
Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. վարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին
Այսօր տեղի ունեցած Կառավարության հերթական նիստին նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և շնորհավորել բոլորին այդ առիթով, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի և խորհրդարանական խմբակցության մասնակցությամբ մի շարք քննարկումներ են անցկացվել, տեքստի վերլուծություններ են եղել:
«Եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել: Եվ ես ուզում եմ կատարված աշխատանքի և աջակցության համար բոլորին շնորհակալություն հայտնել: Պետք է նաև արձանագրել, որ սրանով մեր աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ սկսվում է: Կա մի այսպիսի երևույթ, երբ սեղանին դրված է մի հարց, որը շարունակաբար չի լուծվում, այդ մի հարցը շարունակում է մնալ օրակարգում:
Երբ այդ հարցը լուծվում է, դրա լուծման արդյունքում առաջ են գալիս 10 այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և սա նորմալ է, տրամաբանական է, և զարգացումն այսպես է լինում: Այսինքն՝ լուծում ես հարց՝ դրա արդյունքում ի հայտ են գալիս նոր հարցեր, լուծում ես այդ հարցերը, դրա արդյունքում՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, ու այդ հարցերի հետ առնչվելու արդյունքում է, որ տեղի է ունենում զարգացումը:
Ես համոզված եմ, որ այս քայլով մենք դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ և նոր հարթություն, և այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան, իհարկե, պետք է ավելին լինի, մեր աշխատանքի արդյունավետությունը պետք է ավելին լինի:
Առջևում շատ մեջ աշխատանք կա անելու, բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ և ստեղծագործ աշխատանք է, և մենք բոլորս պետք է առավելագույն կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ժողովրդավարական երկրում քաղաքական պաշտոնյա լինելը հանրային, հրապարակային գործունեություն է, որտեղ հանրային հաղորդակցությունն ունի առանցքային նշանակություն. «Մարդիկ, մեր քաղաքացիները պետք է հասկանան՝ մենք ինչ ենք անում, ինչու ենք անում, ինչն է, որ չի ստացվում և ինչն է դրա պատճառը, ինչն է, որ ստացվում է և ինչի արդյունքում է այդ ամեն ինչը ստացվում:
Նույնիսկ ամենամեծ ձեռքբերումների պարագայում խնդրահարույց է, եթե այդ հաջողությունների ծագումնաբանությունը հասկանալի չլինի հանրությանը՝ ինչը, ինչու, ինչպես տեղի ունեցավ, և որոնք են այն ենթատեքստերը, համատեքստերը, մոտիվացիաները, որոնք բերում են նման իրավիճակների, արդյունքների:
Կարծում եմ, որ առաջիկայում բոլորս, Կառավարության անդամները, հատկապես քաղաքական ներկայացուցիչները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք հանրային հաղորդակցությանը, մեր աշխատանքի նրբությունները, նպատակները, տեքստերը, ենթատեքստերը, համատեքստերը քաղաքացիներին ներկայացնելուն, նրանց հարցերին պատասխանելուն, նրանց մտահոգություններին արձագանքելուն: Եվ, իհարկե, այս ընթացքում մենք կարողանում ենք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, որը, գուցե, պաշտոնական թղթերում, փաստաթղթերում միշտ չէ, որ արտացոլված է լինում կամ այնպես չի արտացոլված լինում, որպեսզի մենք կարողանանք գնահատել տվյալ փաստի կարևորությունը:
Համենայն դեպս, այս նոր փուլում՝ խաղաղության ինստիտուցիոնալացման, ստեղծագործ փուլում, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»:
Մեկնաբանել