կանչերը, դրանով են պայմանավորված նաև ուշացումները։ 

Ալավերդու ԲԿ-ից մեզ պատասխանել են, որ բարեփոխման գործընթացը մեկնարկել է, այն կավարտվի մեկ ամսից, և առաջիկայում Ալավերդու շտապօգնության ծառայությունը ևս կմիանա Հանրապետական շտապօգնության ծառայությանը: Մեր հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից նշեցին, որ բարեփոխման շրջանակներում նախատեսում են շտապօգնության ծառայությունը 2 բժշկական աշխատախմբով համալրել և իրականացնել ավտոպարկի թարմացումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter