Ընկերական խորհուրդ՝ ջահելներին. Չարլզ Բուքովսկի
«..ձեռք բեր մի մեծ գրամեքենա
ու մինչ մարդիկ քայլում են
լուսամուտիդ մոտ
խփիր
ուժեղ խփիր
ծանր քաշայինի պես
առաջին անգամ ցլին խփող ցլամարտիկի պես
հիշիր հին գելերին
որ գիտեին կռվել՝
Հեմինգուեյը, Սելինը, Դոստոևսկին, Համսունը:
եթե կարծում ես, թե նրանք չէին գժվում
փոքրիկ սենյակներում
ոնց որ դու հիմա
առանց կնկա
առանց ուտելիքի
առանց հույսի,
ուրեմն դեռ պատրաստ չես:
էլի գարեջուր հուպ տուր:
ժամանակ շատ կա:
իսկ եթե չկա,
էլի վնաս
չէ»,- գրում է Բուքովսկին, ում պոեզիան և արձակը 60-70 թթ․-ի Ամերիկայում գրական թունդ վեճեր է առաջացրել։ Ոմանք այն համարում էին ցինիկ և անպարկեշտ, ոմանք՝ «լուսանկարչական իրականություն», որտեղ կյանքը չի գունազարդվում, այլ ներկայանում է իր ողջ մերկությամբ` զավեշտով, ողբերգականությամբ, բնազդներով։ Նա գրում էր նրանց մասին, ում առավել լավ էր ճանաչում՝ հարբեցողների, թափառաշրջիկների, մարմնավաճառների, գինարբուքների ու հարբած ծեծկռտուքների մասին։
«Բռնցքամարտիկի պոեզիա»․ այսպես են հաճախ բնորոշում Բուքովսկու կարճ, կտրուկ հարվածներ ունեցող տեքստերը, որտեղ չկա ավելորդ բառ։
Լուսանկարի աղբյուրը՝ nathanbarrett.medium.com
1920թ․-ի օգոստոսի 16-ին Գերմանիայում ծնված բանաստեղծ, արձակագիր Չարլզ Բուքովսկու ընտանիքը շուտով տեղափոխվում է ԱՄՆ։ Բուքովսկին ամբողջ կյանքում գրել է իր հարազատ Լոս Անջելեսի՝ քաղաքի, մարդկանց, նրա սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրի մասին։
Մանկության տարիներին ընտանիքում պարբերաբար ֆիզիկական բռնության գործադրող հորը Բուքովսկին համարում էր առաջին «գրական ուսուցիչը»։
«Հայրս մեծ գրականության ուսուցիչ էր։ Նա ինձ սովորեցրեց հասկանալ ցավը՝ առանց պատճառի ցավի»,- ասում էր Չարլզ Բուքովսկին։
Առաջին անգամ Բուքովսկու գրվածքները տպագրվել են 1944թ․-ին, երբ Չարլզը 24 տարեկան էր։ Սկզբնական շրջանում չունենալով հաջողություն՝ Բուքովսկին հիասթափվում է և գրեթե տասը տարի ոչինչ չի գրում։ Այդ ժամանակահատվածը նա անվանում է «խմելու 10 տարիներ»։ Այդ ընթացքում նա աշխատում է մարինադի գործարանում, փոստային ծառայությունում, թափառում քաղաքով, վարձում էժանագին սենյակներ։ Այս «կորուսյալ» տարիները հետագայում դառնում են նրա կիսակենսագրական պատմագրության հիմքը։
«Կա՛մ ինձ ոտքի տակ կգցեն, կա՛մ կսկսեն բոլորը գրել՝ ինչպե՞ս ես»,-ասում էր Բուքովսկին։
Մեծ ճանաչման Բուքովսկին հասավ հիսուն տարեկանից հետո։
Լուսանկարի աղբյուրը՝ www.dasfotoportal.de © Abe Frajndlich
«...շատ կանանց հետ պիտի լինես
գեղեցիկ կանանց հետ
ու մի քանի կարգին սիրային բանաստեղծություն պիտի
գրես:
տարիքի մասին դարդ չանես
և/կամ թարմ-թարմ ժամանած տաղանդների մասին:
ավելի շատ խմիր գարեջուր
ավելի ու ավելի շատ,
առնվազն շաբաթը մեկ գնա
ձիարշավարան
ու շահիր
եթե հնարավոր է:
հեշտ բան չէ շահել սովորելը –
ամեն լակոտ կարող է լավ տանուլ տվող լինել:
չմոռանաս քո Բրամսը
քո Բախը ու
Գարեջուրը..»,- հատված Բուքովսկու «ինչպես դառնալ մեծ գրող» բանաստեղծությունից։
Բուքովսկին մահացել է 1994թ․-ին, 73 տարեկանում։
«Եթե փորձելու ես, գնա մինչև վերջ։ Հակառակ դեպքում՝ նույնիսկ մի՛ սկսիր»,- գրում է նա, իսկ մնացածին հորդորում՝
«Գնացեք Տիբեթ:
Ուղտ քշեք:
Աստվածաշունչ կարդացեք:
Կապույտ ներկեք կոշիկները:
Մորուք պահեք:
Թղթե նավակով պտտվեք աշխարհի շուրջը..․
Բայց բանաստեղծություն մի գրեք»:
Չարլզ Բուքովսկու գերեզմանաքարը, վրայի գրվածքը՝ «Don't try» (մի փորձիր)
Բուքովսկու բանաստեղծությունների հայերեն թարգ. Սամվել Մկրտչյանի
տես նաեւ՝ Չարլզ Բուքովսկի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել