
Քանաքեռ-Զեյթունի թաղապետին պատկանող տարածքում շինարարություն է իրականացվել շինթույլտվության տրամադրումից առաջ
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 42 հասցեում ամիսներ առաջ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Կառուցվում էր տարածքում գտնվող առևտրի սրահի երկրորդ հարկը։ Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ կառուցապատողը շինարարությունն իրականացնելու թույլտվություն ստացել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Սակայն, մեզ մոտ առկա նկարները փաստում են, որ կառուցապատողը շինարարությունը սկսել է մինչև համապատասխան թույլտվություն ստանալը։
Պարույր Սևակի 42 հասցեում գտնվող հողամասը, դրա վրա առկա շինությունները՝ բնակելի տունը, առևտրի սրահը և ավտոտնակը, պատկանում են Արտակ Հովակիմյանին և նրա կնոջը՝ Էվելինա Սեդրակյանին։ Արտակ Հովակիմյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է։
Արտակ Հովակիմյանը վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022 թվականի հուլիսին՝ Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։
Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2023-ի ավագանու ընտրությունների ժամանակ ընդգրկված էր ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
Մի կարճ շրջան էլ Հովակիմյանը զբաղեցրել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
Արտակ Հովակիմյանը Պարյուր Սևակի 42 հասցեում գտնվող տարածքը ձեռք է բերել 2016 թվականին։ Ինչպես երևում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից, տարածքի գնումը կատարվել է վարկային միջոցներով։
Ուսումնասիրելով «Գուգլ»-ի քարտեզներում առկա տարածքի լուսանկարները՝ պարզ է դառնում, որ առևտրի սրահի շինարարությունը Հովակիմյանը սկսել է տարածքը ձեռք բերելուց անմիջապես հետո։
Շինարարությունից հետո առևտրի սրահի դիմացի հատվածում կայանատեղի է ստեղծվել, կատարվել են գծանշման աշխատանքներ։ Ուսումնասիրելով 2016 և 2017 թվականներին արված լուսանկարները՝ երևում է, որ տարածքում առկա ծառը հատվել է։
Սկզբում այդ տարածքում գործել է արագ սննդի կետ, որը շահագործել է «Բիգ բիո» ՍՊԸ-ն։ Ընկերությունը պատկանում է Արտակ Հովակիմյանին։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ընկերության գործունեությունն այժմ դադարեցված է։
Այնուհետև տարածքում գործել է սանտեխնիկայի խանութ։ Իսկ 2025 թվականից տարածքը վարձակալում է «Թթենի մարկետ» ՍՊԸ-ն։
Առևտրի սրահի նորակառույց հարկի վրա փակցված ցուցանակը ազդարարում է, որ այդ տարածքը ևս վարձակալության է տրվում։
2025թ․ մարտի 23-ին Արտակ Հովակիմյանը ստացել է նախագծման թույլտվություն, իսկ ապրիլի 28-ին՝ շինարարության թույլտվություն։
«2GIS» հարթակում առկա, 2025 թվականի ապրիլի 22-ին արված լուսանկարում երևում է, որ շինարարությունն այդ պահին արդեն մեկնարկած է։ Տեսանելի են տեղադրված ապակիները և տանիքի բետոնե հատվածը։
2008 թվականին ընդունված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը «սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ»։
Այսինքն՝ պաշտոնյան, որը պետք է վերահսկեր, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում առանց շինարարության թույլտվության կառուցապատում չարվեր, հենց ինքն է իրականացրել շինարարություն՝ չսպասելով թույլտվությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում հարցին, թե ինչու են առանց շինթույլտվության շինաշխատանքներ կատարել, Արտակ Հովակիմյանը պատասխանեց, որ իրականացվել են ոչ թե շինարարական, այլ քանդման աշխատանքներ։
Հովակիմյանի խոսքով՝ մինչև թույլտվության ստանալը, իրականացրել է միայն քանդման աշխատանքներ։
«Ասեմ ավելին՝ ես տարածքը վարձով եմ տվել, պայմանագրով աշխատանքները կատարում են վարձակալները, որոնք ինձ հետ կապ չունեն։ Ես իմ ստացած եկամտից հարկեր եմ վճարում, ու որևիցե խնդիր չկա։ Այդ շինություններն էլ գնվել է, եթե չեմ սխալվում, 10 տարի առաջ՝ հիփոթեքային վարկով։ Մենք` ես և կինս, հիփոթեք ենք մարում մինչև հիմա։ Իսկ քանի որ տարածքը «Թթենի» սուպերմարկետին տվեցինք վարձակալությամբ, վարձակալության ընթացքում առաջացած եկամուտը փորձեցինք ներդնել երկրորդ հարկի վերակառուցման համար, որպեսզի ավելի շահավետ լինի այդ ամենը։ Ամեն ինչ օրենքի շրջանակներում է»,- ասաց Քանաքեռ-Զեյթունի թաղապետը։
Չնայած Հովակիմյանի հավաստիացումներին, որ նախքան շինթույլտվություն ստանալը շինարարություն չի իրականացվել, ապրիլի 22-ին արված լուսանկարը այլ բան է փաստում։ Նկարում երևում է, որ ոչ միայն կատարվել են քանդման աշխատանքներ, այլև իրականացվել է շինաշխատանքների մի մասը։
Հովակիմյանին նաև հարցրինք, թե ինչպես է ստացվել, որ իր կողմից տարածքը ձեռք բերելուց և առևտրի սրահը կառուցելուց հետո դրա դիմացի մայթը նեղացել է, իսկ լուսանկարներում երևացող կանաչ ծառը՝ հատվել։ Նա պատասխանեց, որ մայթը չի նեղացվել, ավելին՝ բարեկարգվել է, տեղադրվել են տոմետներ։ Իսկ թե ինչպես է հատվել ծառը, տեղեկություն չունի։
«Եթե դուք նայեք Գուգլով, անգամ երևում է, որ մենք այն ժամանակ եզրաքարերով փակել ենք, որ այդ ծառին որևէ մեկը չկպնի։ Դրանից հետո երևի ծառը վնասվել է, հանել են, ասֆալտապատել են ամբողջ փողոցը։ Դա արդեն ես չեմ կարող ասել, թե երբ է եղել»,- ասաց Հովակիմյանը։
«Իսկ ինչպես է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանը տրամադրել է շինարարության թույլտվություն այն պայմաններում, երբ շինարարությունն արդեն իսկ մեկնարկել էր». այս հարցն ուղղել ենք քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային երկրորդ բաժնի պետ Արտակ Սարգսյանին։
Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չունեն տեղեկություն, որ այդ տարածքում նախքան թույլտվությունը, շինարարություն է տեղի ունեցել։
«Համակարգը դա ցույց չի տալիս։ Եթե տուգանած լինեին կամ դադարեցրած շինարարությունը, համակարգով մենք կտեսնեինք։ Համակարգը մաքուր է եղել, ոչ մի բան ցույց չի տվել, մենք էլ տեղատեսություն չենք անում, «Urban» համակարգով մեզ հայտ է գալիս, մենք նայում ենք փաստաթղթերի համապատասխանությունը օրենքին։ Կոնկրետ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը չի զբաղվում վերահսկողությամբ, դրա համար կան համապատասխան ստորաբաժանումներ, ուստի մենք չենք գնում տեղում նայում, մենք օգտվում ենք հանրամատչելի կայքերից, օրինակ՝ «Յանդեքսից», «Գուգլից»։ Տեսել ենք, որ նորմալ է, նկարներն էլ գործին կցված են եղել, ու մենք շինթույլտվությունը տվել ենք»,- ասաց Սարգսյանը։
Մեկնաբանել